Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 13-ի նիստում փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որով նախատեսվում է նորմավորել եւ սահմանել պետական բազային ֆինանսավորման ծրագրերում ներգրավված գիտաշխատողների նվազագույն աշխատավարձերի սանդղակը:
Հարցը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ով նշեց, որ նախագծով նախատեսվում է 2022 թվականից սահմանել գիտաշխատողների եւ գիտական ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի նորմավորման սանդղակ, ըստ որի մինչեւ 2025 թվականը նախատեսվում է աշխատավարձերի աստիճանական աճ մինչեւ ՀՀ մասշտաբով այսօրվա համար որոշակիորեն մրցունակ աշխատավարձային սանդղակ:
«Աշխատավարձի բարձրացումը կատարվելու է ատեստավորման հիման վրա եւ հիմք է ստեղծելու կատարողականի միջազգային չափանիշներին համապատասխան պահանջների սահմանման համար:
Այժմ գիտաշխատողի միջին աշխատավարձը կազմում է 90,4 հազար դրամ, իսկ այս որոշման ընդունումից հետո 2025 թվականին այդ 90 400 դրամը կդառնա 276 000 դրամ: Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձն այսօր կազմում է 141 400 դրամ, 2025-ին կկազմի 477 200 դրամ»,-ասաց նախարարը:
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն էլ հավելեց. «Մենք հաջորդ տարվանից փաստացի կրկնապատկում ենք բազային աշխատավարձերի չափաքանակը. Այսօրվա 4 մլրդ դրամի փոխարեն կլինի 7,7-7,8 մրդ դրամ, իսկ 2025-ին այն դառնալու է 14,4 մլրդ դրամ: Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձն այսօր 138 հազար դրամ է, հաջորդ տարի լինելու է 367 հազար դրամ, իսկ 2025-ին՝ 553 հազար դրամ: Նաեւ ծրագրային ֆիւնանսավորումն է ավելացել»:
Վարչապետի Պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով, ըստ էության առաջիկա երեք տարիներին գիտաշխատողներին բազային աշխատավարձերի ֆոնդը քառապատկվում է: Բացի այդ, թեմատիկ հետազոտություններից նույնպես որոշակի եկամուտներ ունենում են գիտաշխատողները: Այսինքն գիտնականի աշխատավարձը ՀՀ-ում դառնում է լրջորեն մրցունակ աշխատաշուկայում առկա այլ աշխատանքների համեմատ: