Հաղթանակի և խաղաղության տոնը հարգանքի և խոնարհումի օր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ժողովուրդը 2021թ. մայիսի 9-ին առանձնահատուկ խոնարհումով է նշում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանում և Արցախում հարգանքի տուրք կմատուցեն ինչպես հաղթանակները կերտած ու անմահացած հայորդիների հիշատակին, Հայրենական պատերազմի վետերաններին, որոնք ապրում են մեր կողքին, այնպես էլ Արցախյան 44-օրյա պատերազմում անձնվիրաբար մարտնչած հայ հերոսներին, որոնք կյանքը տվեցինք Արցախի ու չքնաղ Շուշիի պաշտպանության համար, սակայն Շուշին կրկին հայտնվեց ադրբեջանական գերության ու օկուպացիայի մեջ։

Նաև հայերը կերտեցին Հայրենականի հաղթանակը

Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խամփերյանց), Աղանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակով։ 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, 27 շարքային զինվոր դարձել է փառքի շքանշանակիր, 104 մարդ արժանացել է խորհրդային միության հերոսի կոչման: Նելսոն Ստեփանյանն արժանացել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչմանը:

«Հարսանիք լեռներում». 29 տարի առաջ ազատագրված Շուշին կրկին օկուպացված է Ադրբեջանի կողմից

Ուղիղ 29 տարի առաջ մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտեցին «Հարսանիք լեռներում» օպերացիան, որի արդյունքում ազատագրվեց հրաշագեղ Շուշին: Շուշիի ազատագրումն էլ բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին: «Հարսանիք լեռներում» օպերացիայի արտասովոր անվանումը գալիս է նրանից, որ այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը անիրագործելի էր համարում Շուշիի ազատագրման մարտական պլանը, կարծում էր, որ նման օպերացիա իրականացնելը դեռ վաղ է ու պետք է դրան լավ պատրաստվել: Նրանք որոշել էին` Շուշին գրավելուց հետո լեռներում Վազգեն Սարգսյանի հարսանիքը կազմակերպել. այդպես էլ օպերացիան ստացել է «Հարսանիք լեռներում» պայմանական անվանումը:

Ազատագրական գործողություններն իրականացվել են 4 ուղղությամբ միաժամանակյա հարձակումներով: Մայիսի 8-ի գիշերը` ժամը 2.30-ին` Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո, հայկական զորքը մտնում է Շուշի, և մայիսյան հերթական լուսաբացին բերդաքաղաքի Սբ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին արդեն ծածանվում էր հայոց հաղթական եռագույնը: Այն նորանկախ Հայաստանի պատմության ամենափառավոր էջերից է: Եվ անգամ 2020թ. Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմը, Շուշիի օկուպացումը չեն կարող նսեմացնել 1992թ. մայիսի 8-9-ի պատմական իրադարձությունների դերն ու նշանակությունը։

Ադրբեջանը 2020թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ ագրեսիվ ռազմական գործողություններ սանձազերծեց Արցախի դեմ, հոկտեմբերի 8-ին հարվածեց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն, ավերեց այն, նոյեմբերին Շուշիի օկուպացիայից հետո սկսեց ավերել նաև քաղաքն ու ոչնչացնել հայկական հետքը։ 2021թ. ապրիլի վերջին հանեց եկեղեցու գմբեթները` աղավաղելով դրա քրիստոնեական տեսքն ու խաթարելով ճարտարապետությունը։

Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ դիվանագիտական-քաղաքական ճանապարհով նախկին ԼՂԻՄ տարածքի դեօկուպացիայի խնդիրը պետք է դրվի Արցախյան հիմնահարցի կարգավորման հիմքում։

Բանակը՝ անվտանգության երաշխավոր

Մայիսի 9-ին նշվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: ԼՂՀ պաշտպանության բանակը պաշտոնապես ստեղծվել է 1992թ. մայիսի 5-ին, որով միավորվեցին դեռևս 1990թ. գործող անջատ ինքնապաշտպանական ռազմական միավորումները:




Լրահոս