Օնիկ Գասպարյանի գործը քննած դատավորին թիկնապահներ կտրամադրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանությունը ավարտել է Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործը քննող դատավոր Մհեր Պետրոսյանի դիմումի հիման վրա սկսված ստուգողական գործողություները եւ արդյունքները ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն: Իսկ ինչ որոշում է կայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը:

Ի պատասխան մեր հարցման՝ Գլխավոր դատախազությունից հայտնեցին. «Նշված դատավորի առնչությամբ դատախազությունը ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանությանը հանձնարարել էր կատարել համապատասխան ստուգողական գործողություններ: Այդ անհրաժեշտ ստուգողական գործողությունները կատարվել են, սակայն քրեադատավարական ընթացակարգ ապահովելու բավարար հիմքեր ի հայտ չեն բերվել: Միաժամանակ, նկատի ունենալով դատավորի մտահոգությունները, միջոցներ են ձեռնակվել օրենքով սահմանված կարգով նրա անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը իր ազատման դիմումը վիճարկում է դատարանում. գործը քննում է դատավոր Մհեր Պետրոսյանը, որը ավելի ուշ դիմել էր Բարձրագույն դատական խորհուրդ եւ հայտնել էր, որ անհանգստություն ունի: Իսկ ահա բարձրագույն դատական խորհուրդը դատավորի դիմումը ուղարկել էր Գլխավոր դատախազություն:

Արդյունքում էլ«ԲԴԽ-ի դիմումը ՀՀ դատախազություն կողմից ուղարկվել էր ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանություն՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունն ստուգելու հանձնարարությամբ: Դրա արդյունքներով պայմանավորված կլինի քրեադատավարական վարույթի հարուցումը»:

Մեզ հասած լուրերի համաձայն՝ ԲԴԽ-ն դատախազին հասցեագրած դիմումում գրել է, որ դատավոր Պետրոսյանը ԲԴԽ-ի հետ քննարկման ժամանակ ասել է, որ իրեն անհանգստացրել է մամուլի հրապարակումները, որ իրեն «նստեցնելու» են: Այս կապակցությամբ իրավապահները դատավորի գործով նաեւ կուսումնասիրեն մամուլի հրապարակումները՝ պարզելու համար, թե որտեղից են նրանք տեղեկություններ ստացել, որ դատավորին «կնստեցնեն»:

Քնար Մանուկյան




Լրահոս