ԱՐՑԱԽԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ռուսական «Կոմերսանտ»-ում ծավալուն հոդված էր հրապարակվել  «Երեւանի ցավը Բաքվում չի անցնում. Հայաստանի գերիներին վերադարձնելու Ադրբեջանի դժկամությունը բարդացնում է նույնիսկ Մոսկվայի կյանքը» վերնագրով: Հոդվածում ծավալուն անդրադարձ է առկա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Երեւան կատարած այցին եւ տեղի ունեցած հանդիպումներին: Հոդվածը որոշ մանրամասներ է հայտնում բանակցություններից եւ նախանշում այն օրակարգը, որը լինելու է մի քանի օրից Բաքվում կայանալիք ռուս-ադրբեջանական բանակցություններին: Մասնավորապես,  բավականին ծավալուն անդրադարձ կա Բաքվում պահվող հայ գերիների մասով։ Թերթի աղբյուրների խոսքով՝ Ադրբեջանը փորձում է գերիների ազատ արձակումը պայմանավորել իր պահանջների կատարմամբ։ Որպես կանոն, դրանք վերաբերում են տարածքային հարցերին։ Այսպես, «Կոմերսանտի» իրազեկ զրուցակիցը պատմել է, որ ադրբեջանական կողմը հարց է դրել իր վերահսկողության տակ հանձնել Շուշի-Կարմիր շուկա ճանապարհը, որն այժմ վերահսկվում է ռուս խաղաղապահների եւ հայ զինվորականների կողմից: Իսկ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է գերիների խնդրի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 5-ի հայտարարությանն ու միջազգային գործընկերների արձագանքներին: Անդրադառնալով դիտարկմանը, որ որոշ հայտարարություններում հնչում է բոլոր կողմերից գերիների ազատ արձակման կոչ՝ Աննա Նաղդալյանն ընդգծել է, որ Հայաստանը ամբողջությամբ կատարել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետով ստանձնած իր պարտավորությունները եւ վերադարձրել ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին: Ըստ  էության, արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի, դրա ձեւաչափի ու բովանդակության շուրջ աշխարհաքաղաքական տարաձայնությունները դիմակայության նոր փուլ են թեւակոխում: Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տարօրինակ համարեց իրավիճակը, քանի որ կա կարգավորման գործընթաց Ռուսաստանի հովանու ներքո: Սակայն, նրա կարծիքով, անցել է այն փուլը, երբ համանախագահներն այս գոտում աշխատում էին աշխարհաքաղաքականությունից անկախ: «Սա այն փուլն է, երբ հակամարտության վրա մեծ ազդեցություն է ունենում ՌԴ-Արեւմուտք հարաբերությունների ներկայիս վիճակը: Առաջիկայում եւս կասկածի տակ է դնում ԵԱՀԿ ՄԽ մի փոքր արդյունավետ գործունեությունը, նույնիսկ համանախագահների աշխատանքի վերսկսումը, քանի որ հասկանալի չէ՝ ինչի շուրջ են խոսելու: Բայց այստեղ ուզում եմ նշել, որ պաշտոնապես համանախագահներն այս փուլում դեմ չեն խոսել հումանիտար հարցերից միմիայն եւ առաջին պլան կարգավիճակի հարցը չեն բերում: Այն ժամանակ առ ժամանակ շրջանառում են արեւմտյան որոշ պաշտոնյաներ՝ հասկացնելով, որ սա դառնալու է օրակարգային թեմա: Կարծում եմ՝ չկորցնելու համար այս ձեւաչափը, հասկանալով իրավիճակը, ԵԱՀԿ ՄԽ-ն կսկսի աշխատանքը մարդասիրական հարցերից, իսկ հետո կսկսեն քննարկվել ամենախնդրահարույց հարցերը: Ինչպես տեսնում ենք, վերջին հայտարարությունները գերիների եւ ականազերծման մասին են: Այսինքն՝ կարգավիճակի հարցն այսօր կանխորոշում է ԵԱՀԿ ՄԽ ճակատագիրը», – նշեց նա:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ տեւական ժամանակ է, ինչ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունենում իր թիմի անդամների հետ` առանձին-առանձին: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանը փորձում է բոլորից պարզել, թե ինչ են կարծում` ով պետք է լինի հաջորդ խորհրդարանում: Ու հայրենի օրենսդիրները իրենց համար ցանկալի անուններ են նշում, մեկը մյուսի աշխատանքը փնովում է ու հայտնում, թե ումից են գոհ եւ ումից են դժգոհ: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանի մոտ ամենաշատը դժգոհել են ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանից: Գրեթե բոլոր թիմակիցները պնդել են, որ Նազարյանը խորհրդարանում թիմային աշխատանք չի անում, կտրված է իրականությունից, չի շփվում թիմակիցների հետ: Ավելին՝ խմբակցության ներսում Նազարյանը կանանց թիմ է ձեւավորել, որոնց հետ է միայն շփվում: Շատերը պնդել են, որ վերջինս նախընտրական ցուցակում պետք է լինի վերջին հորիզոնականներում: Նույն՝ «Իմ քայլին» մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ բողոքները շատ են եղել նաեւ Ռուբեն Ռուբինյանից՝ կրկին նույն բովանդակությամբ: Նա էլ թիմային չի գործում, նույնիսկ պատգամավորներին չի բարեւում, չի շփվում: Խմբակցության գերակշիռ հատվածը Նիկոլ Փաշինյանին ասել է, որ շատ գոհ են խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից, որն այս ժամանակահատվածում ամեն ինչ արել է թիմում պառակտումներ թույլ չտալու համար: Մի մեծ զանգված գոհ է եղել նաեւ Բաբկեն Թունյանից, նրա կատարած աշխատանքից:

 

 

Նախկին իշխանությունների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց վերադարձից սարսափած եւ մշտապես նախկինների վերադարձով ՀՀ քաղաքացիներին վախեցնող  իշխանությունները շարունակում են իրենց կադրային բանկը համալրել նույն նախկիններրի կադրերով: Երեկ ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ դարձավ մի անձ, որը հենց սերտ կապ ունի նախկինների հետ: Խոսքը Գեղամ Հովեյանի մասին է, ում թեկնածությունն առաջարկել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, եւ ով 95 կողմ, դեմ 2 ձայներով ընտրվեց այդ պաշտոնում: Եվ ուշագրավ է, որ ԱԺ ամբիոնից փորձ արվեց թաքցնել այդ հանգամանքը: Բանն այն է, որ Գեղամ Հովեյանի կենսագրությունը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Կարեն Գրիգորյանը։ Վերջինս ասաց, թե երբ, որտեղ է ծնվել Հովեյանը, որտեղ է սովորել, աշխատել, սակայն ներկայացնելիս բաց թողեց այն հանգամանքը, որ Հովեյանը 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ պատգամավորների թեկնածուների համամասնական ցուցակով է առաջադրված եղել (149 համար)։ Գեղամ Հովեյանը, բացի համամասնական ցուցակից, Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով է առաջադրված եղել։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր ՀՀ վերահսկիչ պալատի համայնքների վերահսկողության վարչության պետի պաշտոնը։ Բացի այդ, նա Վարդենիկի գյուղապետ Հովհաննես Հովեյանի եղբայրն է: Այսինքն՝ մի կողմից իշխանությունները խոսում են նախկինների վերադարձը թույլ չտալու մասին, մյուս կողմից՝ ՀՀԿ թեկնածուներին պաշտոնի են նշանակում, սակայն համարձակություն չունեն բարձրաձայնելու այդ հանգամանքը եւ ԱԺ ամբիոնից թաքցնում են այդ փաստը:

 

 

Երեւանի կենդանաբանական այգում մեկ տարվա ընթացքում կենդանիների ե՛ւ գլխաքանակը, ե՛ւ տեսակները պակասել են: «Ժողովուրդ» օրաթերթը թվերով ներկայացնում է կենդանաբանական այգին: Այսպես, այգում 2019թ. առկա է եղել 182 տեսակի կենդանի: Կենդանիների գլխաքանակը կազմել է 910, բայց 2020թ. տարեվերջին պակասել են ոչ միայն տեսակները, այլեւ գլխաքանակը: Նախորդ տարեվերջին առկա է եղել 159 տեսակի կենդանի, իսկ գլխաքանակը՝ 830: Ասել է թե` մեկ տարվա ընթացքում կենդանիների գլխաքանակը պակասել է 80-ով, իսկ տեսակը` 30-ով: Մասնագետներն անհանգստացած են. այս տվյալները խիստ մտահոգիչ են: Սրան զուգահեռ կենդանաբանական այգու այցելուների թիվն է զգալի պակասել. օրինակ` եթե 2019թ. այգին ունեցել է 288 հազար 600 այցելու, ապա անցած տարի նրանց թիվը 116 հազար 959 է եղել: Բացի այս, նշենք, որ հիմնականում պակասել է սողունների գլխաքանակը` 12-ով, իսկ կաթնասունները 11-ով ավելացել են: 2019-ին այգին ունեցել է 44 անողնաշար կենդանի, իսկ անցյալ տարի՝ 19: Գիշատիչ թռչուններն էլ 1-ով են պակասել: Մեկ տարվա ընթացքում ձկների քանակը 61-ով է պակասել: Եւ ամենակարեւորը` ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` 2020-ին անկել է 134 կենդանի, դուրս են տրվել 46-ը, ծնվել են 77-ը, ձեռք բերվել` 25-ը: Սրան զուգահեռ նկատենք, որ այգու ֆինանսական միջոցների մուտքը կազմել է 415 մլն դրամ, իսկ ֆինանսական ծախսերը` 418 մլն 100 հազար դրամ, այսինքն` ծախսերն ավելի են եղել, քան մուտքերը:

 




Լրահոս