ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԿՓՈԽՎԻ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ՀՀ կառավարության միասնական տեղեկատվական e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել մի շարք պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձեւավորման կարգը փոփոխելու վերաբերյալ նախագիծ:

 

Նախատեսվող նոր կարգավորմամբ առաջարկվում է փոփոխություն կատարել հիմնադրամի կազմակերպական-իրավական ձեւ ունեցող պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կանոնադրություններում, մասնավորապես՝ նվազեցնել կառավարման խորհուրդների անդամների թիվը: Նմանօրինակ փոփոխության անհրաժեշտությունը, ըստ նախագծին կից ներկայացված հիմնավորման, պայմանավորված է բուհական համակարգի կառավարման արդյունավետության բարձրացմամբ եւ բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումներով: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության 16 պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից 12-ը ներկայում ունեն հիմնադրամի կազմակերպական-իրավական ձեւ:

Դրանց գործունեությունը կարգավորվում է «Հիմնադրամների մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներով, ինչպես նաեւ համապատասխան բուհի կանոնադրությամբ, որը հաստատվում է հիմնադրի, այսինքն` ՀՀ կառավարության կողմից:

Բուհերի կանոնադրություններում այժմ սահմանված են խորհուրդների տարբեր թվաքանակներ՝ 32 կամ 24 հոգի: Առաջարկվում է բոլոր խորհուրդների դեպքում ունենալ ընդհանուր մոտեցում` սահմանելով 20 հոգուց բաղկացած կառավարման խորհուրդ, որը համահունչ է «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, որտեղ սահմանվում է, որ խորհրդի ձեւավորման կարգը լիազորված մարմնի ներկայացմամբ սահմանում է ՀՀ կառավարությունը: Խորհրդի թվաքանակը սահմանվում է տվյալ բուհի կանոնադրությամբ՝ առնվազն 20 հոգի:

Բուհերի կառավարման խորհուրդներում ներկայացուցչական համամասնությունը  ներկայում բաշխված է հավասարապես՝ խորհրդի ձեւավորող յուրաքանչյուր կողմին (պրոֆեսորադասախոսական կազմ, ուսանողության, հիմնադրի եւ լիազորված մարմնի ներկայացուցիչներ) 25 տոկոս: Նախագծով առաջարկվում է վերանայել եւ սահմանել ներկայացվածության հետեւյալ բաշխվածությունը՝ հիմնադրի կողմից 55 տոկոս կամ 11 հոգի, պետական կառավարման լիազոր մարմնի կողմից` 10 տոկոս  կամ 2 հոգի, բուհի պրոֆեսորադասախոսական կազմից՝ 10 տոկոս  կամ 2 հոգի, ուսանողական համակազմի ներկայացուցիչներից՝ 25 տոկոս  կամ 5 հոգի:

Այդ փոփոխությունը կատարվում է հետեւյալ հիմնավորմամբ. «Ներկայացվածության նման բաշխվածությունը բացասաբար է անդրադառնում հոգաբարձուների խորհուրդների՝ կառավարչական որոշումներ կայացնելու օպերատիվության վրա, որոշ դեպքերում հանգեցնում խորհուրդների նախագահների եւ ռեկտորների ընտրության գործընթացի արգելափակմանը՝ տարբեր բուհերում խորհուրդները դարձնելով խմբային շահերի հակամարտության հարթակ եւ փաստացի կաթվածահար անելով հաստատության բնականոն գործունեությունը։

Պետք է նշել նաեւ, որ գործող համամասնությունները որոշակիորեն սահմանափակում են կառավարության՝ որպես պետական հիմնադրամների հիմնադրի հնարավորությունները համակարգում իրականացվելիք բարեփոխումների ընթացքը կառավարելու առումով»։

Նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները ՀՀ պետական բուհերը, ոլորտում գործող հասարակական կազմակերպություններն ու հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել մինչեւ 2021 թվականի մայիսի 14-ը:

 

 

 

 

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Ռազմագործողությունների ընթացքում զոհված եւ մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների կամավորների կամ քաղաքացիական անձանց աճյունների որոնման աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից Արցախի փրկարարները հայտնաբերել եւ տարհանել են 1552 աճյուն։ Որոնողական աշխատանքների ընթացքում ժամանակ առ ժամանակ հայկական ու ադրբեջանական կողմերի միջեւ տեղի է ունեցել աճյունների փոխանակում:

 

 

 

ԵՂԱՆԱԿԸ՝ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ

Հանրապետության տարածքում մայիսի 6-7-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Մայիսի 5-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ՝ տեղ-տեղ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան, 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 5-ի ցերեկը կնվազի 7-9 աստիճանով: Երեւանում՝ մայիսի  6-7-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, 5-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վ: Մայիսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 




Լրահոս