ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ՝ ԱՆԱՐԴԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության կողմից ներկայացրած «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» նախագիծն առաջացրել է իրավապահ համակարգի դժգոհությունը: Այն այսօր պետք է քննարկվի Ազգային ժողովի հերթական նիստում: Ըստ արդարադատության նախարարության տվյալների՝ օրենքը կարող է տարածվել 5131 քաղաքացու նկատմամբ։ Սակայն դեռ խորհրդարան չհասած՝ արդեն իսկ բուռն քննադատության է արժանացել նախագիծը: «ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ իրավապահ համակարգում արդեն իսկ դժգոհում են, թե պետք է համաներում կիրառվի ոչ  թե երկիրը լքած տղաների, այլ 44-օրյա պատերազմի ժամանակ անհավասար մարտից մազապուրծ եղածների նկատմամբ, որոնք մեղադրվում են մարտական դիրքը լքելու համար։ Նշենք, որ, ըստ ՀՀ գլխավոր դատախազության՝ 2020 թվականի տարեկան զեկույցի, ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու բազմաթիվ դեպքերով հարուցվել է 1445 քրեական գործ: Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իրականում մեղադրյալի աթոռին հայտնված անձանց թիվը ավելի մեծ է, այն հասնում է մոտ 8 հազարի: Եվ, ահա, իրավապահ համակարգն ավելի կողմ է, որ համաներվեն այս մարդիկ, ոչ թե հայրենիքից փախածները, որոնք հիմա իշխանություններին պետք են ընտրական գործընթացներին մասնակցելու համար։

 

 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանը երեկ խորհրդարանում իր ելույթով ապացուցեց, որ Աժ անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի եւ Աննա Գրիգորյանի դեմ մի քանի օր իրականացվող արշավը կատարվում է անձամբ նրա հրահանգով: Նկատենք, որ արդեն մի քանի օր է արդեն, ինչ տարբեր կայքեր, ֆեյք կայքեր ու ֆեյքեր այս պատգամավորների նկատմամբ իսկական արշավ են սկսել՝ ընդհուպ մինչեւ անձնական, ընտանեկան կարմիր գծերը հատելով։ Նիկոլ Փաշինյանը, որ հրապարակավ դժգոհում էր, թե ինչ-որ մարդիկ թիրախավորել են իր կնոջը, անձամբ հրահանգել է կին պատգամավորներին վարկաբեկել՝ ոչնչի առջեւ չկանգնելով։ Թերեւս իշխող թիմին եւ հենց վարչապետին անհանգստացնում է  անկախ պատգամավորների շարունակ աճող վարկանիշը, եւ տարբեր ասեկոսեների միջոցով փորձ է արվում նրանց սեւացնել:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ լուրջ դժգոհություն է հասունանում: Բանն այն է, որ վերջինս 44-օրյա պատերազմից հետո կարծես թե իրեն դուրս է դնում գործընթացներից, որեւէ կարծիք չի արտահայտում, թիմի շահերից հանդես չի գալիս։ Նշենք, որ ԱԺ նախագահի թիմը խորհրդարանում դժգոհ է նրա պահվածքից, ավելին՝ այսպիսի տեսակետ կա, որ Միրզոյանը կողպել է բերանը ու որեւէ ձեւով չի ցանկանում խոսել: Միրզոյանը իր մտերիմ թիմի հետ ո՛չ հանդիպում է, ո՛չ քննարկում առաջիկա անելիքները, ու բոլորն անորոշ են, թե արդյոք հաջորդ խորհրդարանում կլինեն, թե ոչ: Մենք տեղեկացանք, որ մոտ մեկուկես ամիս է՝ Միրզոյանն անգամ խորհրդարանի աշխատանքներն իր թիմի հետ չի քննարկում: Մի խոսքով, ԱԺ նախագահը խռոված է անգամ ինքն իրենից ու որեւէ բան չի խոսում, չի անկեղծանում, թե ինչ պլաններ ունի: Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանի թիմի անդամ են համարվում խորհրդարանում Վլադիմիր Վարդանյանը, Աննա Կարապետյանը, Նարեկ Զեյնալյանը, Տաթեւ Հայրապետյանը, Համազասպ Դանիելյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Ռուստամ Բաքոյանը, Արթուր Դավթյանը, Վիկտոր Ենգիբարյանը: Ի դեպ, նկատենք, որ պատերազմի ավարտից հետո մի բառ Միրզոյանը չի խոսել լրագրողների հետ, անգամ Թուրքիայի գործակալ լինելու բարձրաձայնումներից հետո ԱԺ նախագահը հրապարակավ չի խոսել լրագրողներիհետ։

 

 

 

Դեռ ապրիլի 16-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը դիմել էր Ազգային ժողովի նախագահին, խորհրդարանական իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին, նաեւ Պաշտպանության հանձնաժողովի նախագահին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկով: Այդ առաջարկից անցել է արդեն 17 օր, եւ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ, թե ինչ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, կստեղծվի արդյոք քննիչ հանձնաժողով, սակայն նրա խորհրդական Վահան Կոստանյանն այսպես արձագանքեց. «Առաջարկում ենք ծանոթանալ «Աժ կանոնակարգ» օրենքին: ԱԺ նախագահը քննիչ հանձնաժողով ստեղծելու լիազորություն չունի»: Երբ նրան տեղեկացրինք, որ շատ լավ գիտենք, թե ինչ է գրված «ԱԺ կանոնակարգ» օրենքում, եւ մեզ պետք է իմանալ հենց Արարատ Միրզոյանի դիրքորոշումը, նա կրկին նույն պատասխանը տվեց: Հավելենք՝ Օնիկ Գասպարյանը կարծում էր, թե քննությունն անհրաժեշտություն է վերջին շրջանում ավելացող շահարկումների, որոշ պետական եւ քաղաքական գործիչների անպատասխանատու հայտարարությունների եւ գաղտնի տեղեկատվության արտահոսքի պատճառով։ Հանձնաժողովն, ըստ Գասպարյանի, պետք է ստեղծվի անհապաղ՝ շիկացած հանրային մթնոլորտը լիցքաթափելու համար, իր կողմից էլ պատրաստակամություն է հայտնել օժանդակել աշխատանքներին։

 

 




Լրահոս