Հայաստանում զբոսաշրջության ոլորտում աշխուժություն է նկատվում:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի և թվային մարքեթինգի փորձագետ Գայանե Այվազյանը նշեց, որ մայիսյան տոները ցույց տվեցին, որ Հայաստանում կա աշխուժություն հատկապես ռուսաստանցի զբոսաշրջիկների կողմից:
«Մայիսի առաջին տասնօրյակում մենք հաճախ տեսնում էինք ռուս զբոսաշրջային խմբերի, ինչը չէր կարող չոգևորել ոլորտի ներկայացուցիչներին: Կարող եմ ասել, որ նույնիսկ սոցցանցերի ոչ պաշտոնական խմբերում քննարկվում էր ռուսաստանցի զբոսաշրջիկների հետ աշխատող զբոսավարների պահանջարկի հարցը: Ինչը ոգևորիչ է»,- ասաց Գայանե Այվազյանը:
Ասել, որ ոլորտն աշխուժացել է, և կարող ենք խոսել ոլորտի առողջացման մասին, իհարկե, ըստ, Գայանե Այվազյանի, դեռ վաղ է: Հայաստանը բացել է իր սահմաններն աշխարհի համար, սակայն բազմաթիվ երկրներ, համավարակով պայմանավորված, շարունակում են փակ մնալ, ինչը խոչընդոտ է զբոսաշրջության համար, և այդ սահմանափակումները դեռ որոշակի մարտահրավերների առջև են կանգնեցնում ոլորտը: Միջազգային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2023 թվականից հետո նոր հնարավոր կլինի խոսել զբոսաշրջության լիարժեք վերականգնման մասին: