ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԵՊՔՆ Է ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Պետական եկամուտների կոմիտեի կողմից բացահայտվել էր կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու եւ ակցիզային դրոշմանիշերի անօրինական իրացման փորձ:

 

Պետական եկամուտների կոմիտեից ArmLur.am-ին հայտնում են, որ Կոմիտեն հերթական անգամ  հորդորել էր քաղաքացիներին զերծ մնալ անօրինական գործունեությունից, սակայն եւս մի դեպքով նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման թիվ 19 բաժնում հաշվառված անհատ ձեռնարկատերը հարկային մարմին ներկայացրած ակցիզային դրոշմանիշերի եւ դրոշմապիտակների տրամադրման հայտի եւ օգտագործման մասին հաշվետվության հիման վրա ստացել է սպիրտային խմիչքների 0.5 լիտր տարողությամբ վերագրմամբ տարաների համար նախատեսված ակցիզային դրոշմանիշ:

Հետագայում հաշվարկային փաստաթղթերի հետազոտումից պարզվել է, որ նա ձեւակերպել է որպես իրացում նաեւ 0.1 լիտր տարողությամբ մրգի օղի, այնինչ դրա  համար ի սկզբանե վերագրմամբ ակցիզային դրոշմանիշեր ձեռք չի բերվել: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաեւ, որ անհատ ձեռնարկատերը սահմանված կարգով ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերն օտարել է այլ անձի, միաժամանակ իր հարկային պարտավորությունները չհաշվարկելու եւ չվճարելու արդյունքում պետությանը պատճառել է խոշոր չափի վնաս:

Նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 209-րդ հոդվածի 5-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ մինչ անհատ ձեռնարկատեր հաշվառվելը քաղաքացին աշխատել է Հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման թիվ 3 բաժնում հաշվառված ՍՊ ընկերության` Աբովյան քաղաքում գտնվող օղու արտադրամասում: Աշխատանքի առաջարկը ստացել է իր բարեկամից, որը հանդիսացել է ընկերության փաստացի ղեկավարը: Քրեական գործով կատարված հետաքննությամբ պարզվել է, որ 2020թ. ապրիլ ամսին քաղաքացու ազգականին հանդիպել է ընկերության իրական շահառուն եւ հայտնել, որ քիչ հարկեր վճարելու նպատակով անհրաժեշտ է վստահելի անձ անհատ ձեռնարկատեր հաշվառելու եւ գործունեությունն այդ Ա/Ձ-ի միջոցով շարունակելու համար: Ընկերության իրական շահառուի առաջարկով եւ իր ազգականի խնդրանքով քաղաքացին համաձայնել է  հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր, ինչի համար նրանց է տվել իր նույնականացման քարտը, սակայն տեղյակ չի եղել, թե ինչ գործունեություն է ծավալվել: Իր անվամբ գործունեություն ծավալելու համար իրեն խոստացել են վճարել ամսական 20.000 ՀՀ դրամ գումար: Սահմանված կարգով ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերն օտարել է ընկերության իրական շահառուին: Խմիչքները պատրաստվել են սովորական սպիրտից, արտադրամասում սպիրտին ավելացվել են մրգային հավելումներ, արտադրության ընթացքում երբեւէ մրգային սպիրտ չի օգտագործվել:

Ակնհայտ է, որ նման կարգի հարկային հանցագործությունը չէր կարող ստվերում երկար մնալ, եւ կոմիտեն եւս մեկ անգամ հորդորում է տնտեսվարողներին գործել բացառապես օրենքի դաշտում, խուսափել կեղծիքից ու խաբեությունից:

 

 

 

ԹՈՒՆԵԼԸ ԾԽԱՀԱՐՎԵԼ Է

Երեւանի մանկական երկաթուղի տանող թունելում ծխահեռացման աշխատանքները շարունակվում են, երկու հրշեջ ծխահարվել է: Այս մասին ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանը: «Հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են: Ծուխը թունելում է՝ փակ տարածքում: Խնդիրը կայանում է նրանում, որ ծուխը դանդաղ է ցրվելու: Այժմ այնտեղ աշխատում է 6 մարտական հաշվարկ»,- նշել է Բաղդասարյանը եւ հավելել, որ նրանց արդեն իսկ ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, վիճակը գնահատվում է նորմալ: Նշենք, որ ապրիլի 30-ին՝ ժամը 07:17-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում գտնվող թունելից ծուխ է նկատվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ, գազածխապաշտպան ծառայության մեքենա, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի եւ Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Պարզվել է, որ Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում գտնվող հորանում այրվել են Փոքր Կենտրոնը սնուցող հոսանքալարերը։

 

 

536 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում ապրիլի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 536 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 216064 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 983656, վերջին մեկ օրում` 4596 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 12803 պացիենտ. մեկ օրում նվազել է 454-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 198135 անձ, վերջին մեկ օրում՝ 964 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 4108 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1018 է:

 




Լրահոս