ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԲԱՅՑ ՈՉ ԱՅՍ ԱՆԳԱՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում կայացած գիշերային արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունվեց ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը։ Ինչպես հայտնի է, այս փաթեթի մեկ դրույթը՝ համամասնական ընտրակարգի անցնելը, արդեն ընդունվել էր խորհրդարանի կողմից եւ կկիրառվի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Այս մեծ փաթեթը ուղարկվել էր նաեւ Վենետիկի հանձնաժողով, եւ ապրիլի 22-ին իշխող ուժը ստացել էր նաեւ նրանց եզրակացությունը։ Սակայն նկատենք՝ երեկ ընդունված նախագծի դրույթներից որեւէ մեկը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ չի կիրառվելու։ Այսպիսով, ի՞նչ հիմնական փոփոխություններ են առաջարկվում։ Առաջին հերթին հեշտացվում է խորհրդարան մուտք գործելու կարգը կուսակցությունների համար, սակայն բարդանում է դաշինքների համար։ Այժմ գործող 5 տոկոսի փոխարեն կուսակցությունը կմտնի խորհրդարան նաեւ 4 տոկոսի պարագայում, այսինքն՝ շեմն իջեցվում է, իսկ, ահա, այժմ դաշինքների համար գործող 7 տոկոսի փոխարեն այլ կարգավորումներ են։ Եթե դաշինքը բաղկացած է երկու կուսակցությունից, ապա անցողիկ շեմը 8 տոկոս է, երեք կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 9 տոկոս, իսկ 4 եւ ավելի կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 10 տոկոս։ Նկատենք՝ այս արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդդիմադիր ուժերը հիմնականում հանդես են գալու դաշինքով, իսկ, ահա, իշխող ուժը չի բացառել հենց կուսակցությամբ մասնակցելու տարբերակը։ Այսպիսով, քանի որ ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքում եւ «Վերածնվող Հայաստան» -ՀՅԴ դաշինքում երկու ուժ է ներգրավված, ապա ստացվում է՝ նրանց համար անցողիկ շեմը կլինի 8 տոկոս, եթե այս օրենսգրքի դրույթները կիրառելի լինեին։ Այժմ գործող օրենքով Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլն անցկացվում է քվեարկության օրվանից հետո՝ 28-րդ օրը, իսկ նոր օրենքով՝ 42-րդ օրը: Եթե որեւէ կուսակցություն  ստացել է բաշխված մանդատների ընդհանուր թվի 50 տոկոսը, ապա այդ կուսակցությունը ստանում է այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ, որի արդյունքում այդ կուսակցության մանդատների քանակը տոկոսային արտահայտությամբ լինի ոչ պակաս, քան 52 տոկոս: Այժմ գործող օրենսգրքով 54 տոկոս է նախատեսված։ Մեկ այլ փոփոխություն է նախատեսված նաեւ մինչեւ 4000 ընտրող ունեցող համայնքների պարագայում, եւ ամրագրվում է, որ համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ վերջին ժամանակահատվածում կտրուկ փոփոխվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի եւ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի աշխատանքային ոճը: Երկուսն էլ դարձել են ամեն ինչի նկատմամբ անտարբեր, ավելին՝ ամեն ինչից անտեղյակ: Բանն այն է, որ մինչեւ այս Մակունցն ու Սիմիդյանն էին խմբակցության հետ կապված ցանկացած հարցի լուծում տալիս՝ անմիջապես կապ հաստատելով Նիկոլ Փաշինյանի հետ: Հիմա, ըստ մեր տեղեկությունների, Լիլիթ Մակունցը լռակյաց է. եթե չկան խորհրդարանական նիստեր, ապա նրան գտնելը, կապ հաստատելը նրա հետ գրեթե անհնարին բան է: Հանգստյան օրերին Մակունցն ընդհանրապես տեսադաշտից անհետանում է, անգամ հեռախոսազանգերին չի պատասխանում: Իսկ ինչ վերաբերում է Հակոբ Սիմիդյանին, ապա վերջինս միշտ կառավարել է խմբակցության հետ կապված բոլոր հարցերը, քվեարկություններից առաջ բոլորին sms-ներ է գրել դահլիճ գալու ու ինչպես քվեարկելու համար, իսկ հիմա պասիվացել է կամ չկա: Ավելին՝ մենք տեղեկացանք, որ եթե ինչ-որ հարցով պատգամավորները դիմում են խմբակցության քարտուղարին, նա հայտարարում է, թե ոչնչից տեղյակ չէ՝ «ոչ մի թեմայի մեջ չկամ» ձեւակերպմամբ: Ըստ խմբակցության պատգամավորների մի հատվածի՝ Մակունցի պահվածքը կարելի է ինչ-որ ձեւով հասկանալ, քանի որ վերջինս ամռանը կնշանակի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, բայց անհասկանալի է մնում Սիմիդյանի պասիվ կեցվածքը: Կարծիք կա, որ վերջինս ինչ-որ պաշտոնի է ձգտում, ու խորհրդարանն իրեն այլեւս չի հետաքրքրում:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պաշտոնատար անձանց վերաբերող դատական գործերը դոփում են տեղում: Մենք տեղեկացանք, որ շատ գործեր արդեն գտնվում են դատարանում, սակայն նիստեր չեն արվում, հետեւաբար վճիռներ եւս չեն կայացվում: Խոսքը վերաբերում է կոնկրետ դատարան մտած գործերին: Օրինակ՝ այդպիսի գործերից է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբոր՝ Արշալույսի գյուղապետին վերաբերող քրեական գործը, որը եւս արդեն դատարանում է, սակայն դոփում է տեղում: Ամեն դեպքում, սա գործերից միայն մեկն է: Բացի այս, արդեն մեկ տարի է՝ դատարանում է գտնվում ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդու՝ Նվեր Մուրադյանի գործը, սակայն դատական գործերն անհիմն հետաձգվում են այս կամ այն պատճառաբանությամբ: Մենք տեղեկացանք, որ այս հանգամանքը եւս պայմանավորված է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ, եւ իշխանությունները ցանկանում են այս հանգամանքը մահակ պահել իրենց ձեռքին հետագայում այն օգտագործելու նպատակով, եթե, օրինակ, տվյալ պաշտոնատար անձինք՝ ոչ իշխանության ճամբարից, ցանկանան որեւէ դերակատարում ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

 

 

Հայաստանում քաղաքացիների մոտ պատվաստանյութերի շուրջ նոր մտահոգություններ են ի հայտ եկել. «Ժողովուրդ»  օրաթերթը տեւական ժամանակ է, ինչ հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիներից, որոնք երկմտում են, թե որ պատվաստանյութով պատվաստվեն: Բանն այն է, որ այս ընթացքում լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Սպուտնիկ V»-ով պատվաստվելու դեպքում իրենց առաջ կփակվի դեպի Եվրոպա մուտքը: Այսինքն՝ հնարավոր է՝ սահմանն անցնելու համար անհրաժեշտ հավաստագիր չստանան: Հայտնի է, որ մի շարք երկրներում շատ պատվաստանյութեր կան, բայց այս պահին հստակ չէ, թե որ պատվաստանյութով ԵՄ վկայագիր ստանալու իրավունք կտրվի քաղաքացիներին: «Ժողովուրդ» օրաթերթն այս թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով դիմեց ՀՀ առողջապահության նախարարություն, որտեղից մեզ փոխանցեցին, որ ոչ մի երկիր դեռ պահանջ չի դրել, թե կոնկրետ որ պատվաստանյութով պատվաստված անձանց մուտքը թույլ չի տա: Այսինքն՝ կոնկրետ պատվաստանյութ երկրները դեռ չեն տարբերակում, բայց արդեն կան երկրներ, որոնք մուտքի թույլտվություն տալիս են միայն պատվաստված անձանց: Բայց, ըստ լրատվամիջոցների, Եվրոպական միության երկրներից Sputnik V-ն ճանաչվել է Հունգարիայում: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանն էլ ասել է, որ եվրոպական եւ ֆրանսիական պատկան մարմինների կողմից գրանցվելու դեպքում Sputnik V-ն կկիրառվի Ֆրանսիայում:

 




Լրահոս