Ադրբեջանցիների կողմից մեքենան քարկոծելու դեպքի մասին բավարար տեղեկություններ ձեռք չեն բերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, զոհված զինծառայողների մարմիններ տեղափոխող մեքենայի ուղղությամբ ենթադրաբար ադրբեջանցիների կողմից քարեր նետելու և մեքենայի դիմապակին ջարդելու վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով արված հրապարակումների առթիվ ԱՀ ոստիկանության կողմից կատարված դատավարական ստուգման արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի էր ունեցել 2021 թ. մարտի լույս 29-ի գիշերը, երբ ՀՀ Սյունիքի մարզի բնակիչ Հ.Հ.-ն իր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով անցնում էր Շուշի-Գորիս ճանապարհի 8.5-րդ կիլոմետրը:

«Դեպքի վայր հանդիսացող տեղանքի զննությամբ պարզվել է, որ դրա աջակողմյան հատվածում առկա է 5-6 մետր բարձրությամբ թեքվածք, որի գագաթային մասից ձգվում է մոտ 100 մետր երկարությամբ ժայռանման տեղանք՝ քարաթափման պարբերական դեպքերի հետքերով, որը ուղիղ թափվում է ճանապարհի երթևեկելի մասը:

Տրանսպորտային միջոցի վարորդը գրավոր բացատրությամբ պարզաբանել էր, որ դեպքի պահին ճանապարհի երթևեկելի մասում այլ մեքենա չի եղել, մարդ չի նկատել և քանի որ մեքենայի դիմապակին վնասվել էր հենց աջ հատվածում, ինքը ևս ենթադրել է, որ դա քարաթափման հետևանք էր:

Երբ Բերձոր քաղաքի մոտակայքում կանգնեցրել էր մեքենան և ստուգել դիմապակու վնասվածքի աստիճանը, հայտնաբերել է ավազի հատիկներ ու հողի մնացորդներ:

Նկատի ունենալով, որ դեպքի կապակցությամբ կատարված ստուգմամբ չեն պարզվել ուրիշի գույքը վնասելու կամ ոչնչացնելու ենթադրյալ հանցավոր արարքի մասին վկայող բավարար տեղեկություններ, և ձեռք բերված փաստական տվյալները վկայել են, որ Հ.Հ.-ի տրանսպորտային միջոցի դիմապակին վնասվել էր քարաթափման հետևանքով, ուստի 20.04.2021 թ. հետաքննության մարմնի կողմից որոշում է կայացվել ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (հանցադեպի բացակայություն) նախատեսված հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին»,- հայտնում են ԱՀ դատախազությունից:




Լրահոս