ԼԱՎՐՈՎԸ՝ ԱԼԻԵՎԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք, երեք երկրների տեւական բանակցությունների ժամանակ խաղալով վճռորոշ դեր ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում, ստեղծել ենք կրակի դադարեցման վերիֆիկացիոն մեխանիզմ՝ ի դեմս խաղաղապահ կոնտինգենտի, եւ ավելին, քան բոլորը, շահագրգռված ենք, որ այն ամենը, ինչ պայմանավորվել են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները, գործնականում իրականացվի»,- երեկ՝ Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հայ լրագրողի՝ Մինսկի խմբի շրջանակում քաղաքական կարգավորման մասին հարցին։

 

«Ես վստահ եմ՝ երբ համանախագահները կոչ են արել ամեն ինչ վերջնական կարգավորել, նկատի ունեին այն, ինչն անհրաժեշտ է այս բոլոր հարցերի լուծման համար։ Մենք չենք կասկածում, որ երբ մարդիկ սկսեն զգալ խաղաղ կյանքի, բոլոր սահմանափակումների, շրջափակման դրսեւորումների վերացման օգուտները, կսկսեն այլ կերպ վերաբերվել հարցերին, որն այժմ որոշ մեր գործընկերներ փորձում են սրել եւ  առաջին պլան բերել։ Պետք չէ հիմա քաղաքականացնել գործընթացը, այն գնում է բավական բարդ, որովհետեւ լուծվում են նաեւ երթուղիների, այս ռեգիոնի կապվածության հարցերը, լուծվում են շփման գծի, սահմանազատման եւ սահմանագծման հարցերը։ Սրանք գործնական, հասկանալի բաներ են, որոնք անհրաժեշտ են, որ տարածաշրջանն ապրի խաղաղ կյանքով։ Նրանք, ովքեր փորձում են այս հարցերը հետոյին թողնել եւ նախ զբաղվել քաղաքական քննարկումներով, ըստ իս, ողջ գործընթացները ոտքից գլուխ շրջում են։ Ավելի հեշտ է քաղաքական հարցերը լուծել, երբ մարդիկ սկսել են նորմալ ապրել, ադրբեջանցիները, հայերը, ինչպես դա եղել է երկար-երկար տասնամյակներ ու հարյուրամյակներ»,- ասել է Լավրովը։

Հայերի ցեղասպանության, հայ-ռուսական ռազմավարական ու դաշնակցային հարաբերությունների, երկրորդ աշխարհամարտում հաղթանակի, առեւտուրը մեծացնելու, ռուսական բուհերում հայ ուսանողների ուսումնառության եւ այլ «լոլոների» ֆոնին Լավրովն այսպիսով վերահաստատեց Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը Ղարաբաղի հարցում: Ասուլիսում հայ լրագրողի հարցին Լավրովի պատասխանը նշանակում է, որ Մոսկվան դեմ է քաղաքական կարգավորմանը Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, մասնավորապես՝ Արցախի կարգավիճակին եւ տեղահանվածների վերադարձին:

«Պետք չէ քաղաքականացնել» արտահայտությունը կարող էր զավեշտալի թվալ, եթե չլիներ այս հանգամանքը: Իսկ քաղաքական հարցերը հետոյին թողնելը նշանակում է անհրաժեշտ ժամանակ շահել՝ իրականացնելու Արցախում հայկական ինքնության ոչնչացման, Հայաստանի ինքնիշխանությունը վերացնելու մտադրությունները, դրանք անշրջելի դարձնելու համար: Ներկայում հենց դա է տեղի ունենում, եւ այդ գործընթացի ավարտին արդեն քաղաքական հարցերի քննարկումն անիմաստ է դառնալու: Սա է Մոսկվայի մտադրությունը, որը Արցախը հայտարարել է Ադրբեջանի տարածք:

Կարո՞ղ էր Լավրովն ավելի մեղմ, դիվանագիտական պատասխան տալ՝ կարեւորելով թե՛ քաղաքական, թե՛ ոչ քաղաքական քննարկումները, եւ կոպտորեն էլ չընդհատել հայ լրագրողին: Կարող էր, սակայն խնդիրը հայերի հանդեպ թշնամական վերաբերմունքի ընդգծումն է:

Ի՞նչ է անելու Հայաստանը, որն առայժմ հայտարարում է, թե առաջնայինը հենց քաղաքական հարցերի քննարկումն է: Ի՞նչ են անելու Մինսկի խմբի արեւմտյան համանախագահները՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, որոնք նույնպես պնդում են քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը:

Հայ լրագրողը հարց ուղղեց, որ Ադրբեջանի նախագահը, խոսելով տրանսպորտային ուղիների մասին, հայտարարում է «Զանգեզուրի միջացքի» մասին՝ նշելով, որ եթե Հայաստանը չհամաձայնի միջանցք տրամադրել, ուժով կպարտադրեն։ «Սա ուղիղ սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Ի՞նչ կասեք այս մասին, եւ որքանո՞վ է սա համապատասխանում եռակողմ հայտարարություններին»։

Ի պատասխան՝ Լավրովն ասաց, որ այսօրվա բանակցությունները միայն ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցին չեն վերաբերել, դա միայն թեմաներից մեկն էր։

«Մենք խոսել ենք բոլոր խնդիրների մասին՝ հետկոնֆլիկտային փուլի կարգավորմանը վերաբերող։ Ինչ վերաբերում է եռակողմ համատեղ գործողություններին՝ փոխվարչապետերի մակարդակով, այդ մեխանիզմըն ստեղծվել է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների որոշմամբ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքում։ Եվ այդ մեխանիզմը ենթադրում է համաձայնություններ, որոնք կարող են լինել բացառապես կամավոր՝ հիմնված փոխշահավետ հիմքի վրա։ Եվ այն ոչ մի դեպքում չի ենթադրում այլ բան, քան դիվանագիտական համաձայնություններ եւ լուծումներ, որոնք թույլ կտան լիովին ապաշրջափակել տնտեսական կապերը։ Ցանկացած հարց, որը կարող է հակառակ լինել երեք ղեկավարների ձեռք բերած համաձայնությանը, իհարկե, չի կարող ընդունվել որպես այընտրանք այն ամենի, ինչի շուրջ համաձայնություն է եղել»,- ասաց Լավրովը։

Ն.Հ.

 

 

ԶՈՐԱԿՈՉԸ՝ ՄԱՅԻՍԻ 7-ԻՑ

Կառավարությունն ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչ հայտարարելու եւ զորացրում կատարելու մասին» որոշում: Ամառային զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվեն հանրապետական եւ մարզային զորակոչային հանձնաժողովներ, ինչպես նաեւ Կենտրոնական բժշկական հանձնաժողով։ Ըստ այդմ՝ մայիսի 7-ից մինչեւ հուլիսի 31-ը ներառյալ կհայտարարվի ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը: Նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել մինչեւ հուլիսի 31-ը ներառյալ:

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը փոփոխություններ է կատարել ռազմական գործողությունների հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառման տրամադրման կարգում: Գործող կարգով նախատեսված սոցիալական աջակցությունից չեն օգտվում ռազմական գործողությունների պատճառով վնասվածք կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողները: Առաջարկվում է սոցիալական աջակցություն տրամադրել նաեւ ռազմական գործողությունների հետեւանքով վնասվածք ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին:

 

 

ԱՆԿԱՐԱՆ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է

«1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն ճանաչելու Լատվիայի խորհրդարանի որոշումը քաղաքական շարժառիթներով պատմությունը վերաշարադրելու անհաջող փորձ է։ Այդ նախաձեռնությունն անօրինական է, առանց իրավական հիմքի»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը։ Անկարան Լատվիայի խորհրդարանին կոչ է արել հետ կանգնել «սխալ քայլից, չծառայել որոշ շրջանակների շահերին, որոնք փորձում են պատմությունից թշնամություն սերմանել»։ «Խորհրդարանները պատմություն գրելու եւ մեղադրանքներ ներկայացնելու հարթակներ չեն»,- «Անադոլու» գործակալության փոխանցմամբ` նշված է Թուրքիայի ԱԳ նախարարության հայտարարությունում։

 

 

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԵՐԺԵԼ

Տարիներ շարունակ խոսվել է պետական բյուջեի ոչ արդյունավետ ծախսերի մասին. երբ գալիս էր մարզերում գործ անելու, դպրոցի կամ ճանապարհի հիմնանորոգման հարցը, նախկին իշխանությունները միշտ կրկնում էին, որ փող չկա, որ հազիվ են հասցնում պաշտպանական հարցերը լուծել։ Սակայն երբ հերթը հասնում էր իրենց անձերին, ռեստորաններին, VIP ծառայություններին, հյուրանոցներին ու կոստյումներին, ամեն բան դառնում էր եվրոպական ու ամերիկյան չափանիշներով, վերջին սերնդի: 44-օրյա ողբերգական պատերազմը լակմուսի թուղթ էր նաեւ բյուջետային ծախսերի բացահայտման առումով. 2020թ.-ի դեկտեմբերի վերջին Արցախի ԱԺ նիստից մենք իմացանք, որ հայկական այդ փոքրիկ հանրապետությունն իր բյուջեից ամեն տարի մոտ 20 մլն դոլար գումար է ծախսել, ուշադրություն,  նախկին պաշտոնյաների, նախագահների վրա:Հայաստանի մի շարք մարզերից էլ պակաս բնակչություն ունեցող Արցախում նման վերաբերմունքը, մեղմ ասած, անթուլատրելի էր: Որպեսզի հասկանաք ու պատկերացնեք, թե ինչ գումարի մասին է խոսքը, համեմատենք. այն մոտ 6 անգամ ավելին է, քան հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիի տարեկան բյուջեն, 7-8 անգամ ավելին է, քան երրորդ քաղաքի` Վանաձորի բյուջեն, այդ գումարով ամբողջ շրջկենտրոններում մարզասրահներ կամ ՏՏ կենտրոններ կարելի էր բացել եւ այլն:Ահա թե ինչու հասարակությունն ընդվզեց, դուրս եկավ փողոց։ Մարդիկ հոգնել էին նախկիններից, հոգնել էին խաբված զգալուց ու հիմա էլ, ըստ հարցումների ու դիտարկումների, ընդդիմության հիմնական մասին մարդիկ ընկալում են նախկին, ընկալում են իրենց դպրոցը չկառուցող, սեփական կաշվի մասին մտածող կառավարիչների: Ինչպես ասում են, ամեն ինչ իրականում շատ պարզ է:

 

 

ՆՈՐԻՑ ԳՆԱՃ

Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում գնաճ է արձանագրվել: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ ապրիլին, մարտի համեմատ, ոչ պարենային ապրանքները թանկացել են 0.7 տոկոսով, բայց նախորդ տարվա ապրիլի համեմատ՝ թանկացումը զգալի է՝ 8.5 տոկոս: Միայն դեղագործական ապրանքները թանկացել են 0.4 տոկոսով: Սա, ըստ մասնագետների, պայմանավորված է դոլարի եւ եվրոյի փոխարժեքի տատանումներով: Օրինակ՝ կահույքի ու մաքրող, լվացող միջոցների գները բարձրացել են 0.8 տոկոսով, նույնչափ թանկացել են նաեւ ոսկերչական զարդերը: Արձանագրենք, որ հագուստի գները բարձրացել են՝ հունվարից սկսած, երբ Հայաստանում արգելվեց թուրքական ծագման ապրանքների ներկրումը: Սա հագուստի շուկայում հանգեցրեց մեծ գնաճի: Այս ապրիլին, մարտի համեմատ, Վիճակագրական կոմիտեն հագուստի շուկայում արձանագրել է 1.2 տոկոս գնաճ: Ի դեպ, առեւտրականները բանավոր զրույցներում կանխատեսում են, որ հագուստի գինը Հայաստանում դեռ կբարձրանա: Բանն այն է, որ թուրքական ծագման հագուստի փոխարեն առեւտրականները ներկրում են չինականը, որը ֆինանասական լրացուցիչ ծախսեր է առաջացնում տնտեսվարողների համար: Բացի այս, այն ուշ է Հայաստան հասնում: Մյուս կողմից՝ ArmLur.am-ը տեղեկություններ ունի, որ Հայաստանում այժմ էլ, չնայած վեցամսյա արգելքին, թուրքական ծագման հագուստի խնդիր չկա, որովհետեւ տնտեսվարողները այն ներկրում են Ռուսաստանի միջոցով, որտեղ խնամքով կտրում են թուրքական պիտակաները եւ դրանք փոխարինում են կա՛մ ռուսականով, կա՛մ չինականով: Չնայած սրան՝ այժմ իբր թուրքական ծագում ունեցող հագուստին տեղական շուկայում փոխարինում է հայկական եւ ռուսական արտադրության հագուստը, բայց, միեւնույնն է, գինը չի նվազում: Նույն պատկերն է նաեւ կոշիկի շուկայում, որտեղ մեկ ամսվա ընթացքում պաշտոնապես արձանագրվել է 2 տոկոս գնաճ:

 

ԿՄԻԱՆԱ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՅԻՆ

ՀՀ Գեղաքրունիքի մարզի Վարդենիսի հիվանդանոցը կմիանա պոլիկլինիկային. այս մասին որոշման նախագիծը ՀՀ առողջապահության նախարարությունն է շրջանառության մեջ դրել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ կազմակերպությունը կվերանվանվի «Վարդենիսի բժշկական կենտրոն»: Քաղաքում կգործի մեկ բժշկական հաստատություն, որը հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծառայություններ կմատուցի Վարդենիսի եւ հարակից գյուղերի բնակչությանը։ Բացի այս, ArmLur.am-ին հայտնի դարձավ նաեւ, որ միացման արդյունքում վարչական անձնակազմի կրճատում կլինի: Ըստ առողջապահության նախարարության՝ կրճատման արդյունքում կնվազեն վարչական եւ պահպանման ծախսերը: Բացի այս, «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ բաժնետոմսերի կառավարման լիազորությունները կվերապահվի Առողջապահության նախարարությանը՝ կրճատելով հատուկ զինվորական ծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց սպասարկման համար ծավալված 40 մահճակալը, իսկ զորամասերի զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների սպասարկումը կիրականացվի Պաշտպանության նախարարության ենթակայության բժշկական կազմակերպության կողմից։

 

 




Լրահոս