ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այսօր Երևանում հնչած կրակոցներից: Մասնավորապես կրակոցներից սպանվածն ու վիրավորված անձը հարազատ եղբայրներ են: Սպանվածը Հովհաննեսն է, իսկ վիրավորը Կարենը: Մեզ հասած տեղեկություների համաձայն՝ վերջիններս մոտ մեկ ամիս առաջ էին եկել Ավստրիայից: Ավելին, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ վերջիններս նաեւ մոտ ժամանկներս պատրաստվում էին գնալ ԱՄՆ, քանի որ Գրին քարտ էին շահել: Իսկ ինչու են կրակել նրանց վրա՝ իրավապահները դեռեւս փնտրում են պատճառները:
Հիշեցնենք, որ այսօր՝ shamshyan.com-ը գրել էր, որ մայիսի 8-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 06:30-ից 07-30-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր-Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում կրակոցներ են հնչել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը։
Դեպքի վայր ժամանած ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ Մոլդովական փողոցի 1-ին և 3-րդ շենքերի հարևանությամբ՝ ճանապարհին, հայտնաբերել են տղամարդու դի:
Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից և դեռևս չճշտված ատրճանակից կրակված և չկրակված պարկուճներ, արնանման հետքեր:
Հայտնաբերվել է նաև Mercedes Տ 500 մակնիշի ավտոմեքենա, որի մեջ էլ հայտնաբերվել է բիտա:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական խումբը՝ բաժնի պետ Վարդան Ավագյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Վ. Ավագյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված վայրից 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի և վիրավորի ինքնությունը:
Տեղում աշխատում են նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Տեղում են նաև ոստիկանության Նոր-Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Վիգեն Միլիտոնյանը։