Երգչուհի Արփի Շահնուբարյանը, ինչպես արդեն հայտնել ենք, արմատներով Սյունիքի մարզի պատմական Խնձորեսկ համայնքից է, եւ վերջինս շատ անհանգստացած է Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններով: Արփիի հետ ArmLur.am-ը զրուցել է վերջին օրերում Սյունիքում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերի շուրջ:
«Անկեղծ ասած, մինչեւ չսպասեմ, ճշմարտությունը չտեսնեմ, ես ոչ մի բանի, ոչ մի խոսքի, ոչ մի իրողության չեմ հավատում, բայց ես հուսով եմ, որ Աստված մեր ազգին մենակ չի թողնի, եւ հուսով եմ, որ շատ շուտով կհայտնվի մեկը, ով կկարողանա սահմանային հավասարակշռություն մտցնել, ճիշտ ցանկապատում անել, որ սահմանամերձ դարձած Սյունիքի գյուղերի բնակիչները խնդիրների առաջ չկանգնեն, ինչպես հիմա է: Օրինակ՝ ես նոր մեր գյուղից տեղեկացա, որ խոշոր անասուններից էլի անցել են հակառակորդի տարածք, Էլի սահմանապահները եկել են, գնացել եւ փորձել են թշնամու հետ բանակցել, որպեսզի անասուններին հետ վերադարձնեն: Եվ եթե այս տեմպերով շարունակեն, այս խնդիրը լինելու է շարունակաբար: Անհապաղ լուծում է պետք, դարպաս է պետք, որպեսզի հետագա ճգնաժամերից հեռու մնանք»,- ասում է մեր զրուցակիցը:
Երգչուհով կարծիքով՝ մեր երկրին պետք է սրտացավ եւ ճիշտ դիվանագետ, որը կկարողանա մեր երկիրն այս ճգնաժամից դուրս հանել, որն այսօր օրեցօր է՛լ ավելի է խորանում. «Մենք այստեղ՝ քաղաքում նստած, հեռու սահմանամերձ գյուղերից նրանց կյանքից պարզապես չենք պատկերացնում, թե ինչ կարող է տեղի ունենալ հենց սահմանամերձ գյուղում: Ես ինքս կապի մեջ եմ անընդհատ իմ հարազատների հետ, անընդհատ բարկանում եմ, հուզվում եմ, տարբեր զգացողություններ եմ ունենում, բայց շատ արագ ելք է պետք գտնել այս իրավիճակից դուրս գալու համար»:
Հարցին, թե ինչպես է գնահատում օրեր առաջ Սյունիքում տեղի ունեցած իրադարձությունները, Արփին ընդգծում է, որ կա մարդկանց տեսակ՝ մի մասը էմոցիոնալ են, իսկ մյուս մասը զուսպ են:
«Մարդիկ կան, որ իր ձայնը փորձում են տեղ հասցնել փողոցում ակցիաներ անելով, մի մասը՝ պարզապես ասում է դեմքիդ այն, ինչ մտածում է: Ես դա ո՛չ ճիշտ եմ համարում, ո՛չ սխալ, ամեն դեպքում այնքան է թուլացել իշխանության հիմքերը, որ այլեւս չեն կարող լռել: Կարծում եմ, որ դա հարցի լուծում չէ, եւ ավելի լավ է իրական քայլերի դիմել, քան ձերբակալությունների գնալով՝ փորձել մարդկանց բերանը փակել»,- հավելում է երգչուհի Արփի Շահնուբարյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանին բնակիչները դիմավորել էին բողոքի ակցիաներով, հայհոյանքներով ու վիրավորանքներով, պահանջել՝ վարչապետը հեռանա Սյունիքից։ Ագարակում ու Մեղրիում «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկումներով բնակիչներն ուղեկցում էին նրան, փակում ճանապարհը։
Կապան հասնելուն պես մարզպետարանում Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրենին, ՀՀ ոստիկանապետին ու Քննչական կոմիտեի ներկայացուցիչներին հանձնարարեց կտրուկ գործողություններով հարցը լուծել ու մեղավորներին պատասխանատվության կանչել։
Արդյունքոում 40-ից ավելի անձ է հարցաքննվել, 29- անձ էլ ներգրավվել է մեղադրյալ: Նկատենք, որ քննիչները ամեն ինչ անում են վարչապետի հրահանգը կատարելու համար, սակայն դատարանները գործով մեղադրյալներին կալանքի չեն տանում, այլ դատարանի դահլիճից ազատում են նրանց:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՍՆԻ ՈՒՆԿՆԴՐԻ ՍՐՏԻՆ»
Հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, համագործակցելով Հայաստանի պետական կամերային նվագախմբի եւ հրավիրյալ դիրիժոր Խուան Անտոնիո Ռամիրեսի հետ, ապրիլի 30-ին ելույթ կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Այս մասին լրագրողների հետ զրուցում հայտնել է Հախնազարյանը, զրուցել համերգային ծրագրի, առաջիկա անելիքների մասին:
«Շատ հետաքրքիր եւ յուրահատուկ համերգ է ինձ համար, որովհետեւ Կամերային նվագախմբի հետ վաղուց ելույթ չեմ ունեցել, վաղուց հանդես չեմ եկել նաեւ այս դահլիճում, որը շատ եմ սիրում: Կարելի է ասել՝ մեծացել եմ այստեղ: Հայրս եւ մայրս բազմիցս նվագել են Կամերային երաժշտության տանը: Մեծ ուրախություն, ոգեւորություն է նաեւ Խուան Անտոնիո Ռամիրեսի հետ աշխատելը: Նա հրաշալի անձնավորություն է եւ հիանալի դիրիժոր: Ըստ իս՝ կարեւոր իրադարձություն է այն, որ վերջինս եկել է Հայաստան»,- նշել է Հախնազարյանը:
Անդրադառնալով ծրագրին՝ երաժիշտն ասաց, որ այն յուրահատուկ է: Սովորաբար Հայաստանում նվագում է մեծ կոնցերտ՝ թավջութակի եւ նվագախմբի համար, բայց այս համերգին կատարելու են Չայկովսկու «Անդանտե կանտաբիլեն», Վիլա Լոբոսի «Բրազիլական բախիանան», Պոպերի «Հունգարական ռապսոդիան»: Հնչելու է նաեւ Խոակին Տուրինայի «Ցլամարտիկի աղոթքը» ստեղծագործությունը:
Հախնազարյանի համոզմամբ՝ ներկայացվող բոլոր գործերն ընկալելի են: «Կան ստեղծագործություններ, որոնք լիարժեք հասկանալու համար անհրաժեշտ է դասական երաժշտության մասին որոշակի գիտելիքներ ունենալ, սակայն վերոնշյալ գործերը շատ հեշտ են հասնում մարդկանց սրտերին ու հոգիներին»,- հավաստիացրել է երաժիշտը: