«Արդյունաբերության ոլորտը Միության տնտեսական համակարգի գլխավոր շարժիչ ուժերից է»,- երեկ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլանված կազմով նիստին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ գործնականում անիրագործելի է ապրանքների լիարժեք միասնական շուկայի ստեղծումը, առանց այդ ուղղությամբ համակարգված քաղաքականության մշակման:
Փաշինյանը նաեւ ընդգծել է, որ շահագրգռված են ԵԱՏՄ-ում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացմամբ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում: Նրա համոզմամբ՝ փաստաթղթի հիմնական դրույթների հետեւողական իրագործումը կնպաստի ընդհանուր առմամբ ողջ արդյունաբերական համալիրի կայուն զարգացմանը:
«Փաստաթղթի ամենակարեւոր ուղենիշերից է արդյունաբերության նորարարական զարգացման եւ թվային փոխակերպման համատեղ խթանումը: Հաշվի առնելով փոփոխվող տնտեսական կոնյունկտուրան` տնտեսությունների տեխնոլոգիական զարգացման նոր մակարդակին անցումը որոշիչ նշանակություն է ձեռք բերում: Թվային փոխակերպումը շարունակում է մնալ ինտեգրման հիմնասյուներից մեկը: Մենք ավանդաբար այն տեսակետին ենք, որ անհրաժեշտ է հետայսու եւս խորացնել համագործակցությունն այս ուղղությամբ: Վստահ եմ, որ Ռազմավարական ուղղությունների իրագործումը հեռանկարում թույլ կտա մեզ հասնել համաձայնեցված արդյունաբերական քաղաքականության եւ, այլ միջոցառումների հետ համատեղ, կծառայի Միությունում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացմանը», – ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունն ու անփոփոխ վճռականությունը` գործադրելու անհրաժեշտ բոլոր ջանքերը տնտեսական համագործակցության ոլորտների հետագա ընդլայնման եւ Միության ինտեգրման ներուժի հետեւողական բացահայտման համար:
Ըստ վարչապետի գրասենյակի՝ ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները քննարկել են օրակարգային հարցերը՝ ներառյալ զգայուն ապրանքների առանձին տեսակների արտահանումը կանոնակարգող միջոցների միավորումը, ԵԱՏՄ գյուղարտադրանքի շուկայի՝ բույսերի վտանգավոր վիրուսներից պաշտպանության միջոցները, Ղազախստանում արտադրվող եւ ԵԱՏՄ մյուս երկրներ տեղափոխման ենթակա ապրանքների համար սերիական արտադրանքի սերտիֆիկատի կիրառման ժամկետների երկարաձգումը: Ի գիտություն է ընդունվել էլեկտրոնային առեւտրի զարգացման մասին զեկույցը:
Հաստատվել են մինչեւ 2025 թվականը ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները: Անդրադարձ է եղել տիեզերական ծառայությունների ոլորտում համագործակցության հեռանկարներին։
Նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր:
Նախատեսվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Ղրղզստանի Հանրապետությունում՝ Իսիկ-Կուլում։
Կազանում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արդյունավետ է գնահատում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը:
«Ես ուզում եմ հատկապես նշել, թե ինչ դեր են խաղացել Ռուսաստանը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու գործում: Եվ ուզում եմ շեշտել, որ արդյունավետ եմ գնահատում ռուս խաղաղապահների գործունեությունը. սա մեզ համար արդեն ակնհայտ է», – Կազանում այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի վարչապետը շեշտել է, որ շարունակվում են եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները՝ սրա հետ մեկտեղ նշելով, թե Բաքուն չի կատարում է եռակողմ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։
«Բայց ես ուզում եմ նշել, որ, ցավոք, Ադրբեջանը դեռ չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շատ կարեւոր կետ, որը վերաբերում է ռազմագերիների, պատանդների եւ այլ ձերբակալվածների վերադարձին»,- Միշուստինի հետ հանդիպմանը ասել է Փաշինյանը՝ սրա հետ մեկտեղ շնորհակալություն հայտնելով Ռուսաստանին այն ջանքերի համար, որ ձեռնարկում է գերիների վերադարձի հարցը լուծելու համար։
Իր հերթին Ռուսաստանի վարչապետը Փաշինյանին փոխանցեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնը եւ նշեց, որ Մոսկվան գնահատում է Երեւանի հետ եղբայրական հարաբերությունները, դրանք ունեն երկարաժամկետ դաշնակցային եւ ռազմավարական բնույթ. «Ես առաջին հերթին կցանկանայի ձեզ ջերմ ողջույններ եւ բարեմաղթանքներ փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինից»:
Միշուստինը նաեւ նշել է, որ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունները, որոնք ընդունվել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո, մեծ հնարավորություններ են ստեղծում համատեղ աշխատանքի համար:
«Սա առաջին հերթին տնտեսական եւ տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակումն է, նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը: Այս ամենը պայմաններ կստեղծի Անդրկովկասի տարածաշրջանի կայուն զարգացման համար», – հայտարարել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը։
Ճանապարհների ապաշրջափակման կարեւորության մասին խոսելիս Միշուստինի հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել է, թե ապաշրջափակումը կարեւոր է ոչ միայն մեր տարածաշրջանի համար: Ճանապարհների բացումը, Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի խոսքով, թույլ կտա վերականգնել կապը Պարսից ծոցի եւ Սեւ ծովի, Պարսից ծովի եւ Ռուսաստանի միջեւ, ինչպես նաեւ կարող է կարեւոր գործոն դառնալ Եվրասիական տնտեսական միության զարգացման համար:
Ն.Հ.
ԱՂՄՈՒԿ՝ ՏՆՕՐԵՆԻ ՇՈՒՐՋ
Երեւանի քաղաքապետարանում «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի նշանակման շուրջ աղմուկ է բարձրացել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Դավիթ Մելքոնյանը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարության դեմ հայց է ներկայացրել դատարան, որ դատարանը Արա Աղայանին «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն նշանակելու մասին կարգադրագիրն անվավեր ճանաչի եւ, որպես հետեւանք, Հայկ Մարությանի եւ Արա Աղայանի միջեւ կնքված աշխատանքային պայմանագիրը վերացնի: Ենթադրելի է, որ Դավիթ Մելքոնյանը եղել է ՀՈԱԿ-ի նախկին տնօրենը, եւ դա է պատճառը, որ դիմել է դատարան եւ պահանջում է, որ պայամնագիրը չեղյալ հայտարարեն:
ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԻՆ ԳՏԵԼ ԵՆ
Օրերս ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Երեւանի Վերֆելի փողոցի խանութներից մեկում կրակոցներ են հնչել։ Որոշ ժամանակ անց ոստիկանությունում ահազանգ ստացվեց բժշկական կենտրոնից։
Հրազենային վիրավորումով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։ Սպանության փորձի եւ ապօրինի զենք կրելու, պահելու եւ օգտագործելու հատկանիշներով հարուցվեց քրեական գործ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հետախուզվողին հայտնաբերել են Կոտայքի մարզի Արագյուղ համայնքի տներից մեկում։ Նա բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին, ապա տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։
ՆԱԽԱՐԱՐԸ՝ ԳԵՐԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ադրբեջանի կողմից գերեվարված հայ ռազմագերիների հարցը Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի եւ նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հանդիպմանը քննարկված հիմնական թեմաներից է եղել։ Հիշեցնենք՝ դեռեւս Ադրբեջան մեկնելուց առաջ Լիտվայի ԱԳՆ ղեկավարը Երեւանում հայտարարել էր, որ Բաքվում կբարձրացնի հայ գերիների հարցը եւ կպահանջի նրանց ազատ արձակել։ Այս հայտարարությունները, ըստ երեւույթին, աննկատ չեն անցել Բաքվի կողմից, եւ համատեղ մամուլի ասուլիսում Ադրբեջանի ԱԳ նախարարը անդրադարձել է այդ թեմային։ Բայրամովը մի քանի անգամ կրկնել է, որ Եվրոպայի մի շարք երկրներ երկակի ստանդարտներ են ցուցաբերում, անտեսում են Ադրբեջանի շահերն ու աջակցում Հայաստանին։
ԴԻՄՈՒՄ՝ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ օրերս Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին դիմում է ներկայացրել Գրիգոր Սարգսյանը՝ հայտնելով, որ Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը 1997թ. փետրվարի 8-ին ՀՀ ԿԱ պետական ունեցվածքի հաշվառման եւ ապապետականացման վարչությանն առաջարկել է Մարքսի փողոցի թիվ 75 հասցեում գործող «Պոլոզ Մուկուչ» ճաշարանը, որը ձեւակերպել է որպես Գյումրու «Շիրակ գարեջրի ածիկ» ԲԲԸ տարածք, 3 միլիոն դրամով կոլեկտիվին վաճառել: Կոլեկտիվ ժողովի 10 անդամները համաձայնել եւ Սամվել Բալասանյանին ընտրել են որպես սեփականաշնորհման գործընթացում լիազորված անձ, սակայն կոլեկտիվի անդամներից ոչ մեկը տեղյակ չի եղել թե՛ ժողովի եւ թե՛ գործընթացի վերաբերյալ փաստաթղթերի մասին, կնքվել են կեղծ փաստաթղթեր, ինչի շնորհիվ Ս. Բալասանյանն ապօրինաբար ձեռք է բերել նշված տարածքը եւ նվիրել իր որդուն՝ Խաչատուր Բալասանյանին: Շիրակի մարզի քննչական վարչությունում, քաղաքացու հաղորդման հիման վրա, նյութեր են նախապատրաստվում:
ՈՒՂՂԱԿԻ ԽՈՍՈՒՄ ԷՐ
Մի կողմից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ամեն ինչ անում է ՀՀ քաղաքական իշխանության իրավական քմահաճույքները կատարելու համար, մյուս կողմից՝ նույն իշխանության ներսում նա շարունակում է չհասկացված մնալ: Անվստահությունն ու հետաքրքրության բացակայությունը գլխավոր դատախազի նկատմամբ արձանագրվել է երեկ, երբ Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր ՀՀ գլխավոր դատախազի տարեկան զեկույցը: Իշխանական խմբակցությունից ընդամենը 4 պատգամավոր էր մասնակցում դատախազի զեկույցի քննարկմանը հանձնաժողովի նիստում: Տպավորություն էր, որ դատախազն ուղղակի ԱԺ-ում խոսում էր ընթացակարգ պահելու համար, եւ չկար որեւէ հետաքրքրություն նրա խոսքերի նկատմամբ հենց իշխանական խմբակցության ներկայացուցիչների կողմից: Իսկ ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա խորհրդարանական ընդդիմադիրները վաղուց մոռացել են իրենց պարտականությունները, եւ խորհրդարանում, կարելի է ասել, ընդդիմադիր խոսք չկա. Նրանց աթոռները մեծապես դատարկ էին: