ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմումի հիման վրա՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի առաջին նիստը տեղի կունենա հունիսի 1-ին եւ կանցկացվի գրավոր ընթացակարգով:
Արմեն Սարգսյանը դատարան էր դիմել մարտի 10-ին, այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը պաշտոնից ազատվեց:
«Դիմումի ներկայացումը պայմանավորված է նաև նշված օրենքի իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրներով, որոնք առավել ակնհայտ դարձան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի նախաձեռնության և դրան հաջորդած սահմանադրական իրավական գործընթացների արդյունքում», – նշել էր Արմեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ի առավոտյան հրապարակվեց Զինված ուժերի անունից գլխավոր շտաբի հայտարարությունը՝ վարչապետի և Կառավարության հրաժարականի պահանջով։ Իսկ վարչապետն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց եւ ԳՇ պետի պաշտոնանկության առաջարկությամբ դիմեց նախագահին։ Ապա նախագահը փետրվարի 27-ին առարկություններով վերադարձրեց հրամանագրի նախագիծը, սակայն վարչապետը կրկին ուղարկեց իր միջնորդությունը։
Եվ ահա, մարտի 2-ին Հայաստանի նախագահը հայտարարեց, որ որոշել է չստորագրել հրամանագիրը և առանձին դիմումով դիմելու է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։
Ն.Հ.