Ազգային ժողովն այսօր՝ մայիսի 7-ին, քննարկում է Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Գեղամ Հովեյանի ընտրության հարցը:
Նրա թեկնածությունն առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը:
Գեղամ Հովեյանի կենսագրությունը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության և խորհրդարանի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ հանձնաժողովը հավանություն է տվել Հովեյանի թեկնածությանը:
Կարեն Գրիգորյանը ներկայացրեց, թե երբ, որտեղ է ծնվել Հովեյանը, որտեղ է սովորել, աշխատել։ Նշենք, որ Հովեյանը Վերահսկիչ և Հաշվեքննիչ պալատներում զբաղեցրել է տարբեր բարձր պաշտոններ։
Հարկ է նշել նաև, որ Կարեն Գրիգորյանը Գեղամ Հովեյանի կենսագրությունը ներկայացնելիս բաց թողեց այն հանգամանքը, որ Հովեյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ պատգամավորների թեկնածուների համամասնական ցուցակով է առաջադրված եղել (149 համար)։ Գեղամ Հովեյանը բացի համամասնական ցուցակից Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակագով է առաջադրված եղել։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր ՀՀ վերահսկիչ պալատի համայնքների վերահսկողության վարչության պետի պաշտոնը։