ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՆՉՎԵԼ Է «ՊԱՐՏՔԱՅԻՆ ՓՈՍԻՑ» ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ բնակչությանը տրամադրված վարկերին առնչվող հայտարարությունը ոչ միանշանակ արձագանք է գտել մասնագիտական հանրության եւ քաղաքական շրջանակներում: Որքանո՞վ է իրատեսական վարկերը զիջելը, ի՞նչ կառուցակարգերով է հնարավոր դա անել: Հնարավո՞ր է արդյոք: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, միջազգային փորձագետ Գագիկ Վարդանյանի հետ։

 

-Պարո՛ն Վարդանյան, ի՞նչ կարծիքի եք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարության վերաբերյալ:

-Հայտարարության մեջ ասվել է, որ Հայաստանում 2.2 մլն վարկառու կա: ՀՀ բնակչության թիվը 2.9 մլն մարդ է, այսինքն՝ ընտանեկան տնտեսությունների թիվը կազմում է մոտավորապես 740 հազար: Հետեւաբար յուրաքանչյուր ընտանիքին բաժին է հասնում 3 վարկառու: Ստացվում է, որ բոլոր ընտանեկան տնտեսությունները հայտնվել են «պարտքային փոսում»: Եթե նկատի առնվի, որ ընտանեկան տնտեսությունների մի փոքր մասը զերծ են մնացել «վարկավորման արատավոր շրջանում» հայտնվելուց, ապա կլինեն ընտանեկան տնտեսություններ, որոնք ունեն 5-6 վարկ ունեցողներ: Ինչպե՞ս է դա ստացվում: Երբ մի բանկից վերցրած վարկի դիմաց ամսական տոկոսները կամ, ըստ ժամանակացույցի, մայր գումարը հնարավոր չի լինում մարել, մարդիկ դիմում են վարկավորման այլ աղբյուրի, իսկ երբեմն հնարավոր չի լինում դա անել, եւ նրանց վարկերը դառնում են ժամկետանց, առաջանում են խնդիրներ. ժամկետանց վարկերի տոկոսադրույքներն ավելի բարձր են: Այսպիսով, անվանական տոկոսադրույքը վերածվում է «բարդ տոկոսի», մարդիկ վճարում են տոկոս տոկոսագումարների համար:

-Հավանաբար հայտարարությունը վերաբերել է հարյուր հազարավոր մարդկանց համար ցավոտ խնդրին, այն բանի կարեւորությանը, որ նրանց պետք է օր առաջ դուրս բերել «պարտքային փոսից», «վարկավորման արատավոր շրջանից»: Իրականում վարկերի մասնակի կամ ամբողջական ներում նախկինում էլ արվել է, սակայն ոչ զանգվածային: Այսպիսի իրավիճակ էլ չի եղել նախկինում: Ինչ վերաբերում է վարկերից ազատելուն, ապա, հավանաբար, խոսքը վերաբերել է տույժերն ու տուգանքները ներելուն եւ վարկերը վերակառուցքավորելուն: Ի դեպ, 2019թ. եղել է նախադեպ, երբ բնակչությանը կամ ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի մասով ներվեցին 20 հազարից մի փոքր ավելի վարկառուների տույժերը եւ տուգանքները, ընդհանուր առմամբ՝ 11.8 միլիարդ դարմի չափով:

-Ինչո՞վ է առանձնանում ստեղծված իրավիճակը, քանի որ քաղաքական գործիչները հանդես են գալիս առաջին հայացքից պոպուլիստական թվացող հայտարարություններով:

-Պետք է ընդունել, որ ստեղծված իրավիճակը մի քանի գործոնների մուլտիպլիկատիվ բացասական էֆեկտ է առաջացրել, եւ մարդկանց չի կարելի թողնել իրենց ֆինանսական խնդիրների հետ մեն-մենակ՝ անկախ այն բանից, թե որքանով է դրանում նրանց մեղքի բաժինը: Իսկ այդ գործոններից որոշները ինչպես գլոբալ, այնպես էլ լոկալ բնույթի են՝ «ոչ բռնի, թավշյա հեղափոխություն» եւ «հեղափոխությամբ ծնված» պատերազմ, կորոնավիրուսի համավարակ եւ տնտեսության մասնակի կանգ (համաշխարհային տնտեսության կանգի եւ համավարակով պայմանավորված սահմանափակումների ազդեցություն ազգային տնտեսությունների վրա): Այդ ամենը նախ առաջացրել են ֆինանսական դժվարություններ, որոնցով հարուստ էր 2020 թվականը, ընդ որում՝ շատերի մոտ դա շարունակվում է մինչ օրս, ավելին՝ դրանք առաջացնում են կուտակային էֆեկտ: Որոշ մարդիկ կորցրել են իրենց աշխատանքը եւ չեն գտել դրա համարժեք փոխարինում, որոշների աշխատավարձերը կրճատվել են, իսկ որոշների բիզնեսը սկսել է ավելի պակաս եկամուտ բերել: Միաժամանակ բարձրացել է վարկերի հասանելիությունը. մարդիկ ավելի հաճախ են գայթակղիչ առաջարկություններ ստանում բանկերից, ֆինանսական կազմակերպություններից: Անշուշտ, վարկերի խելամիտ օգտագործման դեպքում դա վատ չէ, բայց հասանելի վարկերը դառնում են չարիք հատկապես ֆինանսական գրագիտության ցածր մակարդակով մարդկանց համար, որոնց թիվը դեռեւս նշանակալի է:

Փաստորեն, կարելի է ասել, որ Ծառուկյանի հայտարարությունն առնչվել է մարդկանց «պարտքային փոսից», «վարկավորման արատավոր շրջանից» դուրս բերելուն, ինչի համար համապատասխան կառուցակարգերի գործադրումը կախված է ՀՀ կառավարության եւ ՀՀ կենտրոնական բանկի համատեղ ջանքերից եւ կամքից: Ամեն դեպքում, կպահանջվի խոր վերլուծություն յուրաքանչյուր վարկառուի մասով, կպահանջվեն ոչ ստանդարտ որոշումներ՝ նկատի ունենալով ստեղծված բարդ իրավիճակը: Գուցե հարցի հույժ հրատապությամբ է պայմանավորված եղել նշված հայտարարությունը, ինչն էլ հանգեցրել է լայն քննարկումների: Անկասկած, նման՝ հատկապես կառուցողական քննարկումների արդյունքում հնարավոր կլինի գտնել արդյունավետ լուծումներ:

-Հնչում են կարծիքներ, թե վարկերին առնչվող հայտարարությամբ ԲՀԿ առաջնորդը հակասահմանադրական քայլ է անում, փորձում է լեգիտիմացնել ընտրակաշառքը: Միաժամանակ հարց է բարձրացվում, թե վարկերն ում հաշվին եւ ինչպես են մարվելու:

-Նման հայտարարությունները նախ հարիր չեն տնտեսագիտության բնագավառի փորձագիտական, ակադեմիական հանրությանը: ՀՀ քաղաքացիների իրավունքների մասին կարող են արտահայտվել  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, համապատասխան փորձագետներ, ՀԿ-ներ:

Ամբողջ աշխարհում հասարակությունները ըմբռնումով են մոտենում ստեղծված իրավիճակին, փորձում են միասնական ուժերով հաղթահարել համավարակի առաջացրած դժվարությունները, իսկ մեզանում կոչ է արվում՝ «ամեն մեկն իր համար», այն էլ՝ պատերազմի եւ հետպատերազմյան, ազգային անվտանգության սպառնալիքներով լի զարգացումների խորապատկերին:

Ինչ վերաբերում է այն բանին, թե ում հաշվին է հնարավոր ներել որոշ քաղաքացիների վարկերը, ապա հարկ է նշել, որ երկրի ֆինանսական հատվածը ամենակայացածն է, իսկ բանկերի համար ստեղծված են լայն հնարավություններ, ինչի արդյունքում նրանց շահութաբերության մակարդակը, իրացվելիությունը բարձր են: Բավական է նշել, որ 2021 թվականի փետրվարի վերջի դրությամբ բանկային համակարգի ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթը կազմել է 10.3 մլրդ դրամ, իսկ նախորդ ժամանակաշրջանինը՝ 235. 6 մլրդ դրամ: Այնպես որ, ողջամիտ սահմաններում կարող է դիտարկվել վարկառուների նկատմամբ տարբերակված մոտեցումների կիրառումը՝ մեր նշած երեք տարբերակներով:

Ինչ վերաբերում է «ընտրակաշառքը լեգիտիմացնելու» մասին հայտարարությանը, ապա պետք է մի բան լավ ըմբռնել, որ որեւէ ընդդիմադիր քաղաքական գործիչ չի տիրապետում իշխանական լծակներին, նա ո՛չ կառավարություն է ներկայացնում, ո՛չ էլ Կենտրոնական բանկ, իսկ նման հայտարարությունը ենթադրում է տեւական աշխատանք ինչպես կառավարության հետ, այնպես էլ Ազգային ժողովում, ենթադրում է ինչ-որ օրենսդրական նախաձեռնություններ ստեղծված դրությունից դուրս գալու համար: Անշուշտ, կարելի է նաեւ մանիպուլացնել մարդկանց՝ ասելով, թե դա իրատեսական չէ. եթե իրատեսական չէ, ապա առաջարկե՛ք իրատեսական այլընտրանք:

Հայտնի է, որ հնարավոր կորուստների համար առեւտրային բանկերը կատարում են ընդհանուր եւ հատուկ պահուստավորում, ինչի հաշվին էլ դուրս են գրվում անհուսալի ճանաչված ակտիվները: Այսինքն՝ խնդիրը հանգում է «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման եւ հնարավոր կորուստների պահուստների ձեւավորման կարգ» -ով սահմանված ակտիվի դասը որոշելուն եւ առեւտրային բանկերի ներքին, խնդրո առարկային վերաբերող, կանոնակարգերը նոր իրողություններին համապատասխանեցնելուն: Ակնհայտորեն քննարկման առարկա չեն կարող լինել, օրինակ, «ստանդարտ» կամ «հսկվող» դասերին պատկանող վարկերը, իսկ այդ դասի վարկառուների մտքով էլ չի անցնի, որ իրենց իրավունքները ոտնահարված են: Այդուհանդերձ, նշված հայտարարության առանցքային գաղափարն այն է, որ մարդը չկորցնի իր տունը, ունեցվածքը, հողը, որոնք գրավադրվել են վարկի դիմաց:

-ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, արձագանքելով նշված հայտարարությանը, նշել է, թե դա խելամիտ առաջարկ չէ, տնտեսագիտական տրամաբանությունից դուրս է, ու ավելացրել. «Նախկինում էլ որոշակի խմբի վարկեր ներվել են, բայց հետո մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներվածների 50 տոկոսը հայտնվել է նույն վիճակում, որում հայտնվել էին ներվելուց առաջ»։

-Կարելի է համաձայնել ԿԲ նախագահի հետ՝ տնտեսագիտական տրամաբանության առումով: Իսկ ի՞նչ տրամաբանություն կար ԱՄՆ-ում, երբ 2007-2008 թթ. հիփոթեքային ճգնաժամ առաջացավ՝ ճանապարհ հարթելով համաշխարհային տնտեսական ճգնաժամին: Տնտեսագիտական ի՞նչ տրամաբանությամբ էր ա-ռաջնորդվում Արժույթի միջազգային հիմնադրամը, որի խորհուրդները հանգեցրին լատինամերիկյան երկրների ճգնաժամին: Իսկ մեր երկրում ո՞ր ոլորտներում կարելի է հանդիպել տնտեսագիտական տրամաբանության: Մեզանում շուկայական տնտեսությունը, ըստ էության, «կառավարվում է ձեռքի ռեժիմով»: Տնտեսությունը փոքր է, արտադրողականությունը՝ ցածր, ինչի պատճառով էլ դեռ տեւական ժամանակ կտեսնենք ինչպես կառավարության, այնպես էլ ԿԲ-ի «տեսանելի ձեռքերը» Ադամ Սմիթի «շուկայի անտեսանելի ձեռքի» կողքին: Իսկ ԿԲ նախագահի նշած նախկին «դառը փորձի» առումով հարկ է նշել, որ 50 տոկոս «փրկված» վարկառուները լավ ցուցանիշ է եւ «հաջողության պատմություն», որը պետք է շարունակել, քանի դեռ չի լուծվել տնտեսական զարգացման խնդիրը, քանի դեռ  տնտեսությունն ինովացիոն չէ, հետեւաբար քանի դեռ ցածր է մարդկանց կենսամակարդակը, ինչի պատճառով էլ նրանք տարիներ շարունակ կքում են վարկային բեռի տակ:

 

 

ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԾԵԾԿՌՏՈՒՔԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Կենտրոնի թաղապետարանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Մանուել Մարգարյանը ծեծի ենթարկվեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մտերիմ եւ վստահելի մարդկանց՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանի եւ թաղապետարանի աշխատակից Արման Դավոյանի կողմից:

 

Մանուել Մարգարյանը տեւական ժամանակ է, ինչ կռիվ է տալիս քաղաքապետ Հայկ Մարությանի անօրինականությունների դեմ: Իսկ կոնկրետ ի՞նչ անօրինականությունների մասին է բարձրաձայնել նա, որ Կենտրոնի թաղապետարանի իր բաժնում դաժան ծեծի ենթարկեցին: Մեզ հասած լուրերի համաձայն՝ Մ. Մարգարյանը կռիվ է տվել եւ պայքարել, որպեսզի մայրաքաղաքի սրտում տեղի ունեցող ապօրինությանը վերջ տրվի: Բանն այն է, որ Սայաթ-Նովա 5 հասցեում գտնվող շենքերից մեկի վրա շինարարություն է սկսվել, որը Կենտրոնի թաղապետի աշխատասենյակից պարզ երեւում է: Սակայն թաղապետարանը, քաղաքապետարանը այդ մասով կոնկրետ քալերի չեն գնացել, ու միայն Մանուել Մարգարյանն է, որ բարձրաձայնել է այդ ապօրինությունների մասին ու կռիվ տվել քաղաքապետարանի ու Կենտրոնի թաղապետարանի պաշտոնատար անձանց հետ, որ կանգնեցնեն շինարարությունը. դա անթույլատրելի է: Ի դեպ, Երեւանի «Լույս» Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը եւս ապօրինի շինարարության մասին բարձրաձայնել է 2020 թ. հունվարին: Եվ, ահա, ՔՊ անդամ Մանուել Մարգարյանը, Կենտրոնի թաղապետարանի եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի ապօրինություններին դեմ գնալով, ծեծի ենթարկվեց թաղապետարանում: Միջադեպի գործով Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանին եւ թաղապետարանի աշխատակից Արման Դավոյանին մեղադրանք է առաջադրվել:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԳՈՎԱԶԴԻ ԳՆԵՐԸ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզչական շրջանում 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու գները: Քարոզչապաստառների վահանակների ամսական վարձավճարը տատանվում է 70 հազարից մինչեւ 345 հազար դրամի սահմաններում: Հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության նպատակով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հատկացված է 735 վահանակ: Ամենաթանկ գները սահմանված են Երեւանի վերգետնյա 3 հետիոտնային անցումներին ամրացված էլեկտրոնային վահանակների համար՝ 338 հազար 400 դրամ:  Խոսքը Սեբաստիա փ.-ի վերգետնյա անցման, Բաբաջանյան փ.-ի վերգետնյա անցման եւ Շիրազի փ.-ի վերգետնյա անցման մասին է: M2 միջպետական մայրուղու, Երեւան-Եղեգնաձոր-Մեղրի-Իրանի սահման 122 կմ-ի ճանապարհի ձախ կողմում, Եղեգնաձոր քաղաքի մուտքի մոտ, ՀՀ ամենածանրաբեռնված մայրուղու համար նախատեսված է 6900 դրամ, իսկ, ահա, գովազդային պաստառի մոնտաժման, ապամոնտաժման գումարը 1ք/մ 1200 դրամ է: Բավականին բարձր վարձավճարներ են սահմանված նաեւ Սեւանի խճուղու, Երեւանի Իսակովի պողոտայի, Աթենքի փողոցի մի քանի վահանակների համար՝ 240 հազարից մինչեւ 280 հազար դրամ: Հավելենք, որ արդեն մի քանի վայրում այս պահին էլ առկա են գովազդային վահանակներ:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին. նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՖԱՐՄԱՆՅԱՆԻՆ

Տարոն Ֆարմանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Վանաձոր քաղաքի «Կենտրոն» համատիրության նախագահ, միասնական դիտավորությամբ, շարունակաբար, այլ անձանց կողմից օգտագործելու նպատակով կեղծել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր՝ փաստացի բնակության վերաբերյալ տեղեկանքներ:

 

9.986.000 ԴՐԱՄ Է ՀԱՓՇՏԱԿԵԼ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Դավիթ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քննությամբ դեռեւս չպարզված ժամանակահատվածում եւ հանգամանքներում անհայտ անձից ձեռք է բերել արտասահմանյան բանկերի տարբեր հաճախորդների պլաստիկ քարտերի՝ ապօրինին եղանակով պատրաստված բազմաթիվ՝ թվով 64 կրկնօրինակներ: Դիտավորությամբ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 9.986.000 ՀՀ դրամ գումար՝ արտասահմանյան տարբերի երկրների բանկերի հեղինակությանը պատճառելով բարոյական, ինչպես նաեւ նշված չափերով գույքային վնաս:

 




Լրահոս