ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը քննության է ընդունել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու վերաբերյալ» գործը: Ընդ որում, ՍԴ-ն որոշում է կայացրել գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով՝ մայիսի 25-ին:
Արմեն Սարգսյանը դատարան էր դիմել ապրիլին եւ նշել, թե օրենքով առաջարկվող կարգավորումներն իրավիճակային են և առերևույթ խնդրահարույց իրավական որոշակիության, համաչափության, իշխանությունների տարանջատման, ինչպես նաև դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքներին և պահանջներին համապատասխանելու տեսանկյունից:
Հիշեցնենք, որ օրինակ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից և դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու հնարավորություն է տրվում նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, ԲԴԽ-ին նաև հնարավորություն է տրվում մի դատավորի վարույթում գտնվող գործը վերցնել, փոխանցել մեկ այլ դատավորի:
Ն.Հ.