ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետ: Քվեարկությունում նա ստացավ 1 «կողմ», 3 «դեմ» եւ 75 «ձեռնպահ» ձայն: Հիշեցնենք, որ սա արվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ապահովման համար` համաձայն Սահմանադրության կարգավորումների:

 

Նիկոլ Փաշինյանի (որը այժմ վարչապետի պաշտոնակատարի պարտականություններն է կատարում), թեկնածությունն առաջադրել էր իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նախքան քվեարկությունը հայտնեց` իրենք «ձեռնպահ» են քվեարկելու:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների անցկացման համար ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց վարչապետի պաշտոնից:

Սահմանադրության պահանջն է՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի արձակումը։ Իսկ խորհրդարանն արձակվում է, երբ վարչապետի հրաժարականից հետո՝ երկու շաբաթում, երկու անգամ անընդմեջ վարչապետ չի ընտրվում։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ընթացակարգերը պահպանելու համար ինքը երկու անգամ կառաջադրվի վարչապետի թեկնածու։

Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններից վստահեցրել էին՝ իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրելու։

«Մենք պայմանավորվել ենք, որպեսզի խորհրդարանն արձակենք, որպեսզի ժողովուրդն ընտրություն իրականացնելու հնարավորություն ունենա, եւ ընտրությունով ճգնաժամը հանգուցալուծվի», – երեկ Ազգային ժողովի հատուկ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց խորհրդարանի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ արձագանքելով Փաշինյանի՝ ամբիոնից արած հայտարարությանը։

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն էլ իր ելույթում երեկ հայտարարեց՝ շահարկումներ կան, թե ինչ-որ ուժեր երկրորդ փուլում այլ սցենար են ուզում զարգացնել եւ թեկնածու առաջադրել։ «Եթե փորձեր լինեն պայմանավորվածությունները խախտելու, մենք ունենք պատրաստի լուծում. «Իմ քայլը» խմբակցությունը կընտրի վարչապետ։ Հույս ունեմ, որ այդպիսի փորձեր չեն արվի», – հայտարարեց Փաշինյանը։

Մարուքյանն ասաց, եթե ԼՀԿ-ն որեւէ ձեւով այդ պրոցեսը խաթարի, դա կնշանակի, որ չի ուզում, որպեսզի ժողովուրդը որոշի, թե ով է Հայաստանն այս վիճակից հանելու։

«Մենք այս փուլում հնարավորություն ունեինք առաջադրում անելու ու չենք արել, որովհետեւ եթե մի բան պայմանավորվում ենք ժողովրդի հետ, ժողովրդին խոսք ենք տալիս, որ մենք ընտրություների համար անում ենք սա, ուրեմն անում ենք դա, վերջ, մեր պայմանավորվածությունը ժողովրդի հետ է։ Մեր պայմանավորվածությունը ոչ թե Փաշինյանի հետ է, այլ ժողովրդի հետ է, որովհետեւ ժողովրդին ենք խոսք տվել, որ էս խորհրդարանը պետք է արձակենք, որ, ժողովո՛ւրդ, դու նորից ընտրես», – ասաց Մարուքյանը։

Հետաքրքիր է, որ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը չմասնակցեց վարչապետի ընտրությանը: ArmLur.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ինչու է այդպես վարվել:

Ի պատասխան՝ անկախ պատգամավորը նշեց. «Ես կուլիսային պայմանավորվածություններին չեմ ենթարկվում,  ես չեմ գնա իշխանությունների գծագրած սցենարով, եւ որեւէ պլան իմ ձեռամբ չի իրականացվի»:

Հավելենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց. այդ մասին նաեւ ԱԺ ամբիոնից հայտնել էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ապա նաեւ Լիլիթ Մակունցը: Սակայն պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Լուսինե Բադալյանը եւ Լենա Նազարյանը դեմ են քվեարկել, Նարեկ Ղահրամյանյանն էլ կողմ: Քվեարկությանը չեն մասնակցել նաեւ անկախ պատգամավորներ Գոռ Գեւորգյանը, Աննա Գրիգորյանը, Վարդան Աթաբեկյանը եւ Սոֆիա Հովսեփյանը: Սակայն ավելի ուշ ԱԺ պաշտոնական կայքում քվեարկության այլ պատկեր տեղադրվեց, որի համաձայն՝ դեմ են քվեարկել Բաբկեն Թունյանն ու Արման Բաբաջանյանը:

Ն.Հ.

 

 

ԱՌԱՋԱՐԿ Է ՍՏԱՑԵԼ

Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանն առաջարկ է ստացել «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի կողմից: ArmLur.am-ը առավել մանրամասների մասին զրուցել է Ստեփան Սաֆարյանի հետ: Նշենք, որ Ստեփան Սաֆարյանի քույրը՝ փաստաբան Սեդա Սաֆարյանը, Արման Բաբաջանյանի հիմնած «Հանուն հանրապետության» կուսակցության հետ մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

 

 

 

ՔՐԳՈՐԾ՝ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄ

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտնում է. «Ինչպես հիշում եք, 53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝ կապված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ: Հատուկ քննչական ծառայությունը մերժել էր քրեական գործ հարուցելը, որի դեմ փաստաբաններով բողոք էինք ներկայացրել: ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքի հիման վրա վերացրել է ՀՔԾ որոշումը եւ հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի  հատկանիշներով: Դատախազության որոշման մեջ նշվել է. «Վերոգրյալ մեկնաբանությունների լույսի ներքո հարկ է նշել նաեւ, որ իրավաչափ են բողոքաբերների այն ենթադրությունները, որ Արմեն Սարգսյանը Միացյալ Թագավորության քաղաքացիությունը դադարեցրել է ոչ թե 2011թ., այլ դրանից հետո, եւ հակառակի վերաբերյալ սույն նյութերով օբյեկտիվ այլ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել, որպիսի պայմաններում առկա են ողջամիտ կասկածներ տրամադրված տեղեկատվության՝ իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ, այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր»,-նշել է նա:

 

 

ՀՈՒՅՍ ՈՒՆԻ

Բաքուն հույս ունի, որ ամռան ամիսներին կմեծացնի Մոսկվայի հետ աշխատանքների ակտիվությունը ադրբեջանառուսական սահմանի սահմանազատման հարցի շուրջ. «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝  հայտնել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը: «Ադրբեջանառուսական սահմանի սահմանազատման գործընթացը շարունակվում է: Անցյալ տարի համավարակի պատճառով որոշ միջոցառումներ հետաձգվել են: Հուսով ենք, որ այս տարի ամռան ամիսներին կմեծացնենք ակտիվությունն այդ ուղղությամբ»,- ասել է Խալաֆովը: Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի սահմանը հաստատվել է 2010 թվականի հոկտեմբերի 3-ին Բաքվում ստորագրված համաձայնագրով:

 

 

 

ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոր որոշումներ է ստորագրել. Լուսինե Գասպարյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի տեղակալ 12 ամիս փորձաշրջանով, Լուսինե Գասպարյանի փորձաշրջանը համակարգող նշանակվել է վարչապետի աշխատակազմի կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետ Լուսինե Ալեքսանյանը։

 

 

ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐ ԿՍԱՀՄԱՆՎԵՆ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ զինծառայողների զինվորական կոչումների համար կսահմանվի հավելավճարներ: Պարզվում է, որ այս խնդիրը զինծառայողների շրջանում մի շարք դժգոհություններ է առաջացրել: Նրանք պահանջում են զինվորական կոչումների համար հավելավճար, որը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված չէ: Նշենք, որ հավելավճարների չափերը նախատեսվելու են ՀՀ կառավարության որոշմամբ: Ի դեպ, այս մաիսն որոշման նախագիծը ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է կառավարությանը: Բացի այս, նախարարությունը նախաձեռնել է նաեւ հանել այլեւս առանձին գոյություն չունեցող մի շարք զինվորական պաշտոններ: Խոսքը «Գլխավոր ռազմական տեսուչ», «Գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ» եւ «Գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ» պաշտոնների մասին է:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ անհրաժեշտ է լինելու ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել ըստ զինվորական կոչումների հավելավճարների չափեր, որոնց նախնական չափերի եւ հաշվարկների արդյունքում հանրագումարային տեսքով կհանգեցնի ամսական լրացուցիչ 781,389.42 հազար դրամի, իսկ տարեկան կտրվածքով՝ 9,376,673.04 հազար դրամի չափով ծախսերի, որոնք պետք է իրականացվեն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

 

ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ

Ադրբեջանի նախագահի պարբերական դարձած հայտարարությունները լարվածություն են առաջացնում հայաստանյան հասարակությունում, խաթարում են խաղաղ բնակչության բնականոն կյանքն ու հոգեկան անդորրը, նպատակ ունեն ահաբեկել մարդկանց, հատկապես` սահմանային բնակավայրերում: Այս մասին նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Այս արձանագրումները բխում են օմբուդսմենին ուղղված քաղաքացիների ահազանգերից ու դիմումներից: Իլհամ Ալիեւն հայտարարել է. «Աշխարհագրական առումով Զանգելանը Արեւելյան Զանգեզուրի մաս է կազմում եւ գտնվում է Արեւելյան Զանգեզուրում։ Արեւմտյան Զանգեզուրը եւս մեր պատմական հողն է, եւ այդ տարածքով անցնելու է Զանգեզուրի միջանցքը»: «Ադրբեջանի նախագահի նման հայտարարությունները, որ վերաբերում են Հայաստանի ինքնիշխան Հանրապետությանը եւ պատմական փաստերի բացահայտ աղավաղում են, խաթարում են խաղաղության եւ անվտանգության հեռանկարները տարածաշրջանում: Դրանք պետք է արժանանան անհրաժեշտ արձագանքի, որպեսզի կանխվեն, եւ առաջ չգան մարդու իրավունքների համար ավելի ծանր հետեւանքներ»,- շեշտում է Արման Թաթոյանը։

 

 




Լրահոս