Armlur.am-ի մանրամասներ են հայտնի դարձել Թոխմախի գերեզմաններում տեղի ունեցած զինված «ռազբորկա»-ից: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քննչական բաժին են հրավիրվել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը եւ տեղի ունեցած միջադեպի մասին ցուցմունք տվել: Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը իրավապահներին հայտնել են այն, ինչի մասին հրապարակային գրել էին. «Երեկ երեկոյան՝ աշխատանքային հանդիպումից հետո, Դավիթ Կարապետյանի հետ նրա մեքենայով Նոր Նորքից վերադառնում էինք: Դավիթ Բեկ փողոցում մեքենան կանգնեցրեց մի մարդ, որը, դատելով տեսքից, լավ վիճակում չէր ու օգնության կարիք ուներ: Քաղաքացին ասաց, որ վիրավորված է, եւ խնդրեց փրկել իր կյանքը: Բնականաբար, նրան շտապ տեղափոխեցինք մոտակա հիվանդանոց:
Հուսով եմ՝ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում, եւ նրա (ինչպես նաեւ, ըստ մամուլի, մյուս վիրավորների) առողջությունը շուտ կվերականգնվի: Հորդորում եմ քաղաքացիական պարտքի եւ մարդկային բնական վերաբերմունքի դրսեւորումը չտեղափոխել ենթադրությունների, առավել եւս շահարկումների տիրույթ»:
Չնայած համայնքի ղեկավարները իրենց բացատրություններում պնդել են, որ միջադեպի հետ կապ չունեն, սակայն իրավապահները վերջիններիս հետ կատարված դեպքի գործողությունները քննության առարկա են դարձրել, թե որտեղ են եղել նրանք այդ օրը, ինչ կապ ունեն վիրավորված անձանց հետ: Ասել է թե՝ երկու թաղապետերի մայիսի 1-ի շարժն է քննության առարկա դարձել:
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ հրավիրվել է Էրեբունու քննչական բաժին, ցուցմունք տվել եւ հայտնել այն, ինչի մասին հրապարակային ասել էր: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները դեռ կրակոցի պատճառներն են ուսումնասիրում, միայն պարզել են, որ միջադեպը եղել է Էրեբունու եւ Սարի Թաղի տղաների միջեւ, սակայն միջադեպի մասնակիցները վիրավոր են եւ դեռ չեն հարցաքննվել:
Նշենք, որ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու կամ կրելու հատկանիշներով:
Իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ բժշկական կենտրոն տեղափոխված անձանց ինքնությունը:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ վերջիններս մարմնական վնասվածքները ստացել են Երեւան քաղաքի Դավիթ Բեկ փողոցին հարակից տարածքում գտնվող գերեզմանատանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք: Կատարվում է նախաքննություն:
ԵՄ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Եվրամիությունը հայտարարությամբ է հանդես եկել, որով կոչ է արել Ադրբեջանին Մարդու իրավունքների եվրոպական դատարանին տրամադրել հայ գերիների վերաբերյալ տեղեկատվությունը, որն ավելի վաղ հայցել էր դատարանը: «Եվրամիությունը ողջունում է հրադադարի ռեժիմի ամրապնդումը, որը հարջորդել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին կողմերի միջեւ հրադադարի համաձայնությանը, ինչպես նաեւ այն դրական արդյունքները, որոնք առնչվում են մարդկանց աճյունների վերադարձին եւ մարդասիրական աջակցության տրամադրմանը բնակչության այն հատվածին, որոնք խիստ տուժել են հակամարտության հետեւանքով:
Այդուհանդերձ, Եվրամիությունը կրկին հայտարարում է, որ նոր ջանքեր են անհրաժեշտ երկու երկրների միջեւ վստահության կառուցման եւ կայուն խաղաղության հարցում առաջընթաց գրանցելու համար: Սա նշանակում է, որ պետք է զերծ մնալ թշնամական ու վիրավորական հռետորաբանությունից, հնարավորինս շուտ ավարտին հասցնել բոլոր ռազմագերիներին ու կալանավորված անձանց՝ անկախ նրանց ձերբակալման պայմաններից, վերադարձի գործընթացը, ինչպես նաեւ համագործակցել այլ կարեւոր հարցերի շուրջ, ինչպիսին է ականազերծումը»:
ԵՄ-ն անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Նախարարների խորհրդին ուղղված վերջին ծանուցմանը` կապված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին ռազմական հակամարտությանն առնչվող միջանկյալ միջոցառումների հետ՝ հայտարարելով. «Դատարանի նախադեպային իրավունքով հստակորեն նշվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավոր են հետեւել միջանկյալ միջոցներին, ուստի մենք կոչ ենք անում Ադրբեջանին տրամադրել պակասող այն տեղեկատվությունը, որը պահանջել է Դատարանը»:
ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը որպես վկա հարցաքննվել է: Նա տեղեկատվություն է տրամադրել հարուցված քրեական գործի եւ իր հարցաքննության մասին: «Ինչպես եւ խոստացել էի, տեղեկացնում եմ, որ որպես վկա հարցաքննվել եմ ԱՀ դատախազության քննիչների կողմից՝ ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով։ Հաշվի առնելով տվյալ գործի կարեւորությունը՝ հայտնել եմ հնչեցված հարցերի վերաբերյալ իմ ունեցած ողջ տեղեկությունները եւ վերահաստատել պատրաստակամությունս հետագայում եւս վարույթին օրենքով սահմանված կարգով մասնակցելու վերաբերյալ։ Առաջիկայում իմ իրական լիազորությունների ու իրազեկվածության սահմաններում նաեւ հանրայնորեն կներկայացնեմ որոշ հարցերի պատասխաններ»։
ՀՐԱՎԻՐԵԼ ԵՆ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության, որից հետո ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել Մովսես Հակոբյանին:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինիս մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի հատկանիշներով (Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ դիտավորությամբ հրապարակելն այն անձի կողմից, ով պետական գաղտնիքի հետ ծանոթանալու իրավունք ուներ, եւ ում դա վստահված է եղել կամ հայտնի է դարձել ծառայության բերմամբ, եթե բացակայում են պետական դավաճանության հատկանիշները պատժվում է կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով):
Ի դեպ, Մովսես Հակոբյանին վերոնշյալ մեղադրանքն առաջադրվել է այն բանից հետո, երբ Մովսես Հակոբյանը պատերազմում հայկական կողմի պարտության պատճառների մասին խոսելիս մի շարք աղմկահարույց հայտարարություններ էր արել, պնդել, որ չի կատարվել պատշաճ զորահավաք, գնվել է սխալ զինտեխնիկա, Զինված ուժերում կրճատվել է մարտավարական եւ ավելացել, այսպես ասած, «թուղթ ստորագրող» կամ օպերատիվ օղակը։ Բացի այդ, նրա պնդմամբ, անձամբ վարչապետի հրամանով բանակը համալրելու փոխարեն կամավորներին են ուղարկել առաջնագիծ։
Այս հայտարարություններից հետո Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը: Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակում հարցաքննվել են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, Գլխավոր շտաբի ներկայիս պետ Արտակ Դավթյանը, ինչպես նաեւ ծանուցում է ուղարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Իսկ, ահա, Արտակ Դավթյանը հարցաքննվել է այն ժամանակ, երբ դեռ նորից իրավունքի ուժով չէր զբաղեցրել ԳՇ պետի աշխատասենյակը։
Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ