Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Երեւանի բնակիչ Կամո Գ.-ն իր վարած ավտոմեքենայով Մեղրի-Երեւան ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին եւ կողաշրջվել։ Վթարի հետեւանքով վարորդ Կամո Գ.-ն, ուղեւորներ, Երեւանի բնակիչներ 26-ամյա Ասատուր Փ.-ն, 46-ամյա Արծվիկ Փ.-ն եւ Սյունիքի մարզի բնակիչ 18-ամյա Էլինա Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։
Լուսանկարը՝ shamshyan.com-ի
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ կարգով է իրականացվում որդեգրումը, ով կարող է լինել որդեգրող:
Ալինա Հարությունյան (43 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ որդեգրում (դստերագրում) (այսուհետ՝ որդեգրումը) թույլատրվում է միայն մինչեւ 18 տարեկան անձանց նկատմամբ եւ ելնելով նրանց շահերից՝ հաշվի առնելով երեխաների լիարժեք ֆիզիկական, հոգեկան, հոգեւոր եւ բարոյական զարգացումն ապահովելու հնարավորությունները։ Որդեգրումը հաստատվում է դատարանի կողմից, եւ դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո որդեգրումը ենթակա է պարտադիր պետական գրանցման ՔԿԱԳ տարածքային մարմնում: Որդեգրողներ կարող են լինել չափահաս անձինք՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ որդեգրման պետական գրանցումն իրականացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել որդեգրողների կամ նրանց կողմից լիազորված անձի գրավոր դիմումը, որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը, որդեգրողների անձը հաստատող փաստաթղթերը, որդեգրողների ամուսնության վկայականը, որդեգրվողի ծննդյան վկայականը։
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ ծանոթանալ տուն-թանգարան ստեղծելու ընթացակարգին:
Ալբերտ Դանիելյան (60 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ թանգարանային գործունեության համար պետական աջակցություն տրամադրվում է այն ոչ առեւտրային կազմակերպություններին (այսուհետ` կազմակերպություն), որոնք իրականացնում են հետեւյալ գործառույթները՝
1) թանգարանային առարկաների եւ հավաքածուների հայտնաբերում, հավաքում, ֆոնդերի համալրում, հաշվառում, պահպանում եւ պաշտպանում,
2) թանգարանային առարկաների եւ հավաքածուների գիտական մշակում, հետազոտում, ուսումնասիրում, հրապարակում եւ թվանշանացում,
3) ճանաչողական, գիտակրթական, մշակութային, ժամանցային ծրագրերի իրականացում:
Կազմակերպությանը պետական աջակցությունը տրամադրվում է ՀՀ պետական բյուջեով ՀՀ ԿԳՄՍ-ն (այսուհետ` նախարարություն) նախատեսված «Թանգարանային ծառայություններ եւ ցուցահանդեսներ» ծրագրի շրջանակներում:
Կազմակերպությանը պետական աջակցություն տրամադրելու նպատակով ՀՀ նախարարին կից ստեղծվում է առնվազն 5 անդամից կազմված հանձնաժողով (այuուհետ` հանձնաժողով): Հանձնաժողովի անհատական կազմը եւ աշխատակարգը հաստատվում է նախարարի հրամանով: Կազմակերպությանը պետական աջակցություն կարող է տրամադրվել թանգարանի հիմնական գործունեությանը համապատասխան`
1) մշակութային առարկաների պահպանության ծախսերի,
2) մշակութային առարկաների վերականգնման կամ ամրակայման,
3) հիմնական ցուցադրության գեղարվեստական ձեւավորման,
4) մշակութային առարկաների կատալոգի հրատարակության համար:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
շարունակելի
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հանձնաժողովը կազմակերպությանը պետական աջակցություն տրամադրելու մասին հայտի եւ կից փաստաթղթերի քննարկման արդյունքում տալիս է եզրակացություն հայտը բավարարելու կամ մերժելու մասին: