Դատական նիստերն անհիմն ձգձգվում են, գործերը քննվում են տարիներով. այս հիմնարար խնդրով Մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր Սահմանադրական դատարան: «Սահմանադրական դատարանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա 2021թ. մարտի 16-ի ՍԴՈ-1585 որոշմամբ արձանագրել է, որ Ազգային ժողովը պետք է նախատեսի դատարաններում ողջամիտ ժամկետում գործի քննությունն ապահովող արդյունավետ ընթացակարգեր։
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից վիճարկվող դրույթը վերաբերում էր «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածին, որով միայն սահմանվել են դատարանում գործի քննության տեւողության ողջամտությունը որոշելիս հաշվի առնվող հանգամանքները: Պաշտպանի դիրքորոշմամբ՝ հոդվածով ամրագրված չէ ողջամիտ ժամկետում գործի դատական քննության խախտված իրավունքի վերականգնման օրենսդրական հնարավորությունը: Ստացվում է, որ օրենսդրական գործող կարգավորումների պայմաններում դատարանում գործի քննությունը կարող է տարիներով ձգձգվել եւ անհետեւանք մնալ դատարանի համար։ Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացրել էր Պաշտպանին ուղղված բողոքների ամփոփում, որոնք վերաբերում էին ողջամիտ ժամկետում գործի քննությանը դատարաններում, եւ Պաշտպանը հրապարակել էր նաեւ արտահերթ զեկույց խնդրի վերաբերյալ: Արտահերթ զեկույցը վեր էր հանել լրջագույն խնդիրներ:
Օրինակ` մի դեպքում քրեական գործի առնչությամբ ամբաստանյալը տեղեկացրել է, որ դատական նիստերը շարունակ անհիմն հետաձգվում են, ընդհանուր առմամբ շուրջ 50 դատական նիստ չի կայացվել: Մեկ այլ դեպքում դատարանում գործը քննվում է 8 տարուց ավելի, եւ տվյալ գործով վերջնական դատական ակտ դեռեւս չի կայացվել: Մեկ այլ բողոքի համաձայն՝ դատական նիստերը նշանակվում են 2-3 կամ 3-6 ամիսը մեկ անգամ հաճախականությամբ, իսկ նշանակված նիստերն էլ, ըստ բողոք ներկայացրած անձանց, անհիմն հետաձգվում են (եղել է դեպք, երբ միմյանց հաջորդող 5 նիստեր հետաձգվել են) եւ այլն:
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ պետությունն ինքը պետք է կազմակերպի իր իրավական համակարգն այնպես, որ դատարանները կարողանան երաշխավորել, որպեսզի յուրաքանչյուր ոք ողջամիտ ժամկետում ձեռք բերի իր իրավունքների եւ պարտավորությունների վերաբերյալ վեճերի մասին վերջնական որոշում: Նշված պահանջը կատարելու համար պետությունը կարող է նախատեսել տարբեր մեխանիզմներ՝ դատավորների թվաքանակի ավելացում, գործի քննության որոշակի ժամկետի առավելագույն շեմի սահմանում կամ այլ միջոցներ, որոնք հենց պետությունն էլ իրավասու է ընտրել: Սակայն եթե պետությունը թույլ է տալիս, որ գործի քննությունը դուրս գա արդար դատաքննության իրավունքի պահանջներով նախատեսված ողջամիտ ժամկետի սահմաններից, առանց որեւէ քայլ ձեռնարկելու՝ վերը նշված մեխանիզմները զարգացնելու համար, ապա վերջնարդյունքի հետաձգման համար պատասխանատու է հենց պետությունը: Նույնիսկ եթե առաջնորդվենք այն սկզբունքով, որ ողջամիտ ժամկետի վրա ազդող ընթացակարգերի ապահովումը կախված է վարույթի կողմերից, նրանց վերաբերմունքը եւ վարքագիծը չի ազատում դատարանին գործը ողջամիտ ժամկետում քննելու պարտականությունից: Դա է պահանջում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը եւ, հետեւաբար, նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Հետեւաբար, դատական քննությանը մասնակցող մարդու իրավունքների տեսանկյունից դատարանների գերծանրաբեռնվածությունը չի կարող արդարացնել վարույթի երկար տեւողությունն ու ողջամիտ ժամկետի պահանջի խախտումը: Ցանկացած մարդ պետք է ունենա այդ իրավունքի վերականգնման արդյունավետ միջոցներ, իսկ պետությունը պարտավոր է ստեղծել դրա համար բոլոր անհրաժեշտ իրավական պայմանները:
Այսպիսով, նշված որոշման պատճառաբանական մասում Սահմանադրական դատարանը Ազգային ժողովի ուշադրությունն է հրավիրել գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջի կենսագործման ընդհանուր խնդրի վրա՝ հանձնարարելով նախատեսել գործի քննության ողջամիտ ժամկետի խախտման հետեւանքով արդար դատաքննության իրավունքի բուն էության խաթարումը կանխող անհրաժեշտ եւ բավարար երաշխիքներ»,-ասված է ՄԻՊ հայտարարության մեջ:
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՄԱՐԶԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆՈՒՄ
Կառավարության ապրիլի 29-ի որոշմամբ 1 միլիարդ 200 միլիոն դրամ կհատկացվի Հայաստանի 9 մարզերին, բացառությամբ Սյունիքի: Այս հարցը ներառված է եղել կառավարության չզեկուցվող նախագծերի թվում, եւ այն առաջարկել է կառավարության նիստում ներառել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Հետաքրքիր է, որ այս գումարը 9 մարզերին կառավարության որոշմամբ հատկացվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, իսկ որպես հիմնավորում նշվում է, թե այդ գումարը հրատապ անհրաժեշտ է բնակչության համար սոցիալական եւ կենսական նշանակություն ունեցող կարեւորագույն եւ հրատապ ծրագրեր իրականացնելու համար: Սակայն ուշագրավ է , որ կառավարության որոշման մեջ մի քանի բացթողումներ կան. նախ՝ առկա չէ տեղեկատվություն, թե ովքեր են լինելու այդ 1 միլիարդ 200 միլիոնի շահառուները, կամ հասարակության որ խմբերի համար է այն նախատեսված։
Եվ կառավարությունը որոշել է այս գումարը կրճատել «Ադրբեջանից բռնագաղթված եւ Հայաստանի Հանրապետությունում ապաստանած փախստական ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառումից։ Միեւնույն ժամանակ Պապիկյանի ներկայացրած այս նախագծի վերաբերյալ ծավալուն առարկություն է ներկայացրել Ֆինանսների նախարարությունը։ Ըստ ֆիննախի՝ նախագծին կից հիմնավորմամբ եւս ակնհայտ չեն կարգավորվող խնդիրները, գումարի չափի գնագոյացման սկզբունքներն ու հաշվարկ-հիմնավորումները:
Ֆինանսների նախարարությունը նաեւ Սուրեն Պապիկյանի ներկայացրած նախագծի առնչությամբ հիշեցրել է, որ 2021 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նշված մարզերին նախատեսված է հատկացնել 30.0 մլն-ական դրամ (Տավուշի մարզպետարանին՝ 80.0 մլն դրամ): Եվ չնայած Ֆինանսների նախաարությունը Պապիկյանի ներկայացրած նախագծի ընդունումը համարել է ոչ նպատակահարմար, սակայն կառավարությունն այն ընդունել է:
145 ՆՈՐ ԴԵՊՔ
Մայիսի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 217008 դեպք, որոնցից 200472-ը` առողջացած, 4149-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11361 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 993612 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 2585 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 145 նոր դեպք: Ունենք 717 առողջացած եւ 10 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1026 է:
ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ
Տավուշի մարզի Այրում խոշոր համայնքի մաս կազմող Հաղթանակ գյուղում կայացել է զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված ֆուտբոլի մրցաշար, որն անցկացվում է 1993թ.-ից՝ արդեն 28 տարի։ Հուշամրցաշարի կազմակերպիչը Հաղթանակի բնակիչ, ֆուտբոլի նվիրյալ Սպիրիդոն Բրոյանն է։ Օրեր առաջ կայացել է մրցաշարի եզրափակիչ հանդիպումը, մրցեցին Բագրատաշենի եւ Այրումի թիմերը: Հուշարմրցաշարի եզրափակիչ խաղից առաջ երկու թիմերի խաղացողները, եզրափակչին ներկաները ծաղիկներով այցելեցին Հաղթանակ գյուղի կենտրոնում գտնվող, գյուղի զոհված ազատամարտիկների հուշակաթող։ Հուշամրցաշարի վճռական խաղում Բագրատաշենի թիմը 2։1 հաշվով հաղթեց Այրում քաղաքի թիմին։ Հուշամրցաշարի հաղթող թիմին եւ մրցանակակիրներին մրցանակներ հանձնեցին խոշոր Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը։ Մրցաշարի եզրափակիչ խաղին ներկա էր ԱԺ պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանը, որը անցյալ տարվա աշնանն Արցախում տեղի ունեցած պատերազմից հետո հանրային քիչ միջոցառումների է մասնակցում։ Հուշամրցաշարի եզրափակիչ խաղին ներկա էր նաեւ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամիկը, որի հետ հաղթանակցի աղջիկները լուսանկարվում էին։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գարեգին Նժդեհի փողոցում դանակահարություն է եղել: Հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում ստացվեց, որ Գարեգին Նժդեհի փողոցից «աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գարեգին Նժդեհի փողոցի 31-ամյա մի բնակիչ, որի մայրը հայտնել է, որ որդուն դանակահարել են: Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 2-ին բաժին է ներկայացել Երեւանի Նորագավիթ թաղամասի 17-ամյա մի բնակիչ, տվել խոստովանական բացատրություն եւ ներկայացրել հանցագործության գործիք դանակը: Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: