Հայաստանում կաթնամթերքի արտադրության ծավալներն այս տարվա 3 ամիսների արդյունքներով նվազել են: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ հունվար-մարտ ամիսներին պանրի արտադրության ծավալները նվազել են 0.6, թթվասերինը՝ 7.2, մածունինը` 8.5, իսկ կաթնաշոռինը` 3.6 տոկոսով: Իսկ ահա կաթի արտադրության ծավալներն այս տարվա երեք ամիսներին 4 տոկոսով պակասել են: Ոլորտի մասնագետներից մի քանիսը ArmLur.am-ի հետ զրույցում ասացին, որ կաթնամթերքի արտադրության ծավալների անկումը պայմանավորված է կաթնատվության կրճատման հետ:
ArmLur.am-ը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ Հայաստան նախորդ տարում ներմուծվել է 7 հազար 985,6 տոննա կաթի փոշի, այդ թվում` կաթ եւ սերուցք` խտացրած կամ քաղցրացրած: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Հայաստանը կաթի փոշի ներկրել է Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Իրանից, Լեհաստանից, Արգենտինայից: Մենք` սպառողներս, բնականաբար նախընտրում ենք բնական սննդամթերք:
Բայց, արի ու տես, որ արտադրողը շատ էժան գնով կաթի փոշի է ներկրում եւ դրանից կարողանում ավելի ցածր գնով կաթնամթերք ստանալ եւ վաճառել, ինչը բացասական ազդեցություն է ունենում գյուղացիներից մթերվող կաթի սպառման վրա: Այսինքն` գյուղացին կաթի մեկ լիտրը վերամշակող ընկերությանը վաճառում է 100 դրամով: Այս գինը գյուղացիների համար ցածր է, քանի որ ծախսերը չի ծածկում: Բայց մյուս կողմից էլ, մասնագետների խոսքերով, կաթի փոշին մեր երկրի կաթնամթերքի ոլորտում խիստ անհրաժեշտ է, քանի որ երբ երաշտ է լինում, եւ կաթը չի բավականանցնում, կաթի ընդհանուր պահանջարկի մեկ երրորդը կաթնարտադրությունը չի կարողանում ապահովել, եւ այդ պակասը լրացվում է կաթի փոշու հաշվին:
Ս.Հ.