Արարատ Միրզոյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 6-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերին:

Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը շնորհավորել է նրան մեր երկրում դեսպան նշանակվելու առթիվ և վստահություն հայտնել, որ Գալագերի պաշտոնավարման ընթացքում հայ-բրիտանական հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն:

«Մենք շահագրգռված ենք ընդլայնել և խորացնել Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները եւ կարևորում ենք Ազգային ժողովի դերն այս երկխոսության մեջ»,- նշել է Արարատ Միրզոյանը:

Խորհրդարանի ղեկավարը կարևոր է համարել Միացյալ Թագավորության աջակցությունը մեր երկրում տարբեր ոլորտների զարգացման գործում. «Որպես ԱԺ նախագահ՝ արժևորում եմ Միացյալ Թագավորության մասնակցությունը ՄԱԿ-ի՝ «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագրում, որով արձանագրվել են կոնկրետ եւ շոշափելի արդյունքներ»:

Անդրադառնալով խորհրդարանների միջեւ համագործակցությանը՝ օրենսդիր մարմնի ղեկավարը հույս հայտնեց, որ համավարակի հաղթահարմանը զուգընթաց բարեկամական խմբերի միջեւ շփումներն ավելի կակտիվանան:

Օգտվելով առիթից՝ ԱԺ նախագահը Հայաստան է հրավիրել Միացյալ Թագավորության խորհրդարանում մեր երկրի հետ բարեկամական խմբի անդամներին:

«Անցյալ տարի մեր երկիրն առճակատվեց ավելի մեծ արհավիրքի հետ, քան համավարակն էր: Ադրբեջանը Թուրքիայի բացահայտ աջակցությամբ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի հայության դեմ՝ այդ ընթացքում թույլ տալով ռազմական հանցագործություններ, թիրախավորելով խաղաղ բնակչությանը, ենթակառուցվածքները: Արդյունքում հաստատվեց հրադադարի ռեժիմ, բայց Ադրբեջանը շարունակում է մինչ օրս խախտել միջազգային մարդասիրական օրենքի նորմերը, Ժնևյան կոնվենցիայի դրույթները՝ ազատ չարձակելով հայ ռազմագերիներին: Մեզ համար սա ծայրահեղ հրատապ խնդիր է և մեր բոլոր միջազգային գործընկերները, առաջնորդվելով մարդասիրական մղումներով, պետք է անհապաղ միջամտեն այս հարցին»-ընդգծել է ԱԺ նախագահը:

Միրզոյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական հուշարձանների նկատմամբ առանձնակի բարբարոսական վերաբերմունքի վերաբերյալ.

«Ցավոք, Ադրբեջանը շարունակում է ակնհայտ հայատյաց քաղաքականությունը եւ ագրեսիվ հայտարարությունները, ինչի վառ օրինակն է Ադրբեջանի նախագահի կողմից պուրակի բացումը Բաքվում»:

Ըստ խորհրդարանի ղեկավարի՝ Արցախի անվտանգության ապահովման երաշխիքը ինքնորոշման ճանաչումն է: Ինչ վերաբերում է հակամարտության վերջնական լուծմանը, ըստ Միրզոյանի, դրան հնարավոր է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով:

Դեսպանը նշել է, որ Միացյալ Թագավորությունը հետաքրքրված է տարածաշրջանում կայուն խաղաղության պահպանմամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ հունիսին 20-ին նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություներին: ԱԺ նախագահը վստահեցրել է, որ իշխանությունն ամեն ջանք գործադրելու է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար:




Լրահոս