Գրեթե բոլոր մարզերում բնակիչների թիվը պակասել է. սահմանամերձ Սյունիքը ռեկորդակիր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի գրեթե բոլոր մարզերում մեկ տարվա ընթացքում բնակիչների քանակը պակասել է: Օրինակ, Արագածոտնի մարզում բնակիչների քանակը պակասել է 200-ով, Արարատում՝ 100-ով, Գեղարքունիքում՝ 200-ով: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ Լոռիում բնակիչների թվաքանակը պակասել է 600-ով, Շիրակի մարզում՝ 300-ով: Պակասել է նաեւ Սյունիքի մարզի բնակիչների քանակը՝ 1800-ով. եթե նախորդ տարվա ապրիլի 1-ի դրությամբ սահմանամերձ Սյունիքում բնակիչների քանակը կազմել է 93 հազար, ապա այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ այն 91 հազար 200 է:

Մտահոգող է նաեւ Տավուշի մարզի ցուցանիշը. այս մարզում 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ 51 հազար 300, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում 50 հազար: Իսկ ահա Վայոց Ձորում բնակիչների քանակը պակասել է 400-ով: Բայց մյուս կողմից, հավելենք, որ նույնն է մնացել Կոտայքի մարզի բնակիչների քանակը՝ 136 հազար 800: Արմավիրի մարզում եւս բնակիչների քանակը չի պակասել՝ եւ 2020-ի ապրիլի 1-ի դրությամբ բնակիչների քանակը կազմել է 82 հազար 400: Մյուս կողմից մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երեւան, որտեղ եւ բնակություն է հաստատում:

Նշենք, որ Երեւանի բնակչության թվաքանակը 4900-ով ավելացել է. նախորդ տարվա ապրիլի 1-ի դրությամբ Երեւանում բնակիչների քանակը կազմել է 1 մլն 83 հազար 800, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 1 մլն 93 հազար 600: Սա ապացուցում է, որ վերջին տարիներին Հայաստանի ոչ մի իշխանության չհաջողվեց մարզերը համաչափ զարգացնել, որպեսզի մարզի բնակիչը չկողպի գյուղի կամ քաղաքի իր տունն ու բնակություն չհաստատի Երեւանում՝ օրական 3000-4000 դրամ աշխատավարձ ստանալու համար:

Ս.Հ.




Լրահոս