ՊԱՇՏՊԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ՝ ԳԵՐԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«2021 թվականի մայիսի 11-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է. «Անցյալ տարվա նոյեմբեր ամսվա վերջին Հայաստանի զինծառայողների՝ Ադրբեջանի տարածք անօրինական ներթափանցելու, դեկտեմբեր ամսին ադրբեջանցի զինվորականների զոհվելու ու վիրավորվելու հետ կապված միջադեպերը Ադրբեջանի դեմ իրականացված ռազմական հանցագործություն են։ Ադրբեջանի հատուկ ծառայության մարմինների իրականացրած գործողությունների արդյունքում սադրիչ-դիվերսիոն գործողություն իրականացրած հայ զինծառայողներից մի քանիսը ոչնչացվել են, իսկ մի քանիսը՝ ձերբակալվել։ Ներկայումս նրանց հետ կապված քննչական գործողությունները շարունակվում են»: Հաշվի առնելով, որ հարցը վերաբերում է հայ գերիների իրավունքներին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի նշված պնդումները կոպտորեն ոտնահարում են միջազգային մարդասիրական իրավունքը, այդ թվում՝ մարդու իրավունքները:

 

Իրականությունն այն է, որ առկա է ընթացիկ, բայց զինված հակամարտություն: Միջազգային իրավունքի տեսանկյունից սա նշանակում է, որ, անկախ նրանից` 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո են գերեվարվել, թե ոչ, նրանք իրավական կարգավիճակով գերի են եւ պետք է ազատ արձակվեն անհապաղ, առանց որեւէ նախապայմանի: Այս հարցն ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում են՝ իրավական գործընթացների բացահայտ չարաշահմամբ, նրանց ներկայացնելով իբրեւ ահաբեկիչներ ու անազատության մեջ պահելը՝ միջազգային կանոնների խախտմամբ, օգտագործելով որպես պատիժ:

Մինչդեռ սա ավտոմատ կիրառման ենթակա միջազգային գործողության համընդհանուր պահանջ է, հակառակը կոպտորեն ոտնահարում է մարդու իրավունքների միջազգային պահանջները եւ միջազգային մարդասիրական իրավունքը, այդ թվում՝ Ժնեւի 1949թ. երրորդ կոնվենցիան: Գերիների ազատ արձակումը եւ վերադարձը պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների եւ մարդասիրական գործընթացի շրջանակում:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունները, գերիների ու անհայտ կորածների ընտանիքների բողոքների քննության արդյունքները շարունակաբար հաստատում են, որ ադրբեջանական իշխանությունները միջազգային պահանջների կոպիտ խախտմամբ արհեստական ձգձգում են հայկական կողմի գերիների ազատ արձակումը, դիտավորյալ չեն հայտնում գերիների իրական թիվը:

Նրանք այս քաղաքականությամբ խախտում են գերիների իրավունքները, հոգեկան տառապանքներ են պատճառում գերիների ու անհայտ կորածների ընտանիքներին, առաջացնում են լարվածություն հայ հասարակությունում:

Գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաեւ Ադրբեջանի իշխանության մարմինների հայատյացության ու թշնամանքի քաղաքականության համատեքստում։

Ուստի հաշվի առնելով միջազգային մարմինների մարդասիրական մանդատները եւ դերը մարդու իրավունքների (կյանքի իրավունքն առաջնահերթ) պաշտպանության հարցում` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է նրանց ուշադրությունը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի՝ միջազգային մարդասիրական իրավունքը, այդ թվում՝ մարդու իրավունքները խախտող նշված հայտարարությանը՝ բարձրացնելով գերիների ազատ արձակման ու վերադարձի ուղղությամբ վճռական միջոցներ ձեռնարկելու, խնդրի քաղաքականացումը դադարեցնելու հրատապ անհրաժեշտության հարց»։

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ Freedom House-ԻՑ

Freedom House-ի Եվրոպայի եւ Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը նոր հայտարարություն է տարածել եւ իր մտահոգությունը հայտնել Ադրբեջանի կողմից գերեվարված եւ ձերբակալված հայերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի եւ բռնության, այդ թվում` խոշտանգումների մասին ստացված հաղորդագրություններով: Freedom House-ն Ադրբեջանի իշխանություններին հորդորում է սերտորեն աջակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ջանքերին` հետաքննելու հայ ձերբակալվածների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ հաղորդումների վավերականությունը: Նշվում է, որ որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կողմ պետություն՝ Ադրբեջանը պարտավոր է սերտորեն համագործակցել դատարանի հետ եւ տրամադրել պահանջվող բոլոր տեղեկությունները:

Միեւնույն ժամանակ Freedom House-ի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Հայաստանի կառավարությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանում գտնվող հայ ձերբակալվածների ճակատագիրը պարզելու համար: Մարտի սկզբին ՄԻԵԴ-ը 188 հոգու համար ընդունել է միջանկյալ միջոցներ, որոնք ուղղված են անհատին պաշտպանելու հետագա ֆիզիկական վնասներից, քանի դեռ քննությունն ընթացքի մեջ է: Նկատենք, որ պաշտոնական Բաքուն արդեն հայտնել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դեմ քրեական գործերի ավարտի մասին։ Նրանցից յուրաքանչյուրի դեպքում առանձին քրեական գործ է հարուցված: Օրինակ, ըստ ադրբեջանական պաշտոնական մարմինների, լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը «պատերազմել է Ադրբեջանի դեմ՝ դրամական վարձատրության դիմաց»: Հայկական կողմի տարբեր տվյալներով` Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 72 գերի, իսկ Ադրբեջան է տեղափոխվել 16 անձ, այդ թվում՝ Արցախում 2014-ին երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված Շահբազ Գուլիեւն ու Դիլհամ Ասկերովը։

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձը դեռեւս չպարզված ավտոմեքենայով եկել էր Նար-Դոսի փողոցի 4-րդ շենքի բակ, ինքնաձիգից կրակել էր օդ ու հեռացել: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7,62 մմ տրամաչափի փամփուշտի 14 պարկուճ:

Էրեբունու բաժնի ոստիկանները, համագործակցելով ոստիկանության Երեւանի վարչության քրեական հետախույզների հետ, պարզել են, որ նշված բակում ինքնաձիգից օդ էր կրակել Վեդի քաղաքում բնակվող 28-ամյա տղամարդը, որը ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին՝ ներկայացնելով ինքնաձիգը: Տղամարդը ձերբակալվել է։ Ինքնաձիգն առգրավված է: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

 

 

ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ Է ԸՆՏՐՎԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով խարդախության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պարզվել է, որ 2020թ. դեկտեմբերի 25-ին Երեւանի բնակիչը խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի բնակչից առձեռն ստացել է գումար վարկ ստանալուն օգնելու պատրվակով։ Երեւանի բնակչին մեղադրանք է առաջադրվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 

 

ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵԼ Է

Քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվող, Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ 39-ամյա Վարդան Մինասյանը Արտաշատ քաղաքից Toyota մակնիշի տաքսի ավտոմեքենայով ուղղություն է վերցրել դեպի Երեւան:

Կասկածյալը տաքսի ավտոմեքենայով նախ հայտնվել է Արտաշատի ոստիկանների տեսադաշտում, ու արդեն երբ Toyota-ն մոտենել է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ 1-ին փողոցի 100 հասցեի դիմացի հատված, ՃՈ ծառայողը կանգնեցրել է ավտոմեքենան եւ պահանջել, որ վարորդը ներկայացնի ավտոմեքենայի փաստաթղթերը։ Վարորդը իջել է ավտոմեքենայից ու երբ մոտեցել է ՃՈ ծառայողին, ավտոմեքենայում գտնվողը առեւանգել է մեքենան: Սկսվել է հետապնդում, փախուստի դիմած ավտոմեքենան ընթացքում վնասել է մի քանի ավտոմեքենաներ, սակայն առեւանգողը չի կարողացել դիմել փախուստի: Նա հայտնվել է ոստիկանների շրջափակման մեջ, ու առեւանգված ավտոմեքենան վարած Վ. Մինասյանը վնասազերծվել եւ բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին։ Նա հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով։ Նա կասկածվում է Արարատի մարզի Նորաշեն գյուղի գյուղապետի պաշտոնակատար, «Իմ քայլի» անդամ Արտակ Հարությունյանի եղբորը՝ 33-ամյա Պետիկ Հարությունյանին դանակահարելու, նրա Porsche Cayenne-ը առեւանգելու մեջ։ Հայտնաբերված Porsche Cayenne-ը պատկանում է Արարատի մարզի Նորաշեն գյուղի գյուղապետի պաշտոնակատար, «Իմ քայլ»-ի անդամ Արտակ Հարությունյանի եղբորը՝  33-ամյա Պետիկ Հարությունյանին, ում ավտոմեքենան առեւանգելուց առաջ  դանակահարել էին:




Լրահոս