ԱՊՐԻԼՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԶԵԿՈՒՅՑԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պետությունը պատրաստ չի եղել պատերազմին»,- Ազգային ժողովում ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի՝ փակ նիստում կայացած քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին։

 

Լրագրողը մասնավորապես հետաքրքրվեց Մարուքյանից, թե արդյոք 2016-ի բացթողումներն այս տարիների ընթացքում լրացվել են, զեկույցը տվեց արդյոք այս հարցի պատասխանը։

«Չէ, զեկույցն այդ հարցի պատասխանը չի տալիս, բայց ես կարող եմ այդ հարցի պատասխանը տալ առանց զեկույցի, որ այն թերությունները, որոնք մենք ունեցել ենք ապրիլյանի ժամանակ, էդ թերությունները մենք որպես պետություն չենք վերացրել, որովհետեւ մենք, երբ խոսում ենք բանակի եւ պատերազմի մասին, մենք պետք է հասկանանք, որ բանակը միայնակ չի պատերազմի մեջ, ամբողջ պետական կառավարման համակարգը պետք է պատրաստ լիներ պատերազմների, սակայն ապրիլյան պատերազմից հետո, թեկուզ եւ 4-օրյա, մեր պետական համակարգը չի պատրաստվել ո՛չ մինչեւ հեղափոխությունը, ո՛չ հեղափոխությունից հետո, – պատասխանեց Մարուքյանը՝ շարունակելով:- Բնականաբար, մեծ պլաններ են եղել, օրինակ՝ ես գիտեմ, Օնիկ Գասպարյանի մասով կարող եմ ասել, որ մեծ պլաններ են եղել եւ ներկայացվել են, թե ինչ պետք է արվի, բայց նրա նշանակումից մեկ ամիս անց 44-օրյա պատերազմը սկսվել է։ Այդ մեկ ամսում էլ հնարավոր չէր շտկել եւ պատրաստել պետությունը պատերազմին։ Հետեւաբար, մենք դիվանագիտական դաշտում պետք է ամեն ինչ անեինք, որ պատերազմ չսկսկեր։ Պետությունը պատրաստ չի եղել պատերազմին, ոչ թե բանակը, այլ պետությունն ամբողջությամբ»։

Իսկ Անդրանիկ Քոչարյանը խոստանում է` առաջիկա օրերին Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցից որոշ հատվածներ հասանելի կլինեն հանրությանը։ Նշենք, որ երեկ ԱԺ-ում փակ նիստում ներկայացվել եւ քննարկվում էր Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցը։

«Ես մոտ 1-ժամանոց ելույթ ունեցա, եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկեց, որ իմ ելույթից որոշակի ծաղկաքաղ արվի ու ներկայացվի։ Մոտակա 2-3 օրերին, եթե գտնենք նման կտորներ, կհրապարակենք։ Ամեն դեպքում, այդ զեկույցում պատերազմի շատ հարցերի պատասխաններ են փաստագրվել։ Պետք է հավելեմ, որ միայն ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը չհանդիպեց հանձնաժողովի հետ, եւ եթե նրան էլ լսեինք, կամբողջականացվեր փազլը»,-ասաց Քոչարյանը։

Լրագրողների նկատառմանը, թե պարզել են արդյոք` հայկական կողմը երբ է իմացել, որ Ադրբեջանը լայնածավալ գործողություններ է սկսել Ապրիլյանի ժամանակ, պատգամավորն արձագանքեց, թե, այո, իր ելույթով ժամով եւ րոպեով նշված է այդ դրվագը, սակայն այդ մասին հայտարարել դեռ չեն կարող, քանի դեռ պարզ չէ` զեկույցի որ մասն է համարվում գաղտնի։

Հարցին, թե ամեն դեպքում հաղթել ենք ապրիլյան պատերազմում` Քոչարյանը պատասխանեց, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, օրինակ, այդպես է ասում։ Քոչարյանը վստահեցրեց` պատերազմի արդյունքում Ադրբեջանն ունի 1994-ի զինադադարի պայմանագրի եւ դեմարկացիոն գծի խախտում։ Այսինքն` դիրքերը, որտեղ գործողություններ են ընթացել, Ադրբեջանը դրանց նկատմամբ առավելությունը պահել է։ Քոչարյանն ինքը հարցրեց, թե հիմա մենք հաղթել ենք արդյոք, թե ոչ։

Քոչարյանը նշեց, որ զեկույցը հնարավորինս պետք է հասանելի լինի իրավապահ մարմիններին։

Հիշեցնենք` 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերին հրավիրվել եւ մասնակցել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը եւ մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ն.Հ.

 

 

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ

Ժիրայր Միրզոյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կարեն Բորիսի Դանիելյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Ինչպես  հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի նախագահի մեկ այլ հրամանագրով Ժիրայր Մելսիկի Միրզոյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար։

 

 

ԱՅՑԵԼԵԼ Է

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկը, այցելել են մայիսի 4-ին Ադրեջանում գերությունից վերադարձած անձանց: Հայտնել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Կիրականացվի նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն ու անհրաժեշտ այլ գործողություններ: Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Բաքվից Երեւան է տեղափոխվել 3 հայ ռազմագերի:

 

 

ԶԻՆՎՈՐ Է ՄԱՀԱՑԵԼ

Մայիսի 4-ին հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հերթափոխի ընթացքում ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հովիկի Մելքոնյանը (ծնվ. 2002թ. 2020-2 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ)։ Կատարվում է քննություն: Այս մասին  տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

 

ՔՆՆԱՐԿԵԼ Է

Խորհրդարանը քննարկել է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Հայաստանում ներդնել բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր: «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովի նիստում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Նախագիծը սահմանում է ՀՀ-ում բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ներդրման նպատակները, սահմանում է ռեեստրում ներառման ենթակա տեղեկատվության շրջանակը, ինչպես նաեւ ԿԲ խորհրդի լիազորությունը՝ սահմանելու այդ ռեեստրի վարման, ներառման ենթակա նույնականացման տեղեկությունների ցանկը, տեղեկությունների, այդ թվում հաշվետվությունների տեսքով տրամադրման կարգը եւ ժամկետները:

 

ՀԱԿ-Ի ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ մայիսի 7-ին նախատեսված է Հայ ազգային կոնգրեսի համագումարը, սակայն մինչ այդ՝ այսօր, տեղի կունենա կուսակցության վարչության նիստ, որի ժամանակ, մեր տեղեկություններով, կքննարկվեն համագումարի եւ առաջիկա  արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցեր: Հավելենք, որ ի սկզբանե այն նախատեսված էր մայիսի 1-ին, սակայն հետաձգվեց: Մեր տեղեկություններով՝  կուսակցությունում ընտրությունների մասնակցության հետ կապված տարբեր տեսակետներ են առկա, եւ մի մասն այնքան էլ հակված չեն մասնակցելու դրանց, սակայն վերջնական որոշում դեռ առկա չէ:

 

ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ՝ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄ

ՍԴ նախագահի խորհրդականները դիմել են դատարան՝ դատի տալով ՍԴ նախագահ Արման Դիլանյանին: Մեզ հայտնի դարձավ, որ ՍԴ նախագահը իր խորհրդականներ Գրիգոր Մուրադյանին, Վարդան Պողոսյանին, Հրայր Ղուկասյանին ազատել է Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնից: Երեք խորհրդականներն էլ չեն ընդունել իրենց ազատման հարցը եւ դիմել են ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը ազատելու մասին կարգադրությունը վերացնի եւ վերջիններիս Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնում վերականգնի, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնի:

 

ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԱԼԻՔ

Հայաստանում թանկացումների ալիքը շարունակվում է: Գնաճի մասին չի լռում անգամ պաշտոնական վիճակագրությունը: Թանկացել է առաջին անհրաժեշտության սննդատեսակներից հացաբուլկեղենը, ձավարեղենը՝ 0.5 տոկոսով: Պաշտոնապես, հացի գինն ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, 8.1 տոկոսով, իսկ ալյուրինը՝ 9.9 տոկոսով բարձրացել է: Փոխարենը այս ապրիլին, մարտի համեմատ, հացն ու ալյուրը փոքր-ինչ էժանացել են. հացի գինը նվազել է 0.1 տոկոսով, ալյուրինը՝ 0.2-ով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս ապրիլ ամսին, մարտի համեմատ, արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 2.6 տոկոս գնաճ: Զգալի բարձրացել են առաջին անհրաժեշտության սննդատեսակների գները: Կաթնամթերքի, պանրի եւ հավկիթի շուկայում ապրիլին մարտի համեմատ արձանագրված գնաճը կազմել է 1.4 տոկոս: Միայն ձվի գինը այս տարվա ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, աճել է 5.5, իսկ այս մարտի համեմատ՝ 4.7 տոկոսով: Մսամթերքը թանկացել է 0.6 տոկոսով: Օրինակ՝ մրգի շուկայում ապրիլին, մարտի համեմատ, արձանագրվել է 7.8 տոկոս գնաճ: Իսկ, ահա, շաքարավազի գինը բարձրացել է 7.5 տոկոսով: Ձկնամթերքը եւս թանկացել է. ըստ Վիճակագրական կոմիտեի՝ այս շուկայում գնաճը կազմել է 6.7 տոկոս: ArmLur.am-ը տեղեկացավ, որ միայն արեւածաղկի ձեթն այս տարվա ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, թանկացել է 73.5, իսկ այս մարտի համեմատ՝ 11 տոկոսով: Ալկոհոլային խմիչքի միջին գնաճն այս ապրիլին, մարտի համեմատ, կազմել է 0.8 տոկոս, իսկ ծխախոտը թանկացել է 1.6 տոկոսով:

Ս.Հ.

 

 




Լրահոս