Բացահայտվել է Շիրակի մարզի Ղազանչի համայնքի նախկին ղեկավարի կողմից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Ս.Ղ-ն, 2012թ. հանդիսանալով Շիրակի մարզի Ղազանչի համայնքի ղեկավար, շահադիտական նպատակով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու միջոցով, մեկ միասնական դիտավորությամբ, ապօրինի, անհատույց շահադիտական դրդումներով 2013-2016թթ. ընթացքում յուրացման եւ վատնման եղանակներով հափշտակել է համայնքի՝ առանձնապես խոշոր չափերի՝ 3.660.000 ՀՀ դրամ գումարը, կատարել պաշտոնեական կեղծիքներ եւ չարաշահել պաշտոնեական լիազորությունները:
Ս.Ղ-ն 2014-2016թթ. ընթացքում Ա.Հ-ին հրամանագրել է որպես համայնքի հաշվապահ եւ վերջինի կողմից աշխատանքի չհաճախելու ու աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում կազմել, հաստատել եւ վավերացրել է աշխատաժամանակի հաշվարկավճարային՝ բովանդակությամբ կեղծ տեղեկագրեր, աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել հիշյալ աշխատակցի կողմից աշխատանքի հաճախելու, իր գործառութային պարտականությունները կատարելու եւ այլնի վերաբերյալ: Այնուհետեւ բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով` աշխատավարձի եւ վերջնահաշվարկի տեսքով ներկայացրել է վճարման, որի արդյունքում համայնքի բյուջեից Ա.Հ-ի անվամբ անհիմն կարգով ելքագրվել է շուրջ 2.100.000 ՀՀ դրամ:
Շարունակելով առանձնապես խոշոր չափերի հասնող գույքը հափշտակելու հանցավոր մտադրության իրականացումը՝ Ս.Ղ-ն, 2013-2016 թվականների ընթացքում նախնական համաձայնության գալով հարկային գործակալ Ք. Գ-ի հետ, սոցիալապես անապահով անձանց աջակցություն տրամադրելու պատրվակով համայնքի բյուջեից ելքագրել է շուրջ 700.000 ՀՀ դրամ գումար, որը չի հատկացրել հիշյալ անձանց, այլ ստանալով այն՝ յուրացման եղանակով հափշտակել է:
Բացի այդ, Ս. Ղ-ն, առանց սահմանված կարգի, այն է՝ առանց ավագանու որոշման, 2013-2014թթ. ընթացքում համայնքապետարանից 380.000 ՀՀ դրամ գումար է փոխանցել իր կնոջը՝ Վ.Շ-ին՝ իրավաբանական ծառայություններ մատուցելու համար, եւ այդ կերպ վատնել համայնքի բյուջեից ելքագրված գումարները:
Նույն եղանակով, իբր, համայնքին գույք եւ սարքավորումներ վարձակալությամբ տրամադրելու պատրվակով 2015թ. հոկտեմբերի 30-ին համայնքի բյուջեից ելքագրել է 300.000 ՀՀ դրամ գումար եւ յուրացրել այն:
Ս.Ղ-ն 2016թ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Է.Գ-ի հետ կնքել է նաեւ շինծու պայամանագիր, ըստ որի՝ իբր, աշխատակազմի կարիքների համար շահագործման նպատակով իր անձնական «Ռենո» մակնիշի ավտոմեքենան վարձակալությամբ տրամադրել է համայնքապետարանի աշխատակազմին, որի դիմաց ստացել է ընդհանուր 180.000 ՀՀ դրամ գումար եւ յուրացրել այն:
2016 թվականի հոկտեմբերին Ս.Ղ-ն, անձնական շահագրգռվածությունից ելնելով, կայացրել է միանձնյա որոշում, կազմել եւ օգտագործել է իրավունք վերապահող եւ իրավաբանական նշանակություն ունեցող կեղծ փաստաթղթեր, կազմակերպել ձեւական աճուրդ, որի արդյունքում իր կնոջը՝ Վ.Շ-ին, երկարաժամկետ վարձակալության է տրամադրել համայնքապատկան 2.45 եւ 3 հա մակերեսներով գյուղատնտեսական նշանակության վարելահողեր, ինչի արդյունքում համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս. համայնքը զրկվել է համայնքապատկան գույքը տնօրինելու, տիրապետելու եւ օրինական աճուրդի կայացման պարագայում իրական եկամուտ ստանալու հնարավորությունից:
Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում, պաշտոնեական դիրքի չարաշահում եւ պաշտոնեական կեղծիք կատարելու հիշատակված դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով:
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑԸ ՑԱԾ Է ՆԵՏՎԵԼ
ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Դավիթաշենի կամրջից ցած նետված տղամարդու դեպքից: Մեզ հասած տեղեկություների համաձայն՝ տղամարդը մասնակցել է 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմին, եղել է լավագույն դիպուկահարներից մեկը: Իսկ թե ինչու է գնացել այդ քայլին, իրավապահները քննություն են իրականացնում: Հիշեցնենք՝ shamshyan.com-ը գրել էր մայիսի 4-ին՝ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 եւ ոստիկանության Երեւանի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա։
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԱՅՔ ԾԵԾԵԼ ԵՆ
ArmLur.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 30-ին՝ ժ.16.20-ին, 2-րդ պոլիկլինիկայից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «երկու ձեռքերի կապտուկներ, քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի կին՝ Լ.Ղազարյանը, որն աշխատում է Շրջակա միջավայրի նախարարությունում որպես գլխավոր մասնագետ: Վերջինս բժիշկներին հայտնել է, որ աշխատավայրում իրեն ծեծի են ենթարկել: Պոլիկլինիկայի ահազանգի հետքերով նախարարություն են շտապել իրավապահները եւ պարզել, որ ապրիլի 29-ին՝ ժ.11.00-ին, Շրջակա միջավայրի նախարարությունում Լ. Ղազարյանը վիճաբանել է նախարարության մեկ այլ աշխատակից Նառա Սահակյանի հետ, որի ժամանակ վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել Լ.Ղազարյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք, եւ հնչեցրել սպանության սպառնալիքներ: Ու մինչ իրավապահները սկսել են հետաքննություն եւ փորձել են պարզել նախարարության կանանց ծեծկռտուքի պատճառը, Ն.Սահակյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ պատմել է եղելությունը: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` Ն. Սահակյանը հայտնել է, որ նշված վիճաբանության ժամանակ Լ.Ղազարյանը ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Ի դեպ, իրավապահները նախարարության երկու կին աշխատակիցներին հրավիրել են հարցաքննության, որպեսզի վերջիններս բացատրություն տան դեպքի մասին, սակայն Լ. Ղազարյանը եւ Ն. Սահակյանը հրաժարվել են հաղորդումներ տալ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները դեպքի առթիվ նշանակել են դատաբժշկական փորձաքննություն:
ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴԻՐՔԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փաստաթղթեր կեղծելու եւ խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ քննված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի ղեկավարին եւ նրա եղբորը:
«ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի բաժնում պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փաստաթղթեր կեղծելու եւ խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ քննված քրեական գործով պարզվել եւ հիմնավորվել է, որ Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի ղեկավարը, 2012-2017թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հաստատապես իմանալով, որ եղբոր ընտանիքը որպես նպաստառու հաշվառված է անապահովության գնահատման համակարգում, եւ նրան համայնքապետարանում աշխատանքի ընդունելու պարագայում վերջինիս ընտանիքը կզրկվի ընտանեկան նպաստ ստանալու իրավունքից, պայմանավորվածություն է ձեռք բերել իր անմիջական ենթակա, նույն համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի եւ նրա եղբոր հետ, որից հետո իր եղբոր փոխարեն վերջինիս ձեւականորեն ձեւակերպել է վարորդի պաշտոնում:
Համայնքի ղեկավարը կազմել եւ իր ստորագրությամբ ու գյուղապետարանի կնիքով վավերացրել է վճարման կեղծ հանձնարարագրեր, որոնցում կեղծ տեղեկություններ են մտցվել, թե, իբր, քարտուղարի եղբայրն է իրականում հաճախել աշխատանքի, կատարել վարորդի պարտականությունները եւ իր կատարած աշխատանքի դիմաց ենթակա է վարձատրման:
Համայնքի ղեկավարի եղբայրն իր հերթին, 2012-2016թթ. ընկած ժամանակահատվածում փաստացի կատարելով վարորդի պարտականությունները, Լոռու մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն ներկայացված ամենամյա դիմում-հայտարարագրերում կեղծ տեղեկություններ է մտցրել, թե, իբր, չունի այլ եկամուտներ, եւ խաբեության եղանակով, խարդախությամբ հափշտակել 1.706.000 ՀՀ դրամ նպաստի գումար՝ պետությանը պատճառելով էական վնաս:
Համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու, իսկ վերջինիս եղբորը՝ փաստաթղթեր կեղծելու եւ խոշոր չափերով խարդախություն կատարելու համար: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան»,- տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն: