Լուսանկարն արվել է Գյումրիում
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Գյումրու բնակիչ, 29-ամյա Զորիկ Խ.-ն իր վարած ավտոմքենայով Երեւան-Գյումրի ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, հայտնվել դաշտամիջյան հատվածով անցնող ջրատարի համար նախատեսված փոսում, առաջ ընթացել եւ գլխիվայր հայտնվել ճանապարհի երթեւեկելի գոտում: Ուղեւոր Աշտարակի բնակիչ, 48-ամյա Գագիկ Գ.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աշտարակ» բկ: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է սթափ։
Լուսանկարը՝ shamshyan.com-ի
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ ծանոթանալ ասպիրանտուրայի ընդունելության կարգին:
Կիմա Պողոսյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մրցութային կարգով ասպիրանտուրա են ընդունվում մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան, իսկ բժշկական մասնագիտություններով՝ բժշկի որակավորում, կլինիկական ուղղվածությամբ բժշկական մասնագիտությունների դեպքում՝ բժիշկ-մասնագետի որակավորում ունեցողները: Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է հաստատության ղեկավարի անունով՝ կցելով հետեւյալ փաստաթղթերը՝
1) բակալավրի եւ մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
2) Օտար լեզու եւ Ինֆորմատիկա եւ տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ),
3) ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում,
4) ինքնակենսագրություն եւ երեք լուսանկար (3×4 չափսի),
5) քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ընդունելության կարգը պարզ ներկայացված է. դիմողը պետք է հավաքի փաստաթղթերն ու ներկայանա համապատասխան մարմին:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչ է ապաստարանը, եւ ովքեր կարող են օգտվել ապաստարանի ծառայություններից:
Հրաչուհի Նահապետյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ապաստարանը ընտանիքում բռնության ենթարկվածներին եւ նրանց խնամքի տակ գտնվող անձանց օրենքով սահմանված դեպքերում տրամադրվող անվտանգ ժամանակավոր կացարան է, որտեղ նրանք օգտվում են «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով նախատեսված սոցիալական ծառայություններից:
Ապաստարանը`
1) շահառուներին անհատույց տրամադրում է ապահով բնակելի տարածք, հոգեբանական եւ իրավաբանական օգնություն, սոցիալական աջակցություն` անհրաժեշտության դեպքում ներգրավելով համապատասխան մասնագետների, ինչպես նաեւ ապահովում է սննդով եւ հագուստով, իսկ երեխաներին` նաեւ դասապատրաստմանն անհրաժեշտ կահավորմամբ եւ պիտույքներով տարածություն,
2) անհրաժեշտության դեպքում եւ շահառուների համաձայնությամբ կազմակերպում է նրանց կողմից առողջապահական հաստատություններ դիմելը բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու համար:
Ապաստարանում գտնվելու ժամկետը որոշում է ապաստարանը շահառուներին համապատասխան օգնություն ցույց տվող մասնագետների առաջարկությամբ` հաշվի առնելով նրանց անվտանգության համար սպառնալիքների առկայությունը կամ բացակայությունը, նրանց` ինքնուրույն կամ այլ անձի հետ համատեղ բնակվելու հնարավորությունը եւ այլ վերաբերելի հանգամանքներ՝ որպես պարտադիր պայման դիտելով ապաստարանում մնալու շահառուների համաձայնությունը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ շահառուներն ապաստարանում տեղավորվում են ոչ ավելի, քան 12 ամսով: