Ադրբեջանը փոխում է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի պատմաճարտարապետական ամբողջականությունը՝ անդրադառնալով հայկական եկեղեցու գմբեթները հանելու վերաբերյալ տեղեկություններին. ահազանգում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Հատկանշական է, որ Ադրբեջանը Շուշիի Մայր տաճարի հետ կապված գործողություններ է իրականացնում, առանց Հայ առաքելական եկեղեցու հետ խորհրդակցելու, ինչն ակնհայտորեն խախտում է հայ հավատացյալների՝ կրոնի ազատության իրավունքը։ Նույնքան մտահոգիչ է, որ Ադրբեջանը սկսել է եկեղեցու ճարտարապետական տեսքի փոփոխման աշխատանքներ կատարել մինչեւ ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագետների գնահատման առաքելության կողմից աշխատանքների սկսումը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը դիտավորյալ արգելափակում է ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքը դեպի վտանգված հայկական մշակութային ժառանգության վայրեր՝ մի կողմից քողարկելու իր կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, իսկ մյուս կողմից՝ փոխելու հուշարձանի պատմաճարտարապետական ամբողջականությունը», – նշում է Հայաստանի արտաքին գերատեսչությունը:
Որ մայիսի 9-ին ընդառաջ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթները հանվում են, դեռ երեկ համացանցում գրառում արեց Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության բաժնի պետ Հունան Թադեւոսյանը՝ կից տեղադրելով լուսանկարներ։ Հայկական հետքն ու դիմագիծը, հոգեւոր ու մշակութային ժառանգությունը Ադրբեջանը վերացնում է վերանորոգման ու ռեստավրացիայի անվան տակ. ահազանգում է հայկական կողմը, բայց անարձագանք։
«Մի քանի անգամ եղել է, որ ՅՈւՆԵՍԿՕ-ից նույնիսկ արդեն հայտարարել էին, որ գալիս են Արցախ, բայց այդպես էլ չեկան: Ցեղասպանությունից հետո, այսպես ասած, հիմա էլ անցել են մշակութային ջարդի, եւ երեկ՝ արդեն օրվա երկրորդ կեսին, տեսանք, որ Շուշիի գմբեթները հանվում են: Դրանից առաջ էլ՝ պատերազմից անմիջապես հետո, Կանաչ ժամ-Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթներն էին հանել», – նշեց Թադեւոսյանը:
19-րդ դարում կառուցված Ղազանչեցոց եկեղեցին մեկ անգամ վնասվել է 1920-ին Շուշիի հայ բնակչության ջարդերի ժամանակ եւ ադրբեջանցիների կողմից օգտագործվել որպես պահեստ։ Եկեղեցին վերականգնվել էր 90-ականների պատերազմից հետո, երբ հայկական ուժերը գրավեցին բերդաքաղաքը։ Եկեղեցու վերակառուցված գմբեթը կրկին վնասվեց 44-օրյա պատերազմի ժամանակ՝ մեկ օրում, Ադրբեջանի կրկնակի հրթիռակոծման հետեւանքով։
Շուշիի՝ հայկական ժառանգության խորհրդանիշ դարձած եկեղեցու խնդրին անդրադարձել են նաեւ օրենսդիրները։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը Ադրբեջանի նման քայլերի տակ մի շարք պատճառներ է տեսնում. «Վերացնել հայկական ինքնության վերաբերյալ ցանկացած նշում Ադրբեջանում, եւս մեկ անգամ ընդգծել ադրբեջանի հայատյաց վերաբերմունքը, հստակ ընդգծել, որ Ադրբեջանը չի ցանկանում որեւիցե եղանակով հանդուրժել որեւիցե էթնիկ հայի ներկայությունը այդ տարածաշրջանում»:
Հայության նկատմամբ էթնիկ ատելությունը պետք է ունենա արձագանք միջազգային հանրության կողմից. ասում է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը. «Սա մի պետության քաղաքականություն է, որը տպավորություն է թողնում, որ այս մարդիկ չունեն մշակութային պատմություն եւ հենց նման մոտեցմամբ էլ վերաբերվում են հայկական մշակույթին՝ փորձելով վերացնել բոլոր հետքերը»:
«Հերթական վկայությունն է նրա, որ Արցախի հայության անվտանգ գոյությունը Ադրբեջանի կազմում անհնար է, եւ աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը: Սա է այն քաղաքականությունը եւ դիրքորոշումը, որը մենք՝ որպես Հայաստանի Հանրապետություն, ունենք, եւ այստեղ որեւէ փոփոխություն չկա», – ասաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:
Որ հարցը պետք է լինի միջազգային կառույցների, այդ թվում նաեւ՝ Մինսկի խմբի համանախագահների ուշադրության կենտրոնում, բարձրաձայնում են իշխող խմբակցության անդամները։
Ն.Հ.
ՆԻՍՏ
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, երեկ շարունակվում էր ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին սույն քրեական գործը մասամբ կարճվել է։ Դատարանը արդարացրել էր Սեյրան Օհանյանին եւ Յուրի Խաչատուրովին, եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի նկտամամբ քրեական հետապնդումը դադարեցրել էր այդ մասով: Նրանք նույնպես ունեն արդարացվածի կարգավիճակ։ Մնացած մեղադրանքների մասով սույն գործով քննությունը շարունակվում է: Դատական նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը ներկա չէին: Դատական նիստի սկզբում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդեւանյանը դատարանին ասաց, որ եթե սկզբունքորեն պարտադիր է նախագահ Քոչարյանի ներկա գտնվելը դատական նիստին, ապա շատ կարճ ժամանակում ինքն այդ հարցը կլուծի ու կներկայացնի Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը հարցի վերաբերյալ:
399 ՆՈՐ ԴԵՊՔ
Մայիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 217407 դեպք, որոնցից 201107-ը` առողջացած, 4165-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11106 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 996955 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 3343 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 399 նոր դեպք: Ունենք 635 առողջացած եւ 16 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1029 է:
ՊՂԾՈՂԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
Հայաստանի Հանրապետության ոստիկանության փոխանցմամբ՝ Երեւանում Մահաթմա Գանդիի արձանը պղծած տղամարդը հայտնաբերվել է: Ապրիլի 29-ին ԶԼՄ-ներում հրապարակումներ էին եղել, որ պղծել են Մահաթմա Գանդիի արձանը: Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը դեպքի վայրում պարզել էր, որ վնասել են Հալաբյան եւ Մարգարյան փողոցների հարակից զբոսայգում տեղադրված Մահաթմա Գանդիի արձանը եւ պատվանդանը: Պարզվել է արարքը կատարողի ինքնությունը: Երեւան քաղաքի 61-ամյա բնակիչը բերման է ենթարկվել Մաշտոցի բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք: Կատարվում է նախաքննություն:
ԻՆՉՈ՞Վ Է ՊԱՏՎԱՍՏՎԵԼ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը կնոջ` Աննա Հակոբյանի հետ միասին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, հրաժարվեց պատասխանել հարցին, թե որ պատվաստանյութով է պատվաստվել։ Ազգային ժողովում նրան պատվաստանյութի վերաբերյալ հարց տվեց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Վարչապետը չհայտնեց տեսակը, սակայն մանրամասնեց` փոխվարչապետներից մեկը պատվաստվել է «AstraZeneca» տեսակի պատվաստանյութով, մյուսը պատվաստվելու է «Sputnik V»-ով: Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատվաստվել է «AstraZeneca» տեսակի պատվաստանյութով, հետեւաբար Մհեր Գրիգորյանը պատվաստվելու է «Sputnik V»-ով:
«Հույս ունեմ` ԱԺ նախագահությունից որեւէ մեկը կպատվաստվի չինական պատվաստանյութով, որը մենք ունենք»,- ասաց Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարը վստահեցրեց, որ եթե Առողջապահության նախարարությունը որեւէ պատվաստանյութ թույլ է տվել, որ մտնի շրջանառության մեջ, ուրեմն պետք է դուրս գալ այն քննակումից, թե որեւէ պատվաստանյութ լավն է, մյուսը` ոչ: Ավելին, նրա այս հայտարարությունից հետո խորհրդարանում ուրախ տրամադրություն էր տիրում: Եվ չնայած Նիկոլ Փաշինյանը փորձեց ամբիոնից թաքցնել, թե որ տեսակի պատվաստանյութով է պատվաստվել, սակայն հենց նրա սոցիալական ցանցի իր էջում հրապարակված տեսանյութից էլ պարզ է դառնում, որ պատվաստվել Sputnik V պատվաստանյութով: Ստացվում է՝ նրա կադրերում ամեն ինչ երեւում է, սակայն պարզապես ԱԺ ամբիոնից չցանկացավ ասել այդ մասին:
ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ ԿՆԵՐԳՐԱՎՎԵՆ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում միջազգային փորձագետներ կներգրավվեն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից այս մասին որոշման նախագիծն արդեն շրջանառման մեջ է դրվել: Մեզ հայտնի դարձավ, որ այս նախագծով առաջարկվում է սահմանել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում միջազգային փորձագետների ներգրավման կարգը: Այն գործելու է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության շրջանակներում: Իսկ ներգրավվող միջազգային փորձագետները Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության գործընթացում ունենալու են խորհրդակցական ձայնի իրավունք: