«Որ պատգամավորներն են ասում, որ Սյունիքն անվտանգ է: Վտանգ միշտ էլ կա, նույնիսկ մինչեւ պատերազմը»,- ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը:
-Սյունեցի պատգամավորները պնդում են, որ Սյունիք գնալն անվտանգ է, Սյունիք գնալու խնդիր չկա: Սասուն Միքայելյանը նախօրեին հայտարարեց, որ Սյունիք գնալը վտանգավոր է, այնտեղ պատերազմի վտանգ կա: Ինչո՞ւ են այս կարծիքները հակասում:
-Ո՞ր պատգամավորներն են ասում, որ Սյունիքն անվտանգ է:
-Սյունեցի պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Կարեն Համբարձումյանը:
-Կխնդրեմ, որ իրենց ուղղեք այդ հարցերը:
-Դուք ի՞նչ եք կարծում՝ որպես պատգամավոր, վտանգ կա՞ Սյունիքի մարզում:
-Վտանգ միշտ էլ կա, վտանգը կար նույնիսկ մինչեւ պատերազմը: Սյունիքը միշտ էլ եղել է սահմանամերձ, չենք ամրացրել մեր դիրքերը, կոմունիկացիաները, մեր ամբողջ զորքը չի շարվել, իհարկե, վտանգավոր է: Ասեմ, որ վտանգավոր է նաեւ հակառակորդի համար, այնպես չէ, որ միայն մեզ համար է է վտանգավոր: Ես, կարդալով հայոց պատմությունը, գիտեմ, որ թուրքից պետք է զգուշանալ: Այդպես նաեւ եղելէ սեպտեմբերի 27-ից առաջ Նախիջեւանի սահմանով, նորից վտանգավոր էր սահմանը: Ես պնդում եմ, որ վտանգավոր չէ այն աստիճան, ինչպես ներկայացվում է, որովհետեւ մարդկանց այնպիսի տպավորություն են ուզում ստեղծել, որ Սյունիքում ցանկացած ճանապարհով գնալիս կարող է քեզ կա՛մ տանեն, կա՛մ կրակեն: Հնարավոր է նման բան, բայց ավելի շատ հնարավոր է, որ մենք տանենք կամ կրակենք, քան իրենք: Մենք քնած չենք, մեր թիկունքում ժողովուրդ կա, իսկ իրենց թիկունքում մենակ զինվորներն են, ու 20-30 կմ այն կողմ ոչ մի բան չկա: Այսինքն՝ իրենք ավելի շատ վախեցած են, քան մենք: Բայց քաղաքական շահերից ելնելով՝ որոշ մարդիկ ներկայացնում են, որ Սյունիքը այսպես է… Ես, եղել է, որ Կապանից եկել եմ, ճանապարին զնագել ասել են՝ վա՛յ, զգույշ կգաս, որ գաս, կզանգես: Ահա նման տպավորություն է ստեղծվել: Շաբաթական երկու անգամ ես այդ ճանապարհով գնում-գալիս եմ, ոչ մի անգամ չի եղել, որ դեպք լինի:
-Ոչ մի կրակոց, ոչ մի բան չի՞ եղել:
-Ոչ մի բան չի եղել:
-Գերի ընկնելու հավանականության մասին ի՞նչ կասեք:
-Կարող է ընկնես: Կարող ես նաեւ վերցնել, քան ընկնել: Սեպտեմբերի 27-ից մինչեւ հիմա դիրքեր չեն փոխվել: Այս օրվանից առաջ Նախիջեւանում եթե Դուք անցնեիք այդ ճանապարհներով, հնարավոր էրգերի վերցնեին, կամ նույն հաջողությամբ Դուք կվերցնեիք: Գիտեք ի՞նչ, տպավորություն են ուզում ստեղծել մարդկանց մոտ, որ, օրինակ, Շուռնուխով (որտեղ ես շաբաթական երկու անգամ գնում-գալիս եմ) անցնող մարդուն ավտոմատով ճանապարհում են: Չկա այդպիսի բան: Այդ հատվածի սկզբից հայերն են, ռուսները, հետո՝ ադրբեջանցիները: Այդ 4,5 կմ-ում ոչ մեկ դիրք ունի, ոչ էլ այլ կերպ ներկայացվածություն:
-Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը մեզ հետ զրույցում բազմաթիվ անգամ, երբ ես մեջբերել եմ Ձեր խոսքը, ասել է, թե Դուք չգիտեք անգամ Շուռնուխի տեղը, ինչու եք սուտ տեղեկություններ տարածում:
-Ես մոտ 10 օր առաջ Շուռնուխում էի, մարզպետի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պետի, մարզպետի տեղակալի հետ քննարկում էինք նոր թաղամաս կառուցելը: Բնակչությունն ամբողջությամբ այնտեղ էր, նորմալ աշխատանքային քննարկում էր, բողոքներ կային, եւ եկանք եզրահանգման, որ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում:
-Պարզեցի՞ք, թե ինչու էր Նիկոլ Փաշինյանը գիշերով գնացել Շուռնուխ:
-Ոչ: Դա իմ որոշումը չէ, դրա համար ես չեմ փորձում դա ճշտել:
-Բնակիչները դժգոհ էին, բազմաթիվ հարցեր ունեին…:
-Դե Սյունիքի մարզը Արմավիրի մարզ չէ, որ օրվա ընթացքում կարող ես հեշտ գնալ. երկու օր է պետք:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՑՈՒՑԱԿ Է ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանը եւ Արտակ Զեյնալյանը հանդես են եկել նոր մամլո հաղորդագրությամբ, որում ասվում է. «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո շարունակվել են գերեվարվել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք եւ զինծառայողներ:
Գերության մեջ հայտնված անձանցից թվով 19-ը խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն: Ռազմագերիների, ազատազրկված անցանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Քաղաքացիական անձինք`
- Էդուարդ Շահգելդյան; 2. Արսեն Ղարախանյան; 3. Բենիկ Հակոբյան; 4. Էլենա Հակոբյան; 5. Սերժիկ Վարդանյան; 6. Էլլա Վարդանյան; 7. Գենադի Պետրոսյան; 8. Յուրիկ Ասրյան; 9. Միշա Մովսիսյան; 10. Անահիտ Մովսիսյան; 11. Նինա Դավթյան; 12. Միշա Մելքումյան
Զինծառայողներ`
- Էրիկ Մխիթարյան; 14. Գագիկ Մկրտչյան; 15. Արայիկ Պողոսյան; 16. Վարդգես Ղազարյան; 17. Յուրի Ադամյան; 18. Արթուր Մանվելյան; 19. Նարեկ Բաբայան»։
ԱՄԵՆԱԹՈՒՅԼ ԴԻՐՔԵՐՈՒՄ
Հայաստանը՝ որպես լեռնային զբոսաշրջության ուղղություն, տարածաշրջանում գտնվում է ամենաթույլ դիրքերում. որպես առաջատար հանդես է գալիս Վրաստանի Հանրապետությունը, որից հետո՝ Ադրբեջանի Հանրապետությունը։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ Արագածոտնի մարզում լեռնային հանգստավայր կկառուցվի, իսկ լեռնային համալիր կառուցող ընկերությունը «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ն է, որը ստեղծվել է 2017թ.: Լեռնային համալիրի կառուցման ընթացքում ներգրավված կլինեն շինարարության ոլորտի շուրջ 250 աշխատողներ, իսկ ծրագիրը իրականացնելուց հետո կստեղծվի շուրջ 1500 աշխատատեղ՝ միջինը 180,000 դրամ աշխատավարձով։ Այս կազմակերպությունը պատրաստվում է շուրջ 15 մլրդ դրամ ներդնել միայն ճոպանուղու եւ սահուղիների կառուցման համար: Նշենք, որ մեր հանրապետությունում գործում է երկու հանգստյան գոտի Ջերմուկ եւ Ծաղկաձոր համայնքներում, որոնք առաջարկում են լեռնային, լեռնադահուկային ժամանց: Այդ գոտիներում զբոսաշրջիկների մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ են, երկրորդ տեղում են Իրանից ժամանող այցելուները: Բացի այս, պարզվում է, որ ճոպանուղու օրական տոմսի արժեքը Հայաստանում ավելի բարձր է, քան Վրաստանում: Օրինակ՝ Ծաղկաձորում ճոպանուղու օրական տոմսն արժե 12 հազար դրամ (շուրջ 25 դոլար), իսկ Վրաստանում 40 լարի (շուրջ 15 դոլար): Եւ էկոնոմիկայի նախարարությունը հույս ունի, որ այլընտրանքային լեռնային համալիրի ստեղծման արդյունքում կձեւավորվի մրցակցային գնային միջավայր։
ԿՐԿՆՎԵԼՈՒ Է 2018Թ.-Ի ՍՑԵՆԱՐԸ
Արտահերթ ընտրությունների հնարավոր ելքի մասին խոսում են ամեն օր: Նույնիսկ նորաբաց ու անհասկանալի նպատակներ ունեցող կուսակցությունները իրենց թիմակիցներին վստահեցնում են իրենց թիմի հաղթանակի մեծ հավանականության մասին, եւ ամեն մեկը փորձում է ինչ-որ կերպ աչքի ընկնել ու ցույց տալ, թե ինչքան հայրենասեր է, որքան խելացի ու բանիմաց են իրենց թիմերը: Հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող հայտնի ընկերություններից մեզ փոխանցեցին, որ իրականում գրեթե կրկնվում է 2018թ.-ի սցենարը. որքան շատ են երեւում նախկինները կամ նախկինների հետ ասոցացվող մարդիկ, այդքան ուժեղանում է Փաշինյանի շուրջ մոբիլիզացիան: Մեզ փոխանցեցին, որ մինչեւ այս ամսվա վերջ կհրապարակվեն ավելի կոնկրետ թվեր, բայց այս պահին Փաշինյանի վարկանիշը բարձր է։ Մեր այն դիտարկմանը, թե հնարավոր էր ունենալ այլ արդյունք, եթե ընդդիմադիր դաշտում գործեին նոր ուժեր ու կուսակցություններ, մեզ փոխանցեցին, որ նման դեպքում, ամենայն հավանականության, Փաշինյանի հաղթանակի շանսերը առնվազն կնվազեին, քանի որ հարցվածների մի զգալի մասը, հարցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը, պատասխանում են՝ որ նախկինները հետ չգան։ Եվ հենց սրանով է պայմանավորված մյուս թեկնածուների համեմատությամբ Փաշինյանի վարկանիշը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ մամուլում հրապարակում եղավ, թե, ուսումնասիրությունների համաձայն, ընտրության գնացողների 60 տոկոսից ավելին պատրաստ է քվեարկել Փաշինյանի օգտին։ Ցավալին այն է, որ ամբողջ մի ազգի գաղափարախոսությունն ու երազանքը դարձել է նախկինների հետ չգալը, իսկ թե ինչ է լինելու տնտեսության հետ, ինչ է լինելու Արցախում, ինչ է լինելու արտաքին քաղաքական հարցերում, կարծես թե, լայն զանգվածներին չի էլ հուզում: