ՆՈՐ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգում» փոփոխություն կատարելու մասին նախագիծ: Առաջարկվում է խմբագրել ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի N 319-Ն որոշման հավելվածը եւ սահմանել տնօրենի թափուր  տեղի մրցույթի կազմակերպման նոր ժամկետներ, ինչպես նաեւ փոխել հաղթող ճանաչելու համար  նախատեսված ձայների հարաբերակցությունը: Մասնավորապես, հաղթող ճանաչվելու համար հավակնորդը պետք է ստանա կառավարման խորհրդի անդամների  առնվազն երկու երրորդի «կողմ» ձայները:

 

Հաշվի առնելով, որ այս տարվա ապրիլից ուժի մեջ մտած կարգավորմամբ` հանրակրթական դպրոցի կառավարման խորհուրդը բաղկացած է 9 անդամից, տնօրեն ընտրվելու համար կպահանջվի առնվազն 6 «կողմ» ձայն:

Հիշեցնենք, որ կառավարման խորհրդի 9 անդամից 5-ը նշանակվում են լիազոր մարմնի, 4-ը՝ մանկավարժական եւ ծնողական խորհուրդների կողմից` 2-ական ներկայացուցչով: Նոր կարգավորման արդյունքում ո՛չ լիազոր մարմնի, ո՛չ էլ դպրոցի ներկայացուցիչները չեն կարող միանձնյա որոշել, թե ով կստանձնի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը: Այսպիսով, վերացվում է այն պրակտիկան, երբ կառավարման խորհրդի ձայները կիսվելու դեպքում տնօրենը նշանակվում էր ԿԳՄՍ նախարարի եւ փոխվարչապետի կողմից:

Առաջարկվող մեկ այլ փոփոխությամբ մրցույթին դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել մարզպետարանի կամ Երեւանի քաղաքապետարանի մասնագետները, ինչպես նաեւ զանգվածային լրատվության միջոցների եւ ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Նոր նախագծով դպրոցի կառավարման խորհուրդը տնօրենի թափուր տեղի մրցույթ հայտարարելու մասին որոշումն ընդունում է տվյալ հաստատության տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվանից առավելագույնը 70, բայց ոչ պակաս, քան 66 աշխատանքային օր առաջ: Ըստ առաջարկվող նախագծի` հստակեցվել են աշակերտական, մանկավարժական եւ ծնողական համայնքների դերի բարձրացմանը միտված մեխանիզմները:

Մասնավորապես, դպրոցի տնօրենի պաշտոնակատարը (պարտականությունները կատարողը) պարտավոր է ապահովել.

1.տնօրենի թափուր տեղի հավակնորդների հանդիպումը տվյալ հաստատության աշակերտական խորհրդի հետ զարգացման ծրագիր կազմելու համար այդ մասին դիմելուց հետո՝ առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում,

2.տրամադրել գրավոր տեղեկատվություն` հաստատության գործունեության վերաբերյալ (տվյալներ մանկավարժական, աշակերտական համակազմի, ուսումնադաստիարակչական, արտադպրոցական գործունեության, կառավարման եւ խորհրդակցական մարմինների մասին, ինչպես նաեւ հավակնորդի կողմից ներկայացված գրավոր դիմումի հիման վրա հաստատության գործունեության վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկատվություն): Մանկավարժական եւ ծնողական խորհուրդների կողմից դպրոցի կառավարման խորհրդում ընդգրկված անդամները պարտավոր են հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը քննարկել մանկավարժական եւ ծնողական խորհուրդներում, ինչպես նաեւ հրապարակել տվյալ դպրոցի պաշտոնական կայքում: Ծնողական խորհրդում իրականացվող քննարկմանը կարող են մասնակցել նաեւ ծնողական խորհրդում չընդգրկված ծնողները:

Տնօրենի ընտրության ժամանակ դպրոցի կառավարման խորհրդում մանկավարժական եւ ծնողական համայնքների կողմից ընդգրկված անդամները պետք է իրենց ձայնը տան այն հավակնորդին, որի զարգացման ծրագրին հավանություն են տվել մանկավարժական եւ ծնողական խորհուրդները: Վերջիններս հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրի վերաբերյալ իրենց եզրակացությունն արտահայտում են քվեարկությամբ: Քվեարկության արդյունքում առավելագույն հավասար ձայներ հավաքած հավակնորդների միջեւ նույն օրն անցկացվում է կրկնակի քվեարկություն: Կրկնակի քվեարկությամբ հավասար ձայների դեպքում հավակնորդները համարվում են չընտրված, եւ մանկավարժական կամ ծնողական խորհուրդը տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար տվյալ մրցույթի ժամանակ չի ունենում իր թեկնածուն: Այս դեպքում ծնողական եւ մանկավարժական խորհուրդները ներկայացնող կառավարման խորհրդի համապատասխան անդամները մրցույթի ժամանակ քվեարկում են ազատ:

 

 

 

356 ՆՈՐ ԴԵՊՔ

Մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 218681 դեպք, որոնցից 203307-ը` առողջացած, 4209-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10129 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1008307 թեստավորում: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։ Այսպիսով, երեկ կատարվել է 3434 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 356 նոր դեպք: Ունենք 1034 առողջացած եւ 17 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1036 է:

 

 

ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

Մայիսի 8-ի ցերեկը, 9-ի կեսօրից հետո, 10-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, 9-10-ը` տեղ-տեղ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 8-ին, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արեւմտյան, 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ը կբարձրանա 4-5 աստիճանով, 10-ին, 11-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով: Երեւանում մայիսի 9-ի կեսօրից հետո, 10-ի գիշերը եւ առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` մինչեւ 15-20 մ/վ: Մայիսի 8-ին, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ

Ֆրանսիայի ԱԳ նախարարությունն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը: Նախարարության «Թվիթեր»-ի էջում կատարված գրառմանը արտաքին քաղաքական գերատեսչությունը կցել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 5-ի հայտարարությունը: «Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին: Մայիսի 4-ին Ադրբեջանում պահվող երեք հայ գերիների ազատ արձակումը դրական ժեստ է այդ ուղղությամբ»,- նշել է Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը:




Լրահոս