ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՎԱԾՆ ԻՐԵՆ ԼԱՎ Է ԶԳՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական գերությունից հայրենիք վերադարձած երեք գերիներից մեկը Շիրակի մարզի 22-ամյա բնակիչ Սամվել Շուխյանն է։ 44-օրյա պատերազմին մասնակցած պահեստազորայինը գերեվարվել էր նոյեմբերին ստորագրված հրադադարի եռակողմ հայտարարությունից հետո։ Նախօրեին՝ ուշ երեկոյան, Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից փոխանցեցին՝ երեք ռազմագերիները վերադարձվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում եւ միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում։ Տղայի հորեղբոր կնոջ՝ Գոհար Դարբինյանի խոսքով՝ բուժզննում է անցել, լուրջ առողջական խնդիրներ չունի, ամեն ինչ լավ է. «Շատ լավ, ուրախ, տրամադրությունը բարձր, շատ լավ: Մենք էլ շատ ուրախ ենք: Տարել են հոսպիտալ, բուժզննում է անցել, նորմալ է ամեն ինչ»:

 

Տիկին Գոհարը պատմել է, որ Սամվելի մայրը միայն երեկ է իմացել որդու գերեվարման մասին։ Լուրը նրանից խնամքով թաքցնում էին. «Մեր այդ ապրումները տանջանք էին, իր մաման տեղյակ չէր, մինչեւ վերջ չգիտեր, երեկ իրիկունը նոր իմացել է, եկավ երեխան, նոր իրեն ասել ենք, մաման գիտեր, որ Ղարաբաղ խրամատներ կփորեր, դիրքերն էր»:

Նշենք, որ Սամվել Շուխյանը զինծառայող ընկերների հետ գերեվարվել էր Խծաբերդում, երբ արդեն ավարտվել էր լայնածավալ պատերազմը։ Իսկ պատերազմի ողջ ընթացքում շիրակցի երիտասարդը Ջաբրայիլում էր, տուն էր վերադարձել, հետո նրան նորից կանչել էին ծառայության. «Խծաբերդից էր, ՄՈԲ էր, տարան, նոյեմբերի 27-ին գնացել է, հրադադարից հետո է եղել, պատերազմին Ջաբրայիլում է մասնակցել: Մարտական էլ եկել էր, ռազմական եկավ երեխեքի հետեւից, երեխեքը գնացին, ու մեր երեխեքին էտպես տանջեցին, սա տանջանք էր: Մենք շատ շնորհակալ ենք մեր Աստծուց, մեր երեխուն Աստված է բերել, ոչ ոք, ու շատ շնորհակալություն կհայտնենք Մուրադովին, Մուրադովը կզբաղվի մեր տղաներով»:

Եռակողմ հայտարարությունից հետո Արցախի Խծաբերդ եւ Հին թաղեր գյուղերի տարածքից գերեվարված զինծառայողներին պաշտոնական Բաքուն ռազմագերի չի համարում, այլ նրանց բնորոշում է որպես ահաբեկիչներ։ Պաշտոնական տվյալներով` գերությունից վերադարձվել է 72 գերի, նաեւ Բեյրութ է վերադարձել մի լիբանանահայ կին։

Հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում դեռ շուրջ 200 հայ ռազմագերի ու քաղաքացիական անձ է պահվում անազատության մեջ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակի տվյալներով` այս պահին Ստրասբուրգի դատարանում 188 անձի վերաբերյալ որոշում կա։ Գրասենյակի իրավաբան փորձագետ Իգոր Միրզախանյանը փոխանցեց՝ մարտի 10-ի դրությամբ Եվրադատարանը հրապարակել էր 249 գերու մասին իր որոշումները, բայց քանի որ նրանց մի մասը վերադարձել է հայրենիք, այժմ ՄԻԵԴ-ը զբաղվում է 188 գերիների հարցերով։ Սակայն պաշտոնական Բաքուն հաստատել է, որ իր տարածքում միայն 72 գերի կա, որոնցից երեքը վերադարձվեցին երեկ. «Մենք ունենք 188 անձի վերաբերյալ կայացված որոշում, բայց որպեսզի համարենք, որ այդ մարդիկ գերության մեջ են, պետք է ունենանք ադրբեջանական կողմից պաշտոնական հաստատում դատարան: Մինչդեռ գիտեք, որ որոշումները կան, բայց Ադրբեջանի կողմից համագործակցությունն ու դատարանին բավարար ինֆորմացիայի տրամադրում չկա, ու այդ առիթով դատարանը մարտի 9-ին որոշում է կայացրել իր որոշումները չկատարելու խնդրով դիմել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե»:

 

 

 

ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՍԵՆՅԱԿ ՆԵՐԽՈՒԺԱԾ ԱՆՁԻ ՎՃԻՌԸ

Աժ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատասենյակից կողոպուտ կատարած անձին դատախազությունը ցանկանում է տանել կալանքի: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազության դատախազ Գ. Հովակիմյանը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան՝ պահանջելով, որ կողոպուտ կատարած անձին ազատազրկման դատապարտեն 3 տարի 9 ամիս ժամկետով եւ վերացնեն նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը:

 

Այսպիսով, Ազգային ժղով մուտք գործած երիտասարդներից մեկի՝ Էդուարդ Եդիգարյանի մասով դատարանը կայացրել է դատավճիռ:

Ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ Էդուարդ Եդիգարյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը դադարեցնելու մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ ձեռքբերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը հրապարակվելուց հետո, տեղեկանալով, որ ՀՀ Ազգային ժողովի, կառավարության շենքերում եւ պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում զանգվածային անկարգություններ են կատարվում, չունենալով ԱԺ շենք մուտք գործելու իրավունք, անտեսելով հատուկ պահպանվող օբյեկտի պահպանության ռեժիմը, այլոց հետ միասին մուտք գործելով շենք, օգտվելով զանգվածային անկարգությունների հանցավոր գործողությունների արդյունքում առաջացած անվերահսկելի իրադրությունից, ապօրինի մուտք է գործել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի` երրորդ հարկում գտնվող, բնակարան հանդիսացող աշխատասենյակ եւ ներխուժած բազմաթիվ անձանց ներկայությամբ այնտեղից բացահայտ հափշտակել է Արարատ Միրզոյանին պատկանող գույքը` սեւ գույնի բնական կաշվից պատյանով, 25 հազար ՀՀ դրամ արժողությամբ ՀՀ Սահմանադրությունը, որը 2020 թվականի նոյեմբերի 15-ին Էդուարդ Եդիգարյանի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել եւ վերցվել է:

Եվ, ահա, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, այս գործով դատավճիռ է կայացրել:

Ք.Մ.

 

 

 

ՊՐՈՏԵԶԱՐԱՆ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ

Տավուշի մարզի կենսաթոշակառուները դժգոհում են, որ, ի տարբերության այլ մարզերի, Տավուշում պետական բյուջեի ֆինանսավորմամբ կենսաթոշակառուների ատամների պրոտեզավորում չի կատարվում: ՀՀ կառավարության՝ 2004 մարտի 4-ի համար 318-Ն որոշմամբ՝ պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք ունեցող, բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ խմբերի) կենսաթոշակառուների ատամների պրոտեզավորումը կատարվում է պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Սակայն անցած 14 տարիներին Տավուշի մարզում նման ծառայություն երբեւէ չի մատուցվել: Տավուշում ատամների պրոտեզարան չկա, մարզի որեւէ այլ առողջապահական հիմնարկություն պետական պատվերով նման ծառայություն չի իրականացրել: Պետական բյուջեից Տավուշի մարզի առողջապահական համակարգին ոչ մի անգամ ֆինանսավորում չի հատկացվել: Տավուշում պետբյուջեի միջոցներով պրոտեզարան չգործելու 2 պատճառներ են նշվում՝ նման ծառայություն մատուցելու համար պետականորեն լիցենզավորված աոռղջապահական կազմակերպության բացակայությունը եւ պետբյուջեից պրոտեզարանի գործունեության համար գումարներ չհատկացնելը: Ծագումով Իջեւան քաղաքից վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետք է մտահոգեր իր ծեր, կենսաթոշակառու հայրենակիցների համար կարեւոր այդ խնդրի լուծումը, սակայն նրա վարչապետության  երեք տարիներին այդ հիմնահարցը չի լուծվել։

 

ԿՕԳՏՎԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՋՐԻՑ

Այրում համայնքի Արճիս գյուղում տեղի ունեցավ սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի բաղադրիչ 1-ին մասնակցության հետ կապված համայնքային առաջին ընդհանուր ժողովը: Արճիս գյուղի  վարչական ղեկավար Դավիթ Վերանյանը ծանոթացրեց  սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրին եւ համայնքի կողմից ներկայացված հայտի առաջընթացին: Դ. Վերանյանը  ներկայացրեց «Արճիս բնակավայրի պոմպակայանի, խմելու ջրամատակարարման խողովակաշարերի կառուցում, օրվա կարգավորիչ ջրամբարների  հիմնանորոգում եւ բաշխիչ ցանցի վերակառուցում» ծրագրի փորձաքննության 1-ին փուլի արդյունքները, ըստ որի՝ ծրագրով նախատեսվում է գյուղի ջրամատակարարումը իրականացնել Լոռի-Բերդ ջրատարից, որին միանալուց հետո կառուցվում է պոմպակայան, եւ պոմպի միջոցով նոր կառուցվող մոտ 2.5 կմ ջրատարով ջուրը մղվելու է է օրվա կարգավորիչ ջրամբարներ, որոնցից հետո ջուրը մղվում է նոր կառուցվող մոտ 3.0 կմ բաշխիչ ցանց: Տեղադրվելու են  են ջրաչափական հանգույցներ, նախատեսվում է իրականացնել օրվա կարգավոիչ ջրամբարների հիմնանորոգում, նրանց ղեկավարման հանգույցների, սանիտարական գոտիների կառուցման աշխատանքներ: Ծրագրի իրականացման համար ֆինանսավորման այլ աղբյուրով կազմվել են բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը: Ժողովի մասնակիցները  77 կողմ ձայնով որոշեցին հաստատել ներկայացված ծրագիրը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս