ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԵԿԵՂԵՑԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍ Է ԴՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում Ամենայն հայոց կաթողիկոսի` սփյուռք կատարած հովվապետական այցերի ժամանակ գործարարներն ու բարերարները, որ նախկինում աստվածացնում էին նրան, վեհափառի հետ շփումները համարում երկնային շնորհ, սկսել են փախչել նրանից, խուսանավել, որոշ դեպքերում անգամ հեռանալ երկրից` սպասելով նրա մեկնումին: Թե ինչու են եկեղեցասեր եւ եկեղեցապաշտ գործարարները նման վերաբերմունք դրսեւորում կաթողիկոսի հանդեպ, դժվար չէր իմանալ ու կռահել. ինչպես շատերն են վկայում, կաթողիկոսը զբաղված է գործարարների գրպանները դատարկելով` նրանց բարեգործությունները ծառայեցնելով սեփական շահերին: Դեռ մեկ տարի առաջ Վանաձորում հանդիսավորությամբ բացվեց հայորդաց տունը, որը կառուցվել էր բարերարներ Սարգիս եւ Ռութ Բեդեւյանների ներդրումներով: Բացման հանդիսավոր արարողության ժամանակ թե՛ կաթողիկոսը, թե՛ արարողությունը վարող հայորդաց տների տեսուչ Կոմիտաս վարդապետը չհիշատակեցին գումարի այն չափը, որը տրամադրել էին բարերար ամուսինները: Վանաձորի հայորդաց տան տնօրեն Թամարա Հարությունյանը եւս վերջերս մեր հեռախոսազանգին պատասխանելիս չկարողացավ նշել հատկացված գումարի չափը` ասելով, որ դա իրենց համար անհայտ է: Շինարարությունն իրականացնող «Հակոբյան ՍՊԸ» տնօրեն Արթուր Հակոբյանը վստահեցրեց, որ իրենց տրամադրվել է 1,5 միլիոն դոլար, որով էլ կառուցվել է հայորդաց տունը: Մինչդեռ մեզ հայտնի դարձավ, որ բարերար ամուսինները Մայր աթոռին են տրամադրել 5 միլիոն դոլար` բացառապես Վանաձորի հայորդաց տան համար: Ստացվում է, որ 3,5 միլիոն դոլարը «նպատակաուղղվել է» այլ «ծրագրերի», որոնց մասին, բնականաբար, Մայր աթոռը չի կարող տեղեկություններ տրամադրել… Վեհափառից սկսել են խույս տալ նաեւ այն շինարարները, որոնք աշխատանքներ են կատարել եւ մնացել անվարձ` սպասելով կաթողիկոսի խոստումների իրականացմանը: Կաթողիկոսի համար եկամտաբեր երակներ են դարձել հատկապես Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմում ընթացող եկեղեցաշինական աշխատանքները, որոնցում իր անմիջական մասնակցությունն ունի կաթողիկոսի եղբայրը` Եզրաս եպիսկոպոսը: Զարմանալի է, որ Ռուսաստանում կառուցվող եկեղեցիների արժեքները մի քանի անգամ գերազանցում են Հայաստանում կառուցվող եկեղեցիների արժեքներին, իսկ այս հանգամանքն էլ երբեմն խոչընդոտ է դառնում այն բանին, որ հայ բարերարներն ակտիվորեն մասնակցեն եկեղեցաշինական գործերին… Բացի եկեղեցաշինական բիզնեսից, պարզվում է, որ կաթողիկոսն իր եղբոր հետ տեր է դառնում նաեւ Ռուսաստանում գտնվող հայկական ծագում ունեցող մի շարք կառույցների եւ համայնքի անդամների սեփականությանը: Այսպես, առեղծվածային պայմաններում իր «պատկանելությունը» փոխեց Օլգինոյում գտնվող հայ մեծ դերասան Վահրամ Փափազյանի տունը, որտեղ ապրում էր նրա միակ ժառանգը` անկողնուն գամված հաշմանդամ թոռնուհին: Հենց Եզրաս եպիսկոպոսի «հեռակա» մասնակցությամբ մեծ ողբերգակի թոռնուհին հայտնվեց հաշմանդամների համար նախատեսված գիշերօթիկում, իսկ տունն էլ գտավ նոր սեփականատիրոջ…ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս