Հոկտեմբերի 2-ին Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 6-րդ կմ-ում` քարի արտադրամասից քիչ հեռու, ձորում հայտնաբերվել է 71-ամյա Մելսիկ Գրիգորյանի դին: Հոկտեմբերի 1-ին Վանաձորի բնակիչ, 1940թ. ծնված Մելսիկ Գրիգորյանը պարկն ուսն էր գցել եւ ճանապարհ ընկել Փամբակ գետի երկայնքով Վանաձորից Ալավերդի ձգվող ճանապարհի աջ կողմում մասուր հավաքելու նպատակով: Տարածքն անտառապատ է, ճանապարհի ձախ կողմում ժայռեր են, աջ կողմում` խորը ձոր, որտեղով անցնում է երկաթգիծը, եւ երկու թունել կա: Ամբողջ ցերեկը Գրիգորյանի հարազատները նրանից ոչ մի լուր չեն ունեցել, արդեն երեկոյան շփոթվել են եւ դիմել ոստիկանության Լոռու մարզի վարչության Գուգարքի բաժին, վերջիններս էլ դիմել են փրկարարների օգնությանը: Ահազանգը ստանալուն պես Վանաձորի փրկարարական ջոկատն ուղեւորվել է դեպքի վայր: Որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է դիակի գտնվելու վայրը: Մելսիկ Գրիգորյանը բարձր ժայռից ընկել է ձորն ու մահացել: Տեղում աշխատում էին Լոռու մարզի փրկարարներն ու ոստիկանության Գուգարքի բաժնի աշխատակիցները: Այդտեղ էին նաեւ ծանր հոգեվիճակում գտնվող հարազատները, որոնք կանգնած էին քիչ հեռվում: Մինչ փրկարարները փորձում էին դիակը դուրս բերել կիրճից, զրուցեցինք հարազատների հետ: «Էս ի՞նչ փորձանք էր, քիրա՛ ջան: Կիրովականի Ցալկուտի թաղերում էր ապրում, տղու տարին հլը չէր լրացել, նոր ա մահացել, ինքն էլ հետեւից գնաց»-ասում էր ազգականներից մեկը: Ավելի վատ վիճակում էր Մելսիկ Գրիգորյանի եղբոր որդին:Համապատասխան գործողությունների արդյունքում փրկարարներն, ի վերջո, կարողացան հասնել դժվարամատչելի կիրճի թունելներին հարակից տարածք եւ զոհվածի մարմինը դուրս բերել այնտեղից: Քիչ հեռվում գտնվեց նաեւ մասուրով լցված ուսապարկը: 71-ամյա ծերունին միտումնավոր էր իրեն ձորը գցել, թե սայթաքել էր, կպարզի քննությունը: Այն, որ Լոռու մարզում վերջին շրջանում ինքնասպանությունները դարձել են օրինաչափություն, փաստ է: Գուգարք գյուղի դեպքից դեռ մի քանի օր է անցել:ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆՎանաձոր
ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ