ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿ ՉԵՆ ԿԱՀԱՎՈՐՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի սահմաններին տեղի ունեցածը եկավ ապացուցելու, որ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ճիշտ էր, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ սխալ:  Բանն այն է, որ մայիսի 3-ին՝ խորհրդարանում վարչապետի ընտրության առաջին փորձի ժամանակ, անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը սահմանների անվտանգության մասին հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն սփոփող պատասխանի փոխարեն Փաշինյանն ինքնավստահ հայտարարություններ արեց եւ ավելին՝ պատգամավորին մեղադրեց  գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելու մեջ: «Մենք չունենք կահավորված առաջնագիծ, չունենք խրամատներ, եւ մեր անվտանգությունը, ըստ էության, գտնվում է, մեղմ ասած, մտահոգիչ վիճակում: Ես ուզում եմ հասկանալ, թե… ինչու մենք չունենք կահավորված առաջնագիծ»,- հետաքրքրվեց Թովմասյանը: Նիկոլ Փաշինյանը կտրուկ արձագանքեց. «Շատ դեպքերում, երբ մեր հանրային դիսկուրսը լսում եմ, ես հասկանում եմ, որ Ադրբեջանի հետախուզությունը շատ փող ծախսելու անհրաժեշտություն չունի: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ոչ միայն ադրբեջանցիները, այլեւ Դուք չեք կարող տեսնել այն ամեն ինչը, ինչ արվում է, որովհետեւ այդ արվողի հսկայական մեծամասնությունը արվում է գաղտնի»: Ստացվում է՝ անգամ եթե վարչապետին զեկուցվել է, որ առաջնագծում ինչ-որ բաներ են արվում,  ամեն դեպքում, երեկ սահմաններում տեղի ունեցածն իրոք մտահոգիչ է: Մասնավորապես, պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ երեկ՝ վաղ առավոտյան, ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Սահմանային նման շարժի մասին տեղեկություն էր առկա նաեւ Գեղարքունիքի մարզում: «Նոյեմբերի 9-10-ի չարաբաստիկ փաստաթղթի ստորագրումից հետո, երբ հանձնվեց Քարվաճառը, ադրբեջանական զինուժը դիրքավորվել է այդ հատվածներում՝ այնպիսի դիրքերում, որտեղ հնարավոր է եղել՝ պայմանավորված առատ ձյան հանգամանքով: Հիմա ձյունը հալվել է, նրանք իրենց տիրապետության տակ անցած հատվածներում առաջ են գալիս, դիրքավորվում են ավելի մեզ մոտ հատվածներում»,-հայտնել է անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Պատգամավորին փոխանցել են, որ Հայաստանի պետական սահմանի նկատմամբ որեւէ ոտնձգություն  չի իրականացվել Գեղարքունիքի մարզի հատվածում: Թշնամին առաջ է գալիս իրեն փոխանցված տարածքում:

 

 

Գործարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, որը գնել է նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը, այն գլխավորելով՝ կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս ամենից զատ, մեր տեղեկություններով, Արզաքանցյանը գնել է Երեւանում եւ մարզերում առկա գովազդային  վահանակները՝ իր բիզնեսը գովազդելու անվան տակ։ Սակայն հիմա պարզվում է, որ այդ գովազդային վահանակները պետք են արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար, որպեսզի իր քաղաքական գովազդն անի։ Նշենք, որ քարոզչապաստառների վահանակների ամսական վարձավճարը տատանվում է 70 հազարից մինչեւ 345 հազար դրամի սահմաններում: Հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության նպատակով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հատկացված է 735 վահանակ: Ամենաթանկ գները սահմանված են Երեւանի վերգետնյա 3 հետիոտնային անցումներին ամրացված էլեկտրոնային վահանակների համար՝ 338 հազար 400 դրամ:  Խոսքը Սեբաստիա փ.-ի վերգետնյա անցման, Բաբաջանյան փ.-ի վերգետնյա անցման եւ Շիրազի փ.-ի վերգետնյա անցման մասին է:  Այս գները վերաբերում են 5 քմ տարածքը գերազանցող վահանակներին, որոնք վճարովի են, սակայն, բացի դրանից, վահանակներ պետք է տրամադրվեն նաեւ անվճար:

 

 

Դեռեւս անցած տարի՝ դեկտեմբերին, հայրենի կառավարությունը «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին 10 տարով տրամադրված Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին ազատել էր 28 միլիոն դրամ հարկային պարտավորությունից։ Այնուհետեւ նույն ընկերությունը դիմել էր ՀՀ կառավարությանը՝ մինչեւ 2021 թվականի մարտի 31-ն իրեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վարձավճարի վճարման պարտավորությունից ազատելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այս ընկերության հանդեպ կառավարության սերը պայմանավորված է մի հանգամանքով. «Հայր եւ որդի Երեմյաններ» ընկերության ղեկավար Դավիթ Երեմյանը, պարզվում է, մտերիմ է իշխանության կարկառուն դեմքերի հետ: Երեմյանների գործերը սկսեցին լավանալ 2018 թվականից, իշխանությունները նրանց աջակցում են բոլոր հարցերում: Նշենք, որ «Հայր եւ որդի Երեմյաններ» ընկերությունն իրականացնում է հանրային սննդի կազմակերպում, ընկերությանն է պատկանում նաեւ «Էկո Ֆարմ»-ը (ընկերությունն իրականացնում է խոշոր եղջերավոր անասունների բուծում), «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցը, «Երեւանի շաուրմա»-ն, «Լավաշ» եւ «Շերեփ» ռեստորանների ցանցերը։ Եւ, ահա, Դավիթ Երեմյանն էլ, որպեսզի շնորհակալ լինի իշխանություններին, լուրեր են պտտվում, որ խոշոր գումար է փոխանցել «Իմ քայլ»-ի՝ դեռ ոչ պաշտոնապես գործող շտաբին, որպեսզի ընտրությունների ժամանակ ծախսեն, ու դա, լուրեր կան, որ արվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի միջոցով: Դավիթ Երեմյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, հերքեց այդ տեղեկությունը, ասաց, որ ինքը բիզնեսմեն է, ու իրեն պետք չէ ինչ-որ քաղաքական գործընթացների մեջ ներքաշել։

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԱԱԾ-ում քննվող քրեական գործից, որի շրջանակներում բացահայտվել է պետական դավաճանության դեպք: Մասնավորապես, երեկ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ ՀՀ բարձրաստիճան զինվորականը Վրաստանում պարբերաբար հանդիպել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցների հետ, նրանց փոխանցել պետական գաղտնիք հանդիսացող ինֆորմացիա եւ կալանավորվել է: Հետաքրքիր է, որ պաշտոնական հաղորդագրության մեջ թվեր նշված չէին, եւ, ըստ էության, պարզ չէր, թե այս դեպքը երբ է բացահայտվել, զինվորականը երբ է ինֆորմացիան փոխանցել, ինչը բավականին կասկածներ է առաջացնում: Եվ «ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ այս դեպքը տեղի է ունեցել 2011 թվականին, ավելին՝ զինվորականը նախկին թոշակառու է եւ ԱԱԾ-ում իր ցուցմունքում էլ ասել է, որ իր կողմից հայտնած տեղեկությունով այնպիսի վիճակ է ստեղծել, որ կարողանային գնալ Վրաստան, հանդիպել Ադրբեջանի հյուպատոսի հետ եւ նրան որեւէ վնաս պատճառել: Եվ այսօր տարակուսելի է, թե ինչու է ԱԱԾ-ն 2011 թ. դեպքի մասին հիմա հայտնում, երբ այդ անձն արդեն երկու տարուց ավելի է՝ կալանավորված է։ Պարզվում է՝ ԱԱԾ-ի այս նոր ոճը որդեգրել է կառույցի ներկայիս ղեկավարի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը՝ փորձելով ցույց տալ, թե իր նշանակվելուց հետո խոշոր լրտեսության բացահայտումներ են լինում։ Բայց, պարզվում է, կեղծ էր նաեւ այս ինֆորմացիան, թեեւ «Իմ քայլը»  խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հովանավորյալ պաշտոնյայից դժվար էր այլ լրջության քայլ սպասել։

 




Լրահոս