Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտարարել է խարդախության դեպքերի մասին՝ կապված իրենց կողմից ենթադրյալ հյուպատոսական ծառայություններ տրամադրելու հետ:
«Դեսպանությունը պարբերաբար տեղեկատվություն է ստանում այն մասին, որ որոշ անձինք քաղաքացիներին փորձում են շփոթմունքի մեջ դնել՝ առաջարկելով այսպես կոչված «միջնորդական ծառայություններ»՝ կապված հյուպատոսական ծառայությունների տրամադրման հետ: Խարդախների գործողությունների զոհը չդառնալու համար կոչ ենք անում քաղաքացիներին չվստահել անձանց, ովքեր փորձում են հանդես գալ «միջնորդների» դերում»,- ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում: Դեսպանատնից հայտնել են, որ տարբեր քաղաքացիներից նման փորձերի մասին ստացված տեղեկատվությունը տրամադրվում է համապատասխան իրավապահ մարմիններին:
Դիվանագիտական առաքելությունից նաև տեղեկացրել են, որ ՌԴ տարածքում հյուպատոսական ծառայություններ մատուցում են բացառապես Մոսկվայում դեսպանատան հյուպատոսական ծառայությունը, Սանկտ Պետերբուրգում և Դոնի Ռոստովում Հայաստանի հյուպատոսարանները, Նովոսիբիրսկում դեսպանության հյուպատոսական բաժինը և Սոչիի հյուպատոսական կետը: