Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհի 82-րդ կիլոմետրը, որտեղ հողը շուրջ 250 մետր սողացել էր ներքեւ` իր հետ 35 ավտոմեքենա ձորը տանելով, շարունակում է արտակարգ իրավիճակների նախարարության ուշադրության կենտրոնում մնալ: Երեկ 5 անհետ կորածներին գտել են: Տեղանքը թեք է, դրա համար էլ տեխնիկայի աշխատանքը դժվարանում է: Թեքության վրա վերեւից կարող է այլ հողակույտ թափվել: Երեկ սողանքի վայրից գտնվեց անհետ կորած, Արճիսի բնակիչ Նորիկ Միրզոյանին պատկանող Վազ-2106 մակնիշի ավտոմեքենան: Այն ջարդված էր, գետնի մեջ խրված, մեջն էլ հողով լի: «Ժիգուլի»-ն «կռունկ» մեքենայի միջոցով հանելու բոլոր փորձերն ապարդյուն անցան: Որքան էլ «կռունկը» ճոպանով ձգում էր, միեւնույն է, վերեւից հողի շերտն ավելի էր ճնշում: Փլուզման վայրում էին գտնվում երեւանցի երեք երիտասարդներ` անհետ կորած Արմեն եւ Մեխակ Սորսումատյանների բարեկամները: Մեխակ Սորսումատյանի քրոջ ամուսինը դժգոհեց, որ որոնողական աշխատանքները շատ դանդաղ են կատարվում: Իսկ Դեբեդի կամրջին երկաթուղայինները կարգի էին բերում Այրումի պահածոների գործարան ձգվող երկաթգծի ճյուղավորումը, որպեսզի երկաթուղու միջոցով հատուկ տեխնիկան մոտենա սողանքի վայր: Ժամը 15-ի դրությամբ տարերքի վայր ժամանեց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Քիչ անց հայտնվեց ռազմական ուղղաթիռ, որը փլուզման վայրից գետնի երեսին գտնվող քիչ տուժած մարդատար մեքենան օդով տարհանեց անվտանգ տեղ: Նախարար Երիցյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում փրկարարների աշխատանքը, որից մարդիկ դժգոհ են: «Գերազանց եմ գնահատում»,-պատասխանեց Արմեն Երիցյանը: Մինչդեռ եթե սեպտեմբերի 28-ի սողանքից հետո այդ վայրում արագ եւ ճշգրիտ գնահատվեր իրավիճակը, փակվեր վտանգավոր ճանապարհը, այսօր 5 մարդ անհետ կորած չէր լինի:ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՏավուշ
ԴԱՆԴԱՂԱՇԱՐԺ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ