Ի՞ՆՉ Է ՔՆՆԱՐԿԵԼ ԴԱՏԱՎՈՐԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ընդ որում, այդ հանդիպումը կազմակերպվել է վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանի միջոցով, որը, մամուլի հրապարակումների համաձայն, հրահանգներ է տալիս դատավորներին, քննիչներին ու դատախազներին: Այստեղ ուշագրավ է, որ երբ նախորդ տարվա դեկտեմբերին Փաշինյանն իր մոտ էր հրավիրել դատարանների նախագահներին, Վազգեն Ռշտունին հանդիպմանը չէր մասնակցել: Armlur.am-ի հետ զրույցում Վազգեն Ռշտունին հաստատեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել է, եւ ներկայացրեց, թե ինչ են զրուցել:

 

-ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դատարանների նախագահներին  հրավիրել էր իր մոտ հանդիպման: Դուք չկայիք հանդիպմանը: Հետագայում տեղեկացանք, որ Դուք հանդիպել եք վարչապետի հետ, եւ կապող օղակը եղել է տիկին Վարդապետյանը: Եղե՞լ է նման բան, թե՞ ոչ:

-Հանդիպում իրականում եղել է, բայց հանդիպումը եղել է դատավորների հայտնի հանդիպումից առաջ, այսինքն՝ եթե այսօրվանից վերցրենք, մոտ մեկ տարի առաջ է եղել հանդիպում: Հանդիպել ենք վարչապետի  հրավերով, քննարկվել են դատական իշխանության  հետ կապված որոշակի հարցեր: Պարզ ասեմ՝ հանդիպումն անցել է շատ հանգիստ, ուղիղ ձեւաչափով, այսինքն՝ առանց որեւէ ձեւականությունների: Նաեւ վարչապետն ինձ փոխանցել է, որ նա ցանկություն ունի, որպեսզի դատական իշխանությունը բարեփոխվի, ես էլ ասել եմ, որ ամեն ինչով պատրաստ կլինեմ աջակցել դատական իշխանության բարեփոխմանը: Եթե նայենք ժամանակագրական առումով, այս հանդիպումից հետո թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից ճնշումներն ու քննադատությունները նվազել են: Հետագայում նորից նոր թափ առան քննադատությունները: Ճնշում չասեմ, քանի որ ճնշումների չենք ենթարկվում, բայց, ամեն դեպքում, քննադատությունների շարքը շարունակվեց:

-Նորմա՞լ եք համարում, որ Վերաքննիչ դատարանի նախագահը հանդիպում է ունենում ու խոսում քրեական գործերի մասին կամ դատական համակարգի բարեփոխումների մասին: Դատական համակարգն անկախ մարմին է, կայացնում է որոշումները՝ օրենքով սահմանված կարգով: Ինչո՞ւ են իշխանությունները  միջամտում կամ փորձում դատարանների նախագահներին վերցնել իրենց վերահսկողության տակ:

-Ասեմ պարզ, որ նկատի ունենալով, որ հանդիպման առաջարկն ու ֆորմատն եղել էր բարի, այսինքն՝ նպատակը եղել էր բարի, այստեղ խնդիրը չէր վերաբերում ճնշումներին: Ճնշումների խնդիր չի եղել, ու կարծում եմ՝ նման չեմ մի մարդու, ում կարելի է ճնշել: Բայց ներկայացվել է հետեւյալ կերպ, որ լինելով ընդհանուր քաղաքական պատասխանատուն, որը պատասխանատու է քաղաքական ուժի՝ նաեւ դատական իշխանության համար, եղել են մի շարք մութ հարցեր, որոնք պարզաբանվել են: Թե՛ մամուլուվ, թե՛ նաեւ հատուկ ծառայությունները ներկայացնում էին, որ Ռշտունին ներկայացնում է այս կամ այն անձի կամ իշխանության կամ թեւի շահերը:  Հանդիպման նպատակներից մեկը եղել է նաեւ տվյալ հարցերի պարզաբանումը, այսինքն՝ եղել է որոշակի ճանաչողական հանդիպում նաեւ, որի ընթացքում մի շարք հարցեր պարզաբանվել են: Կարծում եմ՝ մինչ այդ նա էլ ուներ որոշակի այլ տեղեկություններ, դրա համար առաջարկել էր հանդիպել: Իսկ ինչ վերաբերում է ճնշումներին կամ դատական իշխանության ներկայացուցիչներին, համենայնդեպս, որեւէ քրեական գործի մասին որեւէ քննարկում չի եղել կամ ինձ որեւէ խնդրանք չի եղել:

-Վստահ լինե՞նք, որ հանդիպումից հետո Վերաքննիչ դատարանը իշխանությունների քմահաճույքով որոշումներ չի կայացնի:

-Ըստ Ձեզ՝ կայացվե՞լ է մի որոշում, որը քմահաճո է իշխանություններին այս մեկ տարվա ընթացքում:

-Մինչեւ հանդիպումը չենք նկատել, բայց հանդիպումից հետո ներքին մտավախություն հասարակության շրջանում կա:

-Ո՞ր հասարակության:

-Այն մարդկանց, որոնց գործերը Վերաքննիչ դատարանում են գտնվում:

-Մոնիթորիգ արե՛ք, ես չեմ ուզում անուններ տալ:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ «ՀԱՐԱՄԵԼ Է» ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ երեկ՝ խորհրդարանում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի տարեկան հաղորդում-զեկույցի ներկայացման ժամանակ, հրահանգ է եղել, որ իշխանական ֆրակցիան չպետք է կոշտ հայտարարություններով հանդես գա:

 

Ավելին` նախօրեին խմբակցության անդամները հատուկ հաղորդագրություն են ստացել այդ մասին, ըստ որի՝ Արման Թաթոյանի ու իր կատարած աշխատանքի մասին պետք է լինեն միայն գովերգող ելույթներ, հայտարարվի, որ նրա կատարած աշխատանքն անգնահատելի է: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ իշխանական ֆրակցիայի անդմաները բոլորը միակարծիք են եղել, որ Թաթոյանին չպետք է քննադատեն: Բայց հանկարծակի, բոլորի համար անակնկալ ելույթ է ունեցել Ազգային Ժողովի  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ու ձեռք բերված պայմանավորվածությունը «հարամել»:

Մենք տեղեկացանք, որ խմբակցության համար եւս անհասկանալի է մնացել, թե ինչու է Կարապետյանը նման ինքնաբուխ հայտարարություն արել, կոպիտ խոսել այն պարագայում, երբ խմբակցությունում Թաթոյանի վերաբերյալ դրական դիրքորոշում կա: Մեզ հետ մասնավոր զրույցներում իմքայլականները հայտարարում էին, որ մշտապես Մարիա Կարապետյանը նման ձեւով է պահել իրեն, ինքը խմբակցությունից անկախ է գործում, ու որեւէ մեկը նրան չի կարողանում որեւէ դիտողություն անել:

Ի դեպ, լարվածությունը թոթափելու համար է զեկույցի ավարտից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մոտեցել Արման Թաթոյանին ու հայտարարել, թե իրենց ֆրակցիան շատ լավ էր տրամադրված իր նկատմամբ, պետք չէր Կարապետյանի ելույթին նման ձեւով արձագանքել: Նշենք, որ Արման Թաթոյանն էլ իր հերթին շատ կոպիտ արձագանքեց Մարիա Կարապետյանի հայտարարություններին: Դա հիմք է հանդիսացել, որ Արարատ Միրզոյանը նիստի ավարտին «ռազբորկա» անի Թաթոյանի հետ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

ՎԱՂՈՒՑ Է ՑՈՒՑԱԿՈՒՄ

Դատավորից կարիերայի սրընթաց աճ արձանագրած եւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ նշանակված Անդրանիկ Սիմոնյանի համար նոր ոլորտ է առանձնացվել: Անդրանիկ Սիմոնյանի մոտ կա դատավորների, այսինքն՝ իր նախկին գործընկերների անուններով մի ցուցակ, որոնց նկատմամբ առաջիկայում պետք է կոնկրետ քայլեր լինեն, եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի օրինակով նրանք եւս պետք է հայտնվեն մեղադրյալի աթոռին: Խոսքը Ալեքսանդր Ազարյանի, Կարինե Պետրոսյանի, Զարուհի Նախշքարյանի, Վազգեն Ռշտունու եւ այլ դատավորների մասին է: ArmLur.am-ը Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունուց հետաքրքրվել է՝ արդյոք վերջինս մտավախություն ունի ԱԱԾ ցուցակում հայտնվելու առումով, եւ ինչ տեղեկություններ ունի այդ մասին: Ի պատասխան՝ Վազգեն Ռշտունին հայտարարեց, թե վաղուց է եղել ԱԱԾ ցուցակում:

 

ԱՐՏԱԳԱՂԹԻ ՊԱՏԿԵՐ

Այս տարվա հունվար-մարտ ամիսների արդյունքներով՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել եւ չի վերադարձել 60 հազար 709 ուղեւոր: ArmLur.am-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչությունից տեղեկացավ, որ «Զվարթնոց» օդանավակայանից հունվար-մարտ ամիսներին մեկնել է 150 հազար 592, իսկ ժամանել 101 հազար 215 ուղեւոր: Իսկ, ահա, «Շիրակ» օդանավակայանից այս տարվա երեք ամիսներին մեկնել է 15 հազար 145, վերադարձել` 3 հազար 813 ուղեւոր: Ի դեպ, ինքնաթիռով մեկնած եւ չվերադարձածների թիվը, չի կարելի ասել, որ ամբողջությամբ արտացոլում է արտագաղթի պատկերը: Բայց, մյուս կողմից, նկատենք, որ Հայաստանից մեկնածների մեծ մասն այն քաղաքացիներն են, որոնք փետրվարին մեկնեցին Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Իհարկե, չվերադարձածների մի մասը հենց արտագաղթածներն են, բայց, մյուս կողմից էլ, հայտնի է, որ դեպի Ռուսաստան արտագաղթողները հիմնականում նախընտրում են ցամաքային ճանապարհը, քանի որ այդպես տոմսի արժեքն էժան է: Ցամաքային ճանապարհը մեկ տարուց ավելի է, ինչ փակ է կորոնավիրուսի պատճառով: Եւ եթե բացվի, ապա այս ցուցանիշը մի քանի անգամ կավելանա:




Լրահոս