«ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ» ՇԱՏ ՀՍՏԱԿ ՓՈՐՁ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դաշնակցությունը» Ռոբերտ Քոչարյանի հետ աշխատանքի փորձ ունի, եւ դրանք հաջողության տարիներ էին»,- ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը։ «Այն, ինչ Հայաստանում կատարվել է, Ռոբերտ Քոչարյանի  հետքերն են։ Իհարկե, սա չի վերաբերում Ռոբերտ Քոչարյանի նույնձեւ վերադարձին։ Իհարկե, բոլորին էլ քննադատում են, բայց այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, արդեն այս իշխանությունների համար քննադատություն ասածը մեղմ է»,- նշել է նա։

 

-Այս դաշինքով ընտրություններին մասնակցելը որքանո՞վ է հաղթական լինելու:

-Կարծում եմ՝ հաղթողները գիտեն  հաղթանակի արժեքը: Մարդիկ են հավաքված, որ ոչ միայն ապացուցել են իրենց կյանքով, որ հաղթել են, այլեւ գիտեն, թե  ինչպես երկիրն այս ճգնաժամից դուրս բերել: Սա, կարծում եմ, իսկապես հաղթող թիմ է լինելու, որովհետեւ այստեղ միավորված ոչ միայն երեք կողմ կա, այլ շատ ավելի  մեծ ճակատ է սա, որի մեջ միավորված են բոլոր նրանք, որոնք հասկանում են ճգնաժամի լրջությունը, դրանից դուրս գալու անհրաժեշտությունը եւ պատրաստ են իրենց փորձն ու գիտելիքներն այս գործի մեջ դնել, եւ ես վստահ եմ, որ հաջողելու ենք:

-Պարո՛ն Ռուստամյան, այս տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը շատ է քննադատվել մարտի 1-ին կամ իր կառավարման տարիներին Հայաստանի թալանի համար: Ի՞նչ եք կարծում, այս պահին Քոչարյանի շուրջ միավորվելը որքանո՞վ արդյունավետ կլինի «Դաշնակցության» համար:

-Նախ՝ «Դաշնակցությունը» Քոչարյանի աշխատանքի շատ հստակ փորձ ունի, եւ դրանք հաջողված տարիներ էին: Նրանք, որոնք ապրել են այդ տարիները, կարող են արձանագրել, թե Քոչարյանն ինչ վիճակում ստացավ երկիրը եւ ինչ վիճակում հանձնեց երկիրը 10 տարի հետո: Ցավում եմ, որ շատ երիտասարդներ, որոնք այդ տարիներին գիտակից կյանքով չեն ապրել, չեն պատկերացնում, թե ինչի մասին ենք մենք խոսում: Մենք շատ մեծ փորձ ունենք աշխատանքի: Իհարկե, սա չի նշանակում Քոչարյանի նույն ձեւով վերադարձ: Քննադատել բոլորին էլ կարելի է: Բայց մենք այս երեք տարիների ընթացքում այնպիսի ավեր տեսանք, որ այսօր գործող իշխանություններին քննադատել ասվածը շատ  մեղմ է: Նրանք եկան, ստացան մի երկիր, որն ավիրեցին երեք տարվա մեջ: Նրանք քանդեցին, իսկ այդ մարդը կառուցող մարդ է:  Այո, սխալներ եղել են, մենք դրանց մասին դեռ այն ժամանակ էլ ենք խոսել: Հիմա այդ սխալների վերագիտակցումով է վերադարձ տեղի ունենալու: Ոչ թե կրկնվող տարիները, այլ դրականը պահվելու է, իսկ բացասականը վերացվելու է, եւ նոր  առաջընթացի շունչ ու հնարավորություն է տրվելու:

-Ըստ Ձեզ՝ որքանո՞վ արդյունավետ կլիներ, եթե  առաջին նախագահի առաջարկն ընդունվեր:

-Նախ՝ առաջին նախագահը, կարծում եմ, որ այդ առաջարկն անում է անհասկանալի պայմաններում, որովհետեւ այդ որոշումներն արդեն բոլորն ընդունել են: Հիմա նախագահը վերջին պահին առաջարկ է անում: Ամեն մեկն իրենց ծրագրերն են ունեցել, բնականաբար դրանցով առաջնորդվել են: Ես չեմ կարծում, որ այսօր ամեն ինչ կորած է: Ես գիտեմ, որ կա մեկ գլխավոր խնդիր՝ Նիկոլին հեռացնել, որ նա չշարունակի ավիրել այս երկիրը:

-Դաշինքում ընտրված մյուս ուժը նոր կուսակցություն է, բայց «Դաշնակցությունը» երկար տարիների փորձ ունեցող քաղաքական ուժ է: Ի՞նչ եք կարծում, այս փուլում այս պահին «Դաշնակցությունը» հեղինակազրկվա՞ծ է, թե՞ ոչ:

-«Դաշնակցությունը» եղել է, կա ու կլինի: Մեր նպատակը եղել է մեր երկիրը, հողն ու ջուրը պահելով գնալ առաջ:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

ՀԱՅՏՆԻ Է ՍԴ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմումի հիման վրա՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի առաջին նիստը տեղի կունենա հունիսի 1-ին եւ կանցկացվի գրավոր ընթացակարգով: Արմեն Սարգսյանը դատարան էր դիմել մարտի 10-ին՝ այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը  պաշտոնից ազատվեց:

 

«Դիմումի ներկայացումը պայմանավորված է նաեւ նշված օրենքի իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրներով, որոնք առավել ակնհայտ դարձան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի նախաձեռնության եւ դրան հաջորդած սահմանադրական իրավական գործընթացների արդյունքում»,-նշել էր Արմեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ի առավոտյան հրապարակվեց Զինված ուժերի անունից գլխավոր շտաբի հայտարարությունը՝ վարչապետի եւ կառավարության հրաժարականի պահանջով։ Իսկ վարչապետն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց եւ ԳՇ պետի պաշտոնանկության առաջարկությամբ դիմեց նախագահին։ Նախագահը փետրվարի 27-ին առարկություններով վերադարձրեց հրամանագրի նախագիծը, սակայն վարչապետը կրկին ուղարկեց իր միջնորդությունը։ Եվ, ահա, մարտի 2-ին Հայաստանի նախագահը հայտարարեց, որ որոշել է չստորագրել հրամանագիրը եւ առանձին դիմումով դիմելու է Սահմանադրական դատարան: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի եւ ««Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու վերաբերյալ» գործը: Ընդ որում, ՍԴ-ն որոշում է կայացրել գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով մայիսի 25-ին:

Արմեն Սարգսյանը դատարան էր դիմել ապրիլին եւ նշել, թե օրենքով առաջարկվող կարգավորումներն իրավիճակային են եւ առերեւույթ խնդրահարույց իրավական որոշակիության, համաչափության, իշխանությունների տարանջատման, ինչպես նաեւ դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքներին եւ պահանջներին համապատասխանելու տեսանկյունից:

Հիշեցնենք, որ, օրինակ, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից եւ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու հնարավորություն է տրվում նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, ԲԴԽ-ին նաեւ հնարավորություն է տրվում մի դատավորի վարույթում գտնվող գործը վերցնել, փոխանցել մեկ այլ դատավորի:

Ն.Հ.

 

 

ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ՎԱՃԱՌՔ

Չնայած, ՀՀ ազգային անվտանգության ծառայության փոխանցմամբ, քննչական դեպարտամենտում հարուցվել են մի շարք քրեական գործեր, եւ առկա են քրեական պատասխանատվության ենթարկված անձինք, սակայն «Տելեգրամ» հավելվածում թմրանյութերի վաճառքը չի դադարում: ArmLur.am-ի խմբագրությունը շարունակում է ահազանգներ ստանալ, որ «Տելեգրամ» հավելվածի միջոցով անկաշկանդ միմյանց թմրանյութ են վաճառում: Իսկ ԱԱԾ-ից այս հարցի վերաբերյալ ընդամենը հայտնեցին. «ՀՀ ԱԱԾ-ն  մշտապես իրականացրել եւ իրականացնում է թմրամիջոցների մաքսանենգության, դրանց ապօրինի շրջանառության դեմ ուղղված աշխատանքներ: Այդ գործընթացի արդյունքում ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են մի շարք քրեական գործեր, առկա են քրեական պատասխանատվության ենթարկված անձինք»:

 

ՀԱՆՑԱՎՈՐ ԽՈՒՄԲ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները նոր հանցավոր խումբ են բացահայտել, որոնք 2021 թվականի փետրվարի 8-ից մինչեւ 2021 թվականի փետրվարի 14-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքի Նուբարաշեն համայնքում գտնվող «Հատուկ սպասարկման» ՀՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող Նուբարաշենի գերեզմանատնից գաղտնի հափշտակել են խոշոր չափերով՝ ընդհանուր 2.963.500 ՀՀ դրամ արժողությամբ գերեզմանոցի ճաղավանդակների դյուրալյումինե նախշազարդեր: Այս գործով իրավապահները ձերբակալել են Սարգիս Խաչատրյանին եւ Հովսեփ Հովհաննեսի Հովհաննիսյանին, որոնց նկատմամբ ավելի ուշ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին:

 

ՀԱՏՈՒԿ ԺԱՄԵՐ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կառավարությանն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը։ Այսինքն՝ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել համայնքի կողմից խաղատների, սաունաների՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար օրացուցային տարվա սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերը: Դրանք են՝

l առեւտրի օբյեկտների համար` 5000-50.000 դրամ,

l հանրային սննդի եւ զվարճանքի օբյեկտների համար` 25.000-100.000,

l բաղնիքների (սաունաների) համար` 200.000-500.000 դրամ,

l խաղատների համար` 500.000-1 000.000 դրամ,

l շահումով խաղերի համար` 250.000- 500.000 դրամ,

l վիճակախաղերի համար` 100.000 -150.000 դրամ:

 




Լրահոս