«Դորիանս» ռոք խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձել է առաջիկա ստեղծագործական նորություններին, երկրում առկա ատելության մթնոլորտին եւ արտագաղթելու ցանկությանը:
Նշենք, որ օրեր առաջ «Դորիանս» ռոք խմբի անդամները տասը տարվա դադարից հետո միավորվել եւ երկրպագուներին են ներկայացրել «Մենք պիդ կանգնինք» երգի տեսահոլովակը:
«Կորոնավիրուս համավարակը, հետո համատարած կարանտինը քաղաքացիներին բերեցին հասցրեցին դեպրեսիայի, հետո սկսվեց 44-օրյա պատերազմը, որը է՛լ ավելի խորացրեց միմյանց նկատմամբ ատելությունը, բամբասանքը, նախանձն ու չարությունը: Մարդիկ այսօր «ֆեյսբուք» սոցիալական ցանցում մեկնաբանություններ վատ գրելուց ուրիշ բան չեն անում, որպեսզի ավելի լավն ու դրականը դառնան: Իրականում ես չեմ կարող ասել, թե ինչից եւ որտեղից է գալիս այդ ատելությունը. դա նոր չէ, դա միշտ է եղել, եւ հենց դրա դեմ է պետք լրջորեն պայքարել, այլ ոչ թե ինչ-որ կոնկրետ անձնավորության կամ անձերի դեմ: Մենք ամեն մեկս մեր ներսում պետք է պայքարենք այդ չարության դեմ, որովհետեւ չարությունը մարդու միջից վերացնել չես կարող, դա ավելի շատ հոգեւոր իրավիճակից է կախված»,-նշում է մեր զրուցակիցը:
Հարցին, թե արդյոք Գոռ Սուջյանը պատրաստվում է հետեւել իր գործընկերներին՝ արտագաղթելով՝ երկրից, մեր զրուցակիցն ընդգծում է. «Ես իմ դեպքում երկրից մեկնելու անունը արտագաղթ չեմ դնի, իսկ մյուսների դեպքում չեմ կարող ասել: Ես ինքս արտագաղթել բառը երբեւիցե չեմ օգտագործի, բայց, ամեն դեպքում, Հայաստանն իմ տունն է, իմ հայրենիքն է: Գուցե ժամանակավոր բացակայությունը կապված լինի կարիերայի հետ, եւ բոլորս էլ գիտենք, որ երաժշտական ասպարեզում եթե ինչ-որ հաջողություններ ես ուզում ունենալ, պետք է շատ դեպքում երկրիցդ բացակայես»:
Գոռ Սուջյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով ստեղծագործական նորություններին, համագործակցություններին, հավելում է, որ նոր համագործակցություններ առաջիկայում չեն սպասվում:
«Այս պահին համագործակցություններ երգիչ, երգչուհիների հետ չունեմ, իսկ առաջիկայում կլինեն, թե չեն լինի համագործակցություններ, դեռեւս ասել չեմ կարող, քանի որ ես ինքս էլ չգիտեմ: Վերջերս շրջագայություններ ունեցա Մոսկվայում, կարծում եմ՝ Դուք ինքներդ էլ հասկանում եք, թե որքան դժվար է համավարակի շրջանում նման շրջագայություններ ունենալը Հայաստանից դուրս: Տեսնենք, թե ինչ կլինի մոտ ապագայում, հիմա ինչ-որ բան ասելը շատ դժվար է: Իսկ Հայաստանում համերգներ կլինեն մոտ ժամանակներս Գյումրիում «Պրոջեկտ էլեի»-ի հետ: Տեւական դադարից հետո հանդիսատեսի հետ կապը, շփումը շատ ջերմ էր ու էմոցիաներով լի: Ցավոք, դժբախտությունները մարդկանց մտածելու, նորից ամեն բան վերանայելու տեղ են տալիս, եւ սիրո մթնոլորտն է՛լ ավելի է շատանում: Մարդիկ այսօր իրոք երաժշտության կարիք ունեն: Երաժշտությունն այն միակ մեթոդն է, որը մխիթարում է մարդկանց սրտերը եւ հնարավորություն է տալիս հաղթահարելու դժվարությունները»,- եզրափակում է մեր զրուցակիցը:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԿՈՄԻՏԱՍ. ՏԱՍԸ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ». ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ
Կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին երաժշտասերներին կներկայանա «Կոմիտաս. Տասը հայտնություն» համերգով:
Համերգը տեղի կունենա այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրության սրահում, որտեղ այժմ ներկայացված են քանդակագործ Արա Հարությունյանի կոմիտասյան քանդակները:
Համերգին ելույթ կունենան ֆլեյտահար Նելլի Մանուկյանը եւ «ՎԵԼՎԵՏ» լարային քառյակը։
«Կոմիտաս. տասը հայտնություն» երգաշարը գրվել է Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա: Երաշտության հեղինակը Վահան Արծրունին է:
Կոմիտաս վարդապետը, մշակելով աշխարհիկ եւ հոգեւոր հայ երգերը, գործիքավորելով եւ բազմաձայնելով դրանք, գրեթե չի հորինել հեղինակային երաժշտություն: Նա մշակի իր առաքելությունն ու նպատակը տեսել է հայ ուրույն երաժշտական ժառանգությունը վերծանելու, մեկնելու եւ աշխարհին ներկայացնելու, ընդունելի դարձնելու գործընթացի մեջ։
Շատերին հայտնի չէ, որ Կոմիտասի թողած մշակութային ժառանգությունը ներառում է նաեւ իր ստեղծած բանաստեղծություն-քնարերգությունը, որը Կոմիտասի միակ սեփական ստեղծագործական դրսեւորումն է, բացառիկ, անգնահատելի ազգային արժեք։
Կոմպոզիտոր Վահան Արծրունին իր ստեղծագործության մեջ անդրադառնում է Կոմիտասի բանաստեղծությանը՝ ներկայացնելով Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա գրված «Կոմիտաս. տասը հայտնություն» երգաշարը։
Վահան Արծրունու «Կոմիտաս. տասը հայտնություն» շարքը ներկայացնող ձայնասկավառակը հրատարակվել է 2002-ին։
2003-ին այն արժանացել է Ազգային երաժշտական մրցանակաբաշխության պարգեւին «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում, իսկ 2004-ին Ամերիկայի հայկական երաժշտական մրցանակաբաշխությունում ստացել է երկու մրցանակ՝ «Ազգային ալտերնատիվ երաժշտության լավագույն ալբոմ» եւ «Ալբոմի լավագույն ձեւավորում»։ Անցած 15 տարվա ընթացքում շարքը բազմիցս համերգային կատարումներով ներկայացվել է Հայաստանում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Միջին Արեւելքում եւ Եվրոպայի մի շարք երկրներում։
2007-ին երգաշարն ամբողջովին ընդգրկվել է հանրակրթական դպրոցի պետական չափորոշիչ ծրագրում եւ ներկայացված է 4-7-րդ դասարանի «Երաժշտություն» առարկայի դասագրքերում։
ՊՈՉԵՏԻՆՈՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է
Փարիզի ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն անդրադարձել է «Ռենի» հետ արտագնա ոչ-ոքիին Ֆրանսիայի առաջնության 36-րդ տուրի խաղում: «Շատ բարդ հանդիպում էր: Կարծում եմ՝ ոչ-ոքին արդարացի արդյունք է: Մենք բավականաչափ լավ չխաղացինք, որպեսզի հաղթենք, իսկ, ահա, մրցակիցը լավ տեսք ուներ: Բոլորս հիասթափված ենք, քանի որ պետք էր հաղթել այս խաղում: Մենք չցուցադրեցինք ցանկալի արդյունքներ»,- արգենտինացի մասնագետիի խոսքը մեջբերում է ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ն 76 միավորով երկրորդ տեղում է եւ 3 միավոր հետ է առաջատար «Լիլից»։ Առաջնության ավարտին մնում է 2 տուր:
ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան երեկ ներկայացրել է վարկանիշային թարմացված աղյուսակը: Առաջին ռակետի կոչումը պահպանել է սերբ Նովակ Ջոկովիչը, իսկ իսպանացի Ռաֆայել Նադալը նահանջել է երրորդ տեղ՝ իրենից առաջ թողնելով ռուս Դանիիլ Մեդվեդեւին: Ռուսաստանցի Կարեն Խաչանովը նահանջել է 24-րդ տեղ: Ռուսաստանի ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանը Կանանց թենիսի ասոցիացիայի դասակարգման աղյուսակում նահանջել է 2 աստիճան եւ զբաղեցնում է 100-րդ տեղը: Առաջին ռակետի կոչումը պահպանել է ավստրալուհի Էշլի Բարթին: Ճապոնացի Նաոմի Օսական երկրորդն է, իսկ ռումինացի Սիմոնա Հալեպը եզրափակում է լավագույն եռյակը:
ԶԻԴԱՆԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է «Սեւիլիայի» հետ ոչ-ոքին (2:2) Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի խաղում: «Ես գոհ եմ, թե ինչպես այսօր խաղաց «Ռեալը»: Մենք ավելիի էինք արժանի, քան ոչ-ոքին: Տղաները շատ դիտարժան երկրորդ խաղակես նվիրեցին մեզ: Այո, մեզ ժամանակ էր հարկավոր, որպեսզի մտնեինք խաղի մեջ, սակայն կրկնեմ՝ երկրորդ խաղակեսը շատ-շատ լավն էր»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ հաղթանակի դեպքում Արքայական ակումբն առաջնության ավարտից 3 տուր առաջ կդառնար առաջատար: Այդ ոչ-ոքիից հետո «Ռեալը» 75 միավորով հավասարվեց կատալոնական «Բարսելոնային» եւ երկրորդն է։ Առաջատարը Մադրիդի «Աթլետիկոն» է, որն ունի 77 միավոր։