Առաջարկվում է 1 տոննա ցեմենտի համար սահմանել 14 հազար դրամ պետտուրք, նույնքան կլինկերի համար` 2 հազար դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցեմենտի եւ կլինկերի ներմուծման կանոնակարգմանը, այն լիցենզավորվող գործունեություն դարձնելուն եւ որոշակի տուրքով հարկվելուն ուղղված Կառավարության նախաձեռնությունը քննարկվեց մայիսի 7-ի ԱԺ նիստում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող լրացումը:

Ըստ հիմնական զեկուցողի` ՀՀ տնտեսական ներուժի պահպանմանը, մեր երկրում առկա ցեմենտի երկու գործարանների գարծարկմանն ուղղված նախաձեռնության սկզբնական տարբերակը չի ընդունել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջինից երկրորդ ընթերցում ներկայացնել հիմնականում այն տարբերակը, որը գործել է մինչեւ 2020-ի դեկտեմբերի 31-ը: Միակ փոփոխությունը կլինկերի ներմուծման տուրքի ավելացումն է»,-նշեց Քերոբյանը:

«Գլխադասային` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է բացասական եզրակացություն»,-ասաց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Նա նշեց, որ Կառավարությունն առաջարկել է 1 տ ցեմենտի համար սահմանել 25 հազար դրամ պետտուրք, կլինկերի համար` 9 հազար դրամ: Թունյանի խոսքով` հանձնաժողովի նիստում մանրամասն քննարկվել է նախաձեռնությունը եւ որոշում է կայացվել, որ նախաձեռնության ընդունման արդյունքում շուկայում մենաշնորհ կտիրեր: Զեկուցողը տեղեկացրեց, որ հարցը հավելյալ քննարկվել է գործադիրում, համաձայնություն է ձեռք բերվել 1 տ ցեմենտի համար սահմանել 14 հազար դրամ պետտուրք, իսկ 1 տ կլինկերի` 2 հազար դրամ:

Ելույթներում պատգամավորները կարեւորեցին մինչեւ տարեվերջ ցեմենտի վերահսկման լաբորատորիա ունենալու հանգամանքը, ինչը հնարավորություն կտա վերահսկելու ցեմենտի որակը:




Լրահոս