ԽԵԼԱԳԱՐ ՍԻՐԱՀԱՐԸ, ՆՊԱՍՏԱՎՈՐ ԵՐԿՐՆԵՐԸ ԵՎ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուքինգհեմյան պալատից մի քանի մետր հեռավորության վրա  հայտնաբերել են 69-ամյա ամերիկացի Ռոբերտ Ջեյմս Մուրի դիակը, ով խենթի պես սիրահարված է եղել թագուհի Ելիզավետա 2-րդին: Նա ընդհանուր առմամբ 600 նամակ է ուղարկել թագուհուն: Մուրի կմախքը` օղու շշերով շրջապատված, հայտնաբերել է այգեպանը, որը կտրելիս է եղել Վեսթ-Այլընդի ծառերն ու թփերը: Պաթանատոմիական փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ թագուհուն խենթի պես սիրահարվածը մահացել է երեք տարի առաջ` բնական մահով: Մինչ դատաբժիշկները մի շարք փորձաքննություններով կարողացել են հաստատել  խելագար-սիրահարի ինքնությունը, մի շարք հետազոտողներ հայտնաբերել են, որ միկրոսկոպիկ ելունդները, որոնք գոյություն ունեն քթի լորձաթաղանթի վրա, շարունակում են տրոփել նույնիսկ մարդու մահից հետո, եւ դրանց շնորհիվ կարելի է պարզել մարդու մահվան իրական ժամանակը: Հետազոտողներն ուսումնասիրել են մոտ 200 դիակ, որի արդյունքում պարզվել է, որ այդ ելունդներն առնվազն 20 ժամ շարժունակ վիճակում են մնում: Իսկ Forbes հեղինակավոր ամսագրի հետազոտողներն ավելի են խորացել եւ հայտնաբերել են բիզնեսի համար առավել հարմար երկրները: Առաջին հորիզոնականում ԱՄՆ-ն է: Ըստ այդ ցուցակի` Հայաստանը 134 երկրների մեջ գրավում է 89-րդ հորիզոնականը: Համեմատության կարգով ասենք, որ մեր հարեւան երկրներից Ադրբեջանն այս ցուցակում 78-րդն է, Թուրքիան` 54-րդը, Վրաստանը` 50-րդը, Իրանը` 125-րդը, Ռուսաստանը` 102-րդը: Չնայած այն բանին, որ ԱՄՆ-ը, ըստ Forbes-ի, բավականին հարուստ երկիր է, չգիտես ինչու, վերջին շաբաթներում ԱՄՆ-ում չեն դադարում տնտեսության անկման  հետ կապված ցույցերը: Լոս Անջելեսի բնակիչները  վրանային ճամբար են ստեղծել քաղաքապետարանի շենքի մոտ: Մասնակիցները հանդես են գալիս ԱՄՆ ֆինանսական ինստիտուտների եւ կորպորացիաների չարաշահումների դեմ: Ոստիկանների հավաստմամբ` ցույցերը խաղաղ բնույթի են, եւ արդեն 2 օր է, ինչ քաղաքապետարանի առջեւ որեւէ արտառոց պատահար չի գրանցվել: Իսկ մինչ Սոմալիում ՄԱԿ-ի տվյալներով սովահարություն է, եւ երեխաներ են մահանում, ԱՄՆ  բանտերի 12 հազար  կալանավորներ չցանկանալով քաղաքապետարանի մոտ ցույց անողներից հետ մնալ,  հրաժարվում են սնվել: Այս կերպ նրանք իրենց բողոքն են արտահայտում բանտերում տիրող սարսափելի պայմանների դեմ: Եթե նրանց թիվն աճի, ապա սա կլինի ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ բանտային շարժումը: Կարծես թե հայերն էլ ամերիկացիներից ոչնչով հետ չմնալու ցանկությամբ որոշել են  նստացույց անել` իշխանություններից բողոքելով  եւ պահանջներ ներկայացնելով: Սակայն ի տարբերություն ԱՄՆ ոստիկանների` հայ ոստիկանները շտապեցին հայտարարել, որ Ազատության հրապարակում կազմակերպած նստացույցն անօրինական է: ՆԱՐԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ




Լրահոս