Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն:
Նախարարի պաշտոնակատար Այվազյանը գլխավոր քարտուղար Զասին ներկայացրել է մայիսի 12-ից Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակը: Արա Այվազյանը անթույլատրելի է համարել ՀԱՊԿ անդամ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ոտնձգության փորձը՝ նշելով, որ դա լուրջ սպառնալիք է նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նմանօրինակ իրավիճակներում Հավաքական անվտանգության պայմանագրի դրույթների և ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված գործիքակազմի կիրառման շուրջ: