ԳՈՒՄԱՐ՝ ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության որոշմամբ՝ 2 մլրդ 942 մլն դրամով կավելացվի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության 2021թ. բյուջեն: Գումարը նախատեսվում է հատկացնել Քաղաքաշինության կոմիտեին՝ փոքրաքանակ երեխաներով համալրված թվով 15 դպրոցի մոդուլային շենքերի կառուցման աշխատանքների շարունակականության ապահովման համար, ինչպես նաեւ Արմավիրի մարզի Արեւիկ համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման եւ թվով 9 համայնքներում նույն տիպի մանկապարտեզների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման եւ շինարարական աշխատանքների մեկնարկման համար:

 

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի խոսքով՝ անհրաժեշտ է ապահովել արդեն մեկնարկած շինարարական աշխատանքների շարունակականությունը: «Մասնավորապես, փոքրաքանակ երեխաներով համալրված թվով 15 հանրակրթական դպրոցի մոդուլային շենքերի կառուցման նպատակով 1.5 մլրդ դրամ է հատկացվել, որտեղ ներառված է 2 դպրոց Արագածոտնի մարզում, 1 դպրոց Արարատի մարզում, 1 դպրոց Արմավիրի մարզում, 2 դպրոց Գեղարքունիքի մարզում, 2 դպրոց Լոռու մարզում, 3 դպրոց Սյունիքի մարզում, 1 դպրոց Վայոց ձորի մարզում, 1 դպրոց Շիրակի մարզում, 2 դպրոց Կոտայքի մարզում: Բոլոր դպրոցներում նախատեսված են ապաստարաններ, եւ ենթադրվում է, որ այս դպրոցները պետք է նաեւ դառնան համայնքային կենտրոններ՝ մշակութային, սպորտային: Այսինքն՝ բոլորը կունենան հնարավորություն այդ դպրոցներում անցկացնել իրենց ժամանակը, զբաղվել հետաքրքիր գործունեությամբ»,- ասել է Վահան Դումանյանը:

Վարչապետի պաշտոնակատարը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ այն կայացվում է՝ ի կատարումն կարեւորագույն ռազմավարական ուղղություններից մեկի՝ կրթության ոլորտում իրականացվող խորքային բարեփոխումների: «Շատ կարեւոր է արձանագրել, որ մենք կրթության ոլորտում բարեփոխումների մեր պատկերացումներն, ըստ էության, ամբողջացրել ենք, եւ այդ բարեփոխումները ներառում են նախակրթարանից մինչեւ բարձրագույն եւ հետբուհական կրթություն: Իհարկե, ինչքան էլ ամբողջացնում ենք, այստեղ եւս մի կոմպոնենտ ենք ավելացնում սրան. ժողովրդագրական ծրագրերը նույնպես պետք է դրվեն այս շղթայի մեջ որպես նախնական, բայց կարեւորագույն օղակ», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ կարեւոր է ընգծել, թե որ համայնքներում են այդ ծրագրերը իրականացնում. «Առաջինը՝ դպրոցաշինության ծրագիրն է: Այս ծրագիրը անցյալ տարի մեկնարկել էինք, բայց պատերազմի պատճառով որոշակի գործընթացները դանդաղեցին, եւ հիմա վերականգնում ենք ֆինանսավորումն ամբողջ ծավալով, որպեսզի շինարարությունը շարունակվի: Եվ ըստ այդմ, Արագածոտնի մարզում՝ Լուսակնի եւ Գառնահովիտի միջնակարգ դպրոցները, Արարատի մարզում՝ Դեղձուտի միջնակարգ դպրոցը, Արմավիրի մարզում Արգինայի միջնակարգ դպրոցը, Գեղարքունիքի մարզում՝ Լեռնահովիտ գյուղի Բարեղամյանի անվան հիմնական դպրոցը եւ Շատջրեկ գյուղի միջնակարգ դպրոցը, Լոռու մարզում՝ Մեդովկայի, Հագվու միջնակարգ դպրոցները, Սյունիքում՝ Հարժիսի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոցը, Վաղատինի եւ Դարբասի միջնակարգ դպրոցները, Վայոց ձորի մարզում՝ Եղեգիսի միջնակարգ դպրոցը, Շիրակի մարզում՝ Բերդաշենի միջնակարգ դպրոցը, Կոտայքի մարզում՝ Ջրառատի միջնակարգ դպրոցը, Կաթնաղբյուրի հիմնական դպրոցը»,-նշել է նա:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է գյուղական դպրոցներն ամրապնդելու քաղաքականության իրականացման կարևորությունը. «Բայց մյուս կողմից՝ մենք հասկանում ենք, որ պարտավոր ենք իրականացնել այնպիսի քաղաքականություն, որ գյուղական դպրոցում կրթության որակը մեծ խզում չունենա մայրաքաղաքի դպրոցներից: Ես ուզում եմ արձանագրենք, որ այս ծրագրին զուգահեռ մենք իրականացնում ենք ուսուցիչների ատեստավորման գործընթացն, որն արդեն մայիսից մեկնարկել է: Մենք իրականացնելու ենք նաեւ հեռավար կրթության ծրագիր, որ այս դպրոցներում հնարավոր լինի դասեր իրականացնել՝ հեռավար եղանակով: Որոշակի փոփոխություններ ենք իրականացնում ուսուցիչների գործուղման համակարգում, որպեսզի, պատկերավոր ասած, Երեւանից ուսուցիչները դեպի գյուղական դպրոցներ որոշակի ժամանակով գործուղվելու ավելի մեծ խթաններ եւ շահագրգռություն ունենան»:

Անդրադառնալով մանկապարտեզների ծրագրին՝ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ առաջիկայում կառավարությունը կսահմանի նախակրթության չափորոշիչը: Նա ներկայացրել է, թե Արմավիրի մարզի Արեւիկ համայնքից բացի, որ համայքներում է մսուր-մանկապարտեզներ կառուցվելու՝ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք, Արարատի մարզի Արալեզ համայնք, Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնք, Լոռու մարզի Սպիտակ համայնք, Կոտայքի մարզի Հրազդան համայնք, Շիրակի մարզի Արթիկ համայնք, Սյունիքի մարզի Կապան համայնք, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայր, Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայր:

 

 

425 ՆՈՐ ԴԵՊՔ

Մայիսի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 218325 դեպք, որոնցից 202273-ը` առողջացած, 4192-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10828 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1004873 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 3964 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 425 նոր դեպք: Ունենք 714 առողջացած եւ 14 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1032 է:

 

 

ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐ

2021 թվականի ապրիլի 29-ից մայիսի 5-ը Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի եւ ԱՀ-ի տարածքներում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ։ Մայիսի 5-ին Հայաստանում՝ Ելփին գյուղից 5 կմ հարավ-արեւմուտք, 3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Արարատի մարզի Զանգակատուն, Տիգրանաշեն եւ Պարույր Սեւակ գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ եւ 7 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Արարատի մարզի Զանգակատուն եւ Լանջառ գյուղերում 3 բալ ուժգնությամբ։ Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 8 երկրաշարժ: Տարածաշրջանից դուրս. 6.0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է 1 երկրաշարժ: Մայիսի 1-ին 6.8 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Ճապոնիայի Սենդայ քաղաքից 71 կմ դեպի արեւելք: Երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

 

ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԷԼ ԱԶԱՏՎԵՑ

Տավուշի նոր մարզպետ, Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը ազատվում է  Տավուշի նախկին մարզպետ, այժմ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարար Հայկ Չոբանյանի նշանակած կադրերից, որոնք հիմնականում Երեւանի բնակիչներ են։  Հայկ Ղալումյանի պաշտոնավարման  ժամանակ,  իրենց դիմումների համաձայն,  Տավուշի մարզպետի օգնականի պաշտոնից ազատվել են Սերգեյ Հարությունյանը,  Էմին Գեւորգյանը, մարզպետի խորհրդականի պաշտոնից ազատվել է Արբակ Գրիգորյանը։ Մայիսի 3-ին մարզպետ Հայկ Ղալումյանը որոշում է կայացրել Նիկոլայ Գրիգորյանին ազատել Տավուշի մարզպետի խորհրդականի պաշտոնից։ Որպես այդ որոշման հիմք՝ ընդունվել է Նիկոլայ Գրիգորյանի դիմումը։ 1957թ. ծնված, փրկարար շառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը Տավուշի մարզպետարանում համակարգում էր   լրատվության, մարզի անվտանգության հետ կապված հարցեր։ Նրա որդին բացել է Տավուշի մարզային հեռուստաընկերություն, ստացել գործունեության արտոնագիր։ Պարզ չէ, թե Նիկոլայ Գրիգորյանի՝ պաշտոնից ազատվելուց հետո ինչ է լինելու Տավուշի մարզային հեռուստաընկերության ճակատագիրը։

 

 

ԾՐԱԳՐԵՐ՝ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ

Նոյեմբերյան խոշոր համայնքը միավորում է Նոյեմբերյան քաղաքը եւ սահմանամերձ Բարեկամավան, Կոթի, Ոսկեվան, Ոսկեպար, Բաղանիս, Ջուջեւան, Դովեղ եւ Բերդավան գյուղերը։  Նոյեմբերյան խոշոր համայնքը  2021թ. պետական սուբվենցիոն ծրագրին պատրաստվում է իր մասնակցությունն ունենալ թվով հետեւյալ սուբվենցիոն ծրագրերով.

  1. Նոյեմբերյան քաղաքի եւ սահմանամերձ Բերդավան գյուղի կենտրոնական փողոցների 640 մետր ընդհանուր երկարությամբ երկու հատվածների բանուկ մասերի հիմնանորոգում:
  2. Նոյեմբերյան քաղաքի, Կոթի եւ Բաղանիս գյուղերի կենտրոնական փողոցների 930մ ընդհանուր երկարությամբ երեք հատվածների բանուկ մասերի հիմնանորոգում:
  3. Նոյեմբերյան խոշորացված համայնքի Ջուջեւան, Դովեղ, Բերդավան, Կոթի, Ոսկեվան եւ Բաղանիս գյուղերի ոռոգման համակարգերի հիմնանորոգում եւ կառուցում։

Հանրային քննարկման են ներկայացվել ծրագրային հայտերը հաստատելու մասին Նոյեմբերյան համայնքի ավագանու որոշման նախագծերը: Ապրիլի 28-ին Նոյեմբերյանի երաժշտական դպրոցի մեծ դահլիճում տեղի է ունեցել հանրային քննարկում, ներկայացված ծրագրերը հավանության են արժանացել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս