Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«27 տարի առաջ՝ 1994 թ. մայիսի 12-ին, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ ուժի մեջ է մտել կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին անժամկետ եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրել են Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը, Ադրբեջանը և Հայաստանը։
Համաձայնագրի կնքմանը նախորդել են ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի 1994 թ. ապրիլի 15-ի հայտարարությունը՝ կրակի անհապաղ դադարեցման կոչով, ինչպես նաև Բիշքեկյան արձանագրությունը, որը 1994 թ. մայիսի 4-5-ը ստորագրել են Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Ղրղզստանի խորհրդարանների ղեկավարները, Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահը, Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչը և ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարը։
Հետագայում կողմերը բազմիցս հաստատել են կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու իրենց հանձնառությունները, մասնավորապես՝ 1994 թ. հուլիսի 26-27-ը, 1994 թ. օգոստոսի 29-ին, և վերջնականապես դրանք ամրագրել ԵԱՀԿ հովանու ներքո 1995 թ. փետրվարի 6-ին ստորագրված կրակի դադարեցման ռեժիմն ամրապնդելու մասին համաձայնագրով։ 2016 թ. ապրիլին Արցախի վրա Ադրբեջանի հերթական ռազմական հարձակման պատճառով տեղի ունեցած էսկալացիայից հետո, որը հայտնի է որպես քառօրյա պատերազմ, Ռուսաստանի միջնորդությամբ կրկին պայմանավորվածություն է ձեռք բերվել մարտական գործողությունների դադարեցման և հրադադարի ռեժիմի հետևողական պահպանման շուրջ։
Անժամկետ համաձայնագիրը, որի շնորհիվ կասեցվել է Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի առաջին ռազմական ագրեսիան, միջազգային հանրության կողմից դիտարկվում էր որպես այն ստորագրած կողմերի համար պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում արյունահեղության վերսկսումը կանխելու և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար պայմաններ ստեղծելու կարևոր գործիք։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ Գործող նախագահը, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ այդ թվում նաև պետությունների ղեկավարների մակարդակով արված համատեղ հայտարարությունների միջոցով, բազմիցս հայտարարել են տվյալ համաձայնագրի հետևողական պահպանման անհրաժեշտության մասին։
2020 թ. սեպտեմբերի 27-ին, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ուղղակի մասնակցությամբ, Ադրբեջանը նոր լայնածավալ ռազմական ագրեսիա է սանձազերծել Արցախի դեմ՝ կոպտորեն խախտելով 1994 թ. մայիսի 12-ի կրակի դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը և դրան հաջորդած պայմանավորվածությունները։
Իր գործողություններով Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթները, ինչպես նաև ԵԱՀԿ, Եվրոպայի խորհրդի և ամբողջ միջազգային հանրության առջև ստանձնած իր հանձնառությունները։ Մասնավորապես, Բաքուն խախտել է այնպիսի հիմնարար սկզբունքներ, ինչպիսիք են ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը, վեճերի խաղաղ կարգավորումը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը, իրավահավասարությունն ու սեփական ճակատագիրն ազատորեն տնօրինելու ժողովուրդների իրավունքը, միջազգային իրավունքով նախատեսված պարտավորությունների բարեխիղճ կատարումը։
Ադրբեջանի հակաիրավական գործողությունները՝ pacta sunt servanda (պայմանագրերը պետք է պահպանվեն) սկզբունքի խախտումը, ագրեսիվ պատերազմի սանձազերծումը, միջազգային ահաբեկիչների հետ համագործակցությունը և նրանց օգտագործումը Արցախի ժողովրդի ինքնորոշման անկապտելի իրավունքի ուժային ճնշման համար, քաղաքացիական օբյեկտների և խաղաղ բնակչության կանխամտածված թիրախավորումը ոչ ընտրողական ազդեցություն ունեցող արգելված զինատեսակներից, հայ ռազմագերիների խոշտանգումներն ու սպանությունները, ռազմագերիներին և քաղաքացիական անձանց ապօրինի պահելը, մշակութային ժառանգության ոչնչացումը և ապօրինի օկուպացիան հանցագործություններ են, որոնք ենթակա են միջազգային իրավական պատասխանատվության: Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ 2020 թ. նոյեմբերի 10-ին հաստատված հրադադարն Ադրբեջանին չի ազատում պատասխանատվությունից՝ իր նախկին պարտավորությունները խախտելու, ռազմական հանցագործությունների, զանգվածային վայրագությունների և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների շարունակական և կանոնավոր խախտումների համար։
Արցախի դեմ Ադրբեջանի նոր զինված ագրեսիայի արդյունքներն անօրինական են, քանի որ հանդիսանում են Ադրբեջանի կողմից ուժի ապօրինի կիրառման, ինչպես նաև մարդու իրավունքների կոպտագույն խախտումների հետևանքը։ Վերոհիշյալ ձևով պարտադրված և հետևաբար անօրինական այս իրողություններն ուժի կիրառմամբ ամրագրելու Բաքվի փորձերն անընդունելի են, անհեռանկարային և պետք է դատապարտվեն ու մերժվեն համապատասխան միջազգային կազմակերպությունների, միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամների կողմից, քանի որ իրավունքը չի բխում իրավախախտումից։
Մեր համոզմամբ՝ երկարաժամկետ խաղաղության հաստատումը ենթադրում է վերջին զինված ագրեսիայի հետևանքների շտկում, այդ թվում՝ Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիա, ռազմագերիների և պատանդների ազատ արձակում, ինչպես նաև բանակցությունների բարեխիղճ վարում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման նպատակով»։