ArmLur.am-ը զրուցել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանի հետ` պարզելու համար, թե ինչ աշխատանքներ է այժմ կառույցն իրականացնում, ինչ ստուգումներ են իրականացվում: Մենք զրուցել ենք նաեւ իշխանության կատարած քայլերի, բացթողումների, խնդիրների, ինչպես նաեւ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին: ՊՎԾ ղեկավարը ներկայացրել է, թե ինչ է արել իշխանությունն իր կառավարման տարիներին:
-Պարո՛ն Ուլիխանյան, ՊՎԾ-ի հետ կապված քննարկվեց մամուլում՝ Սյունիքի մարզի համայնքներում ինչ-որ ստուգումներ եք իրականացրել, նաեւ Երեւանի քաղաքապետարանում, վերջերս՝ Առողջապահության նախարարությունում: Որքանո՞վ է իրականությանը համապատասխանում այս տեղեկությունը, եւ ի՞նչ արդյունք ունեք:
-Անհրաժեշտ չափով տեղեկատվությունը հրապարակվում է, այն, ինչ չի հրապարակվել, նշանակում է, որ գնահատվել է, որ դեռ անհրաժեշտություն չկա հրապարակելու:
-Հայտնի է, որ հունիսի 20-ին իշխանությունը պատրաստվում է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, թեժ քննարկվում է, թե ով է ձեր հիմնական մրցակիցը. նշվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը: Ի՞նչ դիրքորոշում ունեք:
-Ես կարծում եմ՝ անշնորհակալ գործ է մրցակիների միջեւ որեւէ տարբերություն դնելը՝ մեկին առավելություն տալ, մյուսի ավելի նվազ հնարավորություն տալը: Ես զերծ կմնամ այդպիսի բնութագրում տալուց: Կարծում եմ, որ բոլորն էլ հավասար մրցակիցներ են, ու նույն մրցակիցներն եմ համարում Ռոբերտ Քոչարյանին ու Մգեր Արմենիային:
-Այսինքն՝ Դուք կարծում եք, որ այդ երկու անձն էլ ձեզ համար մրցակից չե՞ն:
-Ցանկանում եմ ասել, որ իրենց միջեւ քաղաքական առումով առավելություն պետք չէ դնել. բոլորն էլ հավասարաչափ մրցակիցներ են լինելու:
-Իշխանությունը չունի՞ այնպիսի անձ կամ կուսակցություն, որին համարում է ավելի հզոր, բարձր վարկանիշ ունեցող: Կա՞ն այդպիսի անձինք կամ քաղաքական կուսակցություններ:
-Ես որեւէ մեկին առավելություն չեմ տալիս: Տպավորություն է, որ մենք պետք է որոշում կայացնեինք, թե ով է մեր թիվ մեկ մրցակիցը: Որպես այդպիսին, որոշում չկա կայացված եւ չի էլ կայացվի:
-Հանրության շրջանում ձեր վարկանիշը բա՞րձր է:
-Ես չէ, որ դրա մասին պետք է ասեմ, դրա մասին խոսում են ընդդիմության ներկայացուցիչները, նաեւ դա էլ է մի փոքր անշնորհակալ գործ՝ խոսելը սեփական վարկանիշի մասին: Հարցումներ են արվել, հրապարակվել են: Կարծում եմ՝ բոլորի համար էլ պարզ է:
– Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բա՞րձր է, քանի որ հենց նրա դեմքով եք գնում ընտրությունների: Արդյոք պատերազմի ավարտից հետո Ն. Փաշինյանի վարկանիշը անկում չի՞ ապրել:
-Անկում գուցե ապրել է: Ընդհանրապես ընտրությունները նրա համար չեն, որ տեսնեն, թե ում վարկանիշն է ցածր: Ընտրությունները նրա համար են, որպեսզի տեսնեն, թե ում վարկանիշն է ամենաբարձրը: Հետընտրական փուլում՝ ընտրության արդյունքների հրապարակման հաջորդ օրը, կարող է այդ վարկանիշը փոփոխվել: Հիմա ընտրություններ կլինեն, քաղաքացիները ինքնուրույն կորոշեն, եւ հունիսի 21-ին պարզ կլինի, թե ինչպիսի խորհրդարան է ձեւավորվում, ու կշարունակենք մեր աշխատանքները:
-Այս ընթացքում շփումներ ունեցե՞լ եք հանրության հետ. արդյոք իշխանությունը պե՞տք է վերադառնա, թե՞ պետք է հեռանաք պատերազմից հետո: Ձեզ հետ զրույցներում ի՞նչ են ասում:
-Ես ի պաշտոնե այդպիսի քննարկումներ, հանրային շփումներ անելու ո՛չ լիազորություն, ո՛չ իրավունք ունեմ: Ես քաղաքական պաշտոն չեմ զբաղեցնում, բայց ունեմ իմ շրջապատը եւ գիտեմ որոշակի հանրային տրամադրություններ: Դրանց մասին չեմ ուզում հրապարակել, քանի որ ինչքան էլ դա բխի մեր շահերից, մեկ է, դա կարող է նսեմացնել քաղաքացու որոշումը: Այսինքն՝ եթե ես հիմա ասեմ, թե ինչպիսի տրամադրություններ են քաղաքացիների մոտ, կարող է տպավորություն առաջանալ, որ մենք բավարար չափով չենք կարեւորում, այնինչ մեր իշխանության հիմնական առաքելությունն ու ձեռքբերումն այն է, որ բացատրենք քաղաքացիներին, որ վաղվա օրը կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը հենց ինքն է:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՈՐՊԵՍ ԱՌԱՆՁԻՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դաշինքով չի մասնակցելու ընտրություններին, այլ մասնակցելու է որպես առանձին կուսակցություն», – ասել է Լիլիթ Մակունցը՝ նշելով՝ ինչպես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, «Ապագա կա»-ն կդառնա իրենց կարգախոսը։
Թե ովքեր կլինեն նախընտրական ցուցակներում, Մակունցն անուններ չի ցանկացել նշել, սակայն ընդգծել է, որ նոր անուններ ցուցակում կլինեն։ «Ցուցակների հետ կապված, խնդրում եմ, թույլ տվեք այս պահին որեւէ հրապարակում չանել մի քանի պատճառով. առաջինը՝ որովհետեւ արդեն ներկայացրել եմ, որ մայիսի 10-ից հետո անպայման կսկսենք ներկայացնել, թե ցուցակներն ինչ տրամաբանությամբ կլինեն, ովքեր ներգրավված կլինեն, խմբակցությունն ամբողջությամբ ներգրավված կլինի եւ այլն։ Կասեմ, որ նոր մարդիկ կլինեն նախընտրական ցուցակում, եւ նաեւ ցուցակը կազմվելու է առաջին հերթին «Կուսակցութունների մասին» օրենքին համապատասխան»,- ասել է իշխող խմբակցության ղեկավարը։ Հիշեցնենք, որ հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների անցկացման համար ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց վարչապետի պաշտոնից: Սահմանադրության պահանջն է՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի արձակումը։ Իսկ խորհրդարանն արձակվում է, երբ վարչապետի հրաժարականից հետո՝ երկու շաբաթում, երկու անգամ անընդմեջ վարչապետ չի ընտրվում։ Մայիսի 3-ին 1 կողմ, 3 դեմ, 75 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետ: Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 10-ին։
ՊԱԿԱՍԵԼ Է
Հայաստանի գրեթե բոլոր մարզերում մեկ տարվա ընթացքում բնակիչների քանակը պակասել է: Օրինակ՝ Արագածոտնի մարզում բնակիչների քանակը պակասել է 200-ով, Արարատում՝ 100-ով, Գեղարքունիքում՝ 200-ով: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ Լոռիում բնակիչների թվաքանակը պակասել է 600-ով, Շիրակի մարզում՝ 300-ով: Պակասել է նաեւ Սյունիքի մարզի բնակիչների քանակը՝ 1800-ով. եթե նախորդ տարվա ապրիլի 1-ի դրությամբ Սյունիքում բնակիչների քանակը կազմել է 93 հազար, ապա այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ այն 91 հազար 200 է: Մտահոգող է նաեւ Տավուշի մարզի ցուցանիշը. այս մարզում 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ բնակիչների թիվը եղել է 51 հազար 300, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 50 հազար: Իսկ, ահա, Վայոց ձորում բնակիչների քանակը պակասել է 400-ով: Բայց, մյուս կողմից, հավելենք, որ նույնն է մնացել Կոտայքի մարզի բնակիչների քանակը՝ 136 հազար 800: Արմավիրի մարզում եւս բնակիչների քանակը չի պակասել եւ 2020-ի ապրիլի 1-ի դրությամբ այն կազմել է 82 հազար 400: Մյուս կողմից՝ մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երեւան, որտեղ եւ բնակություն է հաստատում: Նշենք, որ Երեւանի բնակչության թվաքանակը 4900-ով ավելացել է. նախորդ տարվա ապրիլի 1-ի դրությամբ Երեւանում բնակիչների քանակը կազմել է 1 մլն 83 հազար 800, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 1 մլն 93 հազար 600: Սա ապացուցում է, որ վերջին տարիներին Հայաստանի ոչ մի իշխանության չհաջողվեց մարզերը համաչափ զարգացնել, որպեսզի մարզի բնակիչը չկողպի գյուղի կամ քաղաքի իր տունն ու բնակություն չհաստատի Երեւանում՝ օրական 3000-4000 դրամ աշխատավարձ ստանալու համար:
ՊԵՏԸ՝ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ArmLur.am-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանուել Մարգարյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օրենքով սահմանված արգելքին հակառակ հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «Աննա Բաղդասարյան» ու «Մարիետա Մանուկյան» կազմակերպությունները եւ չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, անձամբ նույն կազմակերպությունների կառավարմանը մասնակցելով՝ Երեւան քաղաքի Իսակովի պողոտա 3/1 եւ 3/13 հասցեներում, առանց եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի աղբահանության վճարի հաշվարկման ավտոմատացված համակարգում գրանցվելու եւ շինությունների գործարնական նշանակությունը հասարակական գործառնական նշանակության փոփոխելու, իրականացնում է հյուրանոցային գործունեություն, իսկ Երեւանի Ծխախոտագործների փողոցի 20/1 հասցեի բնակելի տան ծածկի եւ տանիքի վերանորոգման համար էլ կազմել է քաղաքաշինական ապօրինի փաստաթղթեր՝ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս: Armlur.am-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: