Լուսանկարն արվել է Երեւանում
Նախօրեին Երեւանի բնակիչ, 28-ամյա Կարեն Քեշիշյանը հերթական զոհն է դարձել «Վեոլիա Ջրի»: Նա իր ավտոմեքենայով հայտնվել է շինարարական աշխատանքների համար փորված «Վեոլիա Ջրի» փոսում, ինչի հետեւանքով Կ. Քեշիշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Լուսանկարը՝ shamshyan.com-ի
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչպես առցանց գրանցվել, եթե գտնվում եմ արտերկրում:
Վարդուհի Պետրոսյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ եթե ունեք անհրաժեշտ փաստաթղթեր, ապա կարող եք գրանցվել արտերկրից, իսկ եթե փաստաթղթերի, մասնավորապես՝ հանրային ծառայության համարանիշ ստանալու խնդիր ունեք, ապա գործընթացը կարող եք կազմակերպել լիազորագրով` անձնագրի եւ ծննդյան վկայականի նոտարական վավերացմամբ պատճենների առկայությամբ: Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների ու նրանց երեխաների դեպքում նույնպես հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր է, որը տրվում է հաշվառվելու դեպքում անձնագրային բաժինների կողմից:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հանրակրթական դպրոցից սովորողին այլ հանրակրթական դպրոց տեղափոխելը եւ (կամ) ազատելը կատարվում է ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված կարգով հետեւյալ դեպքերում՝
1) ծնողի դիմումի հիման վրա,
2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ո՞ր պայմանի դեպքում է որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացին հաշվառվում որպես որդեգրողի թեկնածու:
Հերմինե Արշակյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացուց բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, իրավասու մարմիններին կատարած հարցման միջոցով անցկացվում է այդ անձի եւ նրա կենսապայմանների ուսումնասիրություն, եւ կազմվում է համապատասխան ակտ:
Որդեգրման վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրությունն իրականացնում է կենտրոնական մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը, որի կազմը ձեւավորվում է ՀՀ արդարադատության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, առողջապահության, արտաքին գործերի նախարարությունների եւ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներից։ Աշխատանքային խմբի առաջարկությունների հիման վրա՝ կենտրոնական մարմինը մեկամսյա ժամկետում տալիս է որդեգրման հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն եւ գրավոր տեղեկացնում համապատասխան երկրի կենտրոնական մարմնին կամ դիմողին։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ երեխայի որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացություն տալու դեպքում, որն ուժի մեջ է տալու օրվանից 18 ամիս, կենտրոնական մարմինը որդեգրել ցանկացող անձի վերաբերյալ փաստաթղթերը եւ դրական եզրակացության մեկ օրինակը ուղարկում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն կենտրոնացված հաշվառում իրականացնելու նպատակով: