ԿՍՏԵՂԾՎԻ ԿՈԱԼԻՑԻԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան մոտենում է հունիսի 20-ը, երբ պետք է Հայաստանում տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այնքան խոսվում է նոր սցենարների մասին:

 

Այսպիսով, ո՞ր դեպքում կարող է Հայաստանում ընտրության երկրորդ փուլ լինել, եւ ո՞ր կուսակցությունները կարող են կոալիցիաներ կազմել:

Երկրորդ փուլ

Սահմանադրությամբ 98-րդ հոդվածը նախատեսում է, որ Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլն անցկացվում է քվեարկության օրվանից հետո՝ 28-րդ օրը: Ընտրության երկրորդ փուլին մասնակցում են այն երկու կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:

«Ընտրության երկրորդ փուլին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) շուրջ կարող են ձեւավորվել նոր դաշինքներ` կազմված արգելապատնեշները հաղթահարած կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), եթե նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ:

Եթե առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երկու կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) միասին նոր դաշինք են կազմում, ապա ընտրության երկրորդ փուլին մասնակցում է առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած, նոր դաշինքի կազմի մեջ չմտնող հաջորդ առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը), որի շուրջ եւս կարող է ձեւավորվել նոր դաշինք:

Եթե ընտրության երկրորդ փուլում հաղթում է նոր դաշինքը, որի անդամ կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) միասնաբար առաջին փուլի արդյունքներով ստացել են սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի 54 տոկոսը կամ ավելին, ապա նրանք պահպանում են ստացված մանդատները:

Կոալիցիա կազմելու կարգը

6 օրվա ընթացքում ընտրական արգելապատնեշները հաղթահարած ցանկացած կուսակցություն (կուսակցությունների դաշինք) կարող է քաղաքական կոալիցիա կազմել ընտրական արգելապատնեշները հաղթահարած այլ՝ առավելագույնը երկու կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունն ստանալու համար, եւ նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ:

Եթե ձեւավորված կոալիցիան ստացել է սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը, սակայն 54 տոկոսից պակաս, ապա կոալիցիան ստանում է այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ, որ արդյունքում կոալիցիայի մանդատների ընդհանուր քանակը տոկոսային արտահայտությամբ լինի ոչ պակաս, քան 54 տոկոսը:

Լրացուցիչ մանդատները բաշխվում են կոալիցիայի անդամ կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջեւ` նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետեւյալ կերպ. յուրաքանչյուր կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է լրացուցիչ մանդատների թվով, արդյունքը բաժանվում է կոալիցիայի անդամ կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, եւ առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք լրացուցիչ մանդատների թվերն են: Մնացած մանդատները կուսակցությունների (կուսակցություններ դաշինքների) միջեւ բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության` յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ:

Կոալիցիայի անդամ կուսակցություններին (կուսակցությունների դաշինքին) հասանելիք լրացուցիչ մանդատների բաշխումը համապետական եւ տարածքային ընտրական ցուցակների, ինչպես նաեւ ընտրական տարածքների միջեւ կատարվում է այնպես, որ կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) հասանելիք մանդատների բաշխման համար պահպանվեն սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 7-րդ մասի կանոնները: Սույն մասով նախատեսված դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նաեւ որոշում է կայացնում լրացուցիչ մանդատներ հատկացնելու մասին:

Ն.Հ.

 

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել. Արտակ Ղազարյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղար, Վարդանուշ Գրիգորյանը նշանակվել է Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար:

 

 

ԱՅՑԵԼԵԼ Է ԲԱՔՈՒ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ  այցելել է Բաքու, նրա այցը կտեւի մայիսի 10-11-ը: Լավրովի՝ Բաքու այցի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեկնել է Նախիջեւան, որտեղ մասնակցում է ռազմական օդանավակայանի բացման արարողությանը: Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Լավրովի այցի ընթացքում նախատեսում է հանգամանորեն քննարկել երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ: ՌԴ ԱԳ նախարարը վերջին անգամ Ադրբեջանում էր եղել 2020 թ.  նոյեմբերին՝ պատերազմից անմիջապես հետո:

 

 

ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ՍՆՈՒՄ ԵՆ

Խորհրդարանական ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վերահաստատում է՝ եթե նախկին իշխանությունները շատ ակտիվանան, դա կլինի աջակցություն Նիկոլ Փաշինյանին։ «Այն, ինչ ասել եմ, ուժի մեջ է. եթե նախկին իշխանություններն օրակարգ ունեն երկրում իշխանափոխության, ուրեմն պետք է իրենք դուրս գան պրոցեսից։ Հեղափոխությունը նոր է եղել երկրում, երեք տարին երկար ժամանակ չէ, եւ ժողովուրդը, տեսնելով նրանց ակտիվ մասնակցությունը, որը նաեւ ինչ-որ ձեւի ուռճացվում է, դա նաեւ իշխանությունն է անում, որովհետեւ իշխանությանը ձեռնտու է, որ ասի. «Այ, նրանք գալիս են, եկե՛ք մեզ ընտրեք»: Եւ ես ասել եմ, որ եթե իրենք շատ ակտիվանան, նման ձեւով սրեն, էդ իմաստով, այո՛, աջակցություն է Նիկոլ Փաշինյանին», – ասել է Մարուքյանը:

 

ԾԱՌԱՀԱՏՄԱՆ ԴԵՊՔ

Մայիսի 7-ի գիշերը 911 զանգած քաղաքացին հայտնել է, որ Մարգարյան փողոցի հանրախանութի մոտ ծառեր են կտրում: Ոստիկանությունից ArmLur.am-ին տեղեկացրել են, որ ահազանգով նշված հասցե մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ անհայտ անձինք կանաչապատ տարածքում ապօրինի հատել են չորս թեղի, իսկ երբ տարածքի բնակչուհիներից մեկը նախատել էր, ծառ հատողներից մեկը, մոտենալով նրան, խփել էր ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք, եւ վնասել էր կնոջ բջջային հեռախոսը: Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մարգարյան փողոցի քսանվեց եւ երեսունչորս տարեկան երկու բնակիչ նշված վայրում վագոն-տնակ տեղադրելու նպատակով էլեկտրական սղոցով ապօրինի հատել են 4 թեղի, իսկ դիտողություն արած բնակչուհու ձեռքին խփել եւ հեռախոսը վնասել էր 34-ամյա տղամարդը: Նախապատրաստվում են նյութեր:

 

 

ՔՊ-Ն ԳՐՈՒՄ ՈՒ ԳԾՈՒՄ Է

Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ «ՔՊ» կուսակցությունը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս օրերին նախընտրական ցուցակ է կազմում: Ավելին՝ մենք տեղեկացանք, որ ՔՊ-ն գրում ու գծում է այն ճանապարհը, որով սկսելու են նախընտրական քարոզարշավն իրականացնել: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ հայրենի իշխանությունն իր քարոզարշավը սկսելու է մայիսի 15-ից հնարավոր է հենց Երեւանի Շենգավիթ վարչական շրջանից: Իսկ ինչ վերաբերում է նախընտրական ցուցակին, ապա իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ում որոշում կա, թե իրենց նախընտրական ցուցակի ամեն 5-րդ անձը պետք է լինի «դրսից», այսինքն՝ նոր դեմք: Մեր տեղեկություններով՝ որոշված է, որ առաջին 5-րդ տեղը զբաղեցնելու է գործարար Խաչատուր Սուքիասյանը, հաջորդ 5-ը՝ Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը, հաջորդն առաջարկվել է, որ լինի Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, որը, կարծես թե, մերժել է իշխանությանը: Հաջորդ  5-րդն էլ կլինի ՀՀ գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: Ի դեպ, մենք տեղեկացանք, որ հայրենի իշխանությունը փնտրում է տնտեսագետների, որոնք  կկարողանան երկրի տնտեսությունը ուշքի բերել: Կառավարության մեր աղբյուրները նշում են, որ առաջարկություն կա որպես լավ տնտեսագետի ՔՊ ցուցակ ներառել նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանին: Հավելենք նաեւ, որ սա իշխանությունների համար ցանկալի անձինք են, որոնք պետք է ներառվեն իրենց նախընտրական ցուցակներում, բայց, կարծես թե, այս հարցում դեռեւս վերջնական որոշում չկա: Մենք փորձեցինք այս հարցերի իսկությունը պարզել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից, որը հայտարարեց. «Առանց մեկնաբանության»:

 

Ե՞ՐԲ ԿՎԵՐԱԴԱՐՁՆԻ

Ակնհատ է` Ադրբեջանի իշխանությունները պահում են հայ ռազմագերիներին նաեւ մեր երկրի ներքաղաքական կյանքի վրա ազդեցության լրջագույն լծակ ունենալու համար: Ադրբեջանն ուշի-ուշով հետեւում է Հայաստանում ու Արցախում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին: Կարճ ասած` Հայաստանից մի նյարդ է պոկվել ու գտնվում է Ադրբեջանի իշխանությունների ձեռքերում, եւ անընդհատ ցավեցնելու միտում կա մեր հարեւան, բայց ոչ բարեկամ երկրի կողմից։ Տարածված կարծիք կա, որ գերիների հարցն անպայման լուծվելու է, եւ հարաբերությունների վերջնական կարգավորումից հետո մեր հայրենակիցները հետ կգան: Որոշ դիվանագիտական աղբյուրներ դա պայմանավորում են արտաքին քաղաքական հարցերի հետ, ոմանք էլ` Հայաստանի ներքաղաքական կայունությամբ: Վերջերս մասնագիտական շրջանակներում սկսել է գերիշխել տեսակետ, համաձայն որի` Ադրբեջանը չի վերադարձնում հայ ռազմագերիներին երկու պարզ պատճառով.

1) որպեսզի է՛լ ավելի լարի ՀՀ ներքաղաքական վիճակը ու թուլացնի Հայաստանը,

2) ճիշտ է, միջազգային փորձագետները, այդ թվում նաեւ՝ մեր ռուս գործընկերներն էլ հաստատում են, որ ամենայն հավանականությամբ Փաշինյանն արտահերթ ընտրություններին կվերընտրվի, բայց Ադրբեջանը շարունակում է զգուշանալ։

Հայ ռազմագերիներին չվերադարձնելու պատճառներից մեկն էլ այն է, որ Ադրբեջանում, որքան էլ հավանական համարեն ընտրություններում Փաշինյանի հաղթանակը, միեւնույնն է, շարունակում են պահել ռազմագերիներին, որպեսզի եթե հանկարծ Հայաստանում իշխանափոխություն լինի, լծակներ ունենան նոր իշխանության վրա ճնշումներ գործադրելու։ Պարզ է, որ ներքաղաքական կայունություն ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի հունիսի 20-ի ընտրություններից հետո քաղաքական թիմերն այլեւս միմյանց դեմ ագրեսիվության այս չափաբաժնով չպայքարեն, ընդունեն արդյունքներն ու գնան առաջ: Հակառակ պարագայում, եթե չեղավ կայունություն, ու շարունակվեց այս աստիճանի լարված ներքաղաքական պայքարը, ապա թե՛ գերիների, թե՛ մյուս հարցերը կմնան օդում կախված, իսկ Հայաստանն անընդհատ հյուծվող պետություն կդառնա՝ ապակայուն իրավիճակով:

 

 




Լրահոս