ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում կատարված քննության արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ, որ ՀՀ զինված ուժերում նախկինում մի շարք բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած զինվորականը կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս ՀՀ տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության, ինչպես նաեւ ստեղծելով կազմակերպված խումբ՝ առանց պետական գրանցման, հաշվառման եւ հատուկ թույլտվության, զբաղվել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությամբ` զուգորդված պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով, ապօրինի ձեռք է բերել եւ պահել ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, նռնակ, մարտական պայթուցիչներ:
Սույն քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված զինվորականը ծառայության մեջ գտնվելու ընթացքում ի պաշտոնե իրավունք է ստացել առնչվելու պետական եւ ծառայողական գաղտնիքին դասվող տեղեկությունների եւ այդ տեղեկությունները պարունակող փաստաթղթերի հետ:
Հիշյալ անձը, տարիներ առաջ գտնվելով Վրաստանի տարածքում, հայտնվել է այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում եւ հավաքագրվելով վերջինների աշխատակիցների կողմից՝ ստացել է կոնկրետ առաջադրանքներ, հանձնելու նպատակով հավաքել եւ իր մոտ պահել Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ, թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա պետության ներկայացուցիչներին փոխանցել ծառայության բերումով իրեն հասանելի դարձած փաստաթղթեր ու տեղեկություններ, ինչպես նաեւ թշնամական գործունեություն իրականացնելու համար ցույց տվել այլ օգնություն:
Ունենալով ֆինանսական խնդիրներ եւ նպատակ ունենալով պետական դավաճանություն կատարելու եղանակով ստանալ նյութական օգուտներ՝ թշնամական գործունեությամբ զբաղվող ադրբեջանական հատուկ ծառայությունների՝ ինքնությունը չպարզված ներկայացուցիչներից ընդունել է վարձատրության դիմաց ի վնաս Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների տարածքային անձեռնմխելիության ու արտաքին անվտանգության հանցավոր գործունեություն իրականացնելու առաջարկը, որից հետո ձեռնամուխ է եղել դրա իրականացմանը՝ օտարերկրյա կազմակերպության ներկայացուցիչների հետ մշակելով եւ ընտրելով ՀՀ պետական, այդ թվում՝ հակահետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից քողարկված եղանակներով նրանց հետ կապ հաստատելու, համապատասխան տեղեկություններ փոխանցելու եւ այլ օգնություն ցուցաբերելու տարբերակները:
Այնուհետեւ իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով հավաքել եւ սեփականության իրավունքով իրեն պատկանող առանձնատանը պահել է Հայաստանի եւ Արցախի զորամասերի, դրանց տեղակայման վայրերի, նշանակության, ստորաբաժանումների կազմի, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի քանակների ու տեսակների, մարտական զորավարժությունների անցկացման ռադիոտվյալների, պայմանականչերի, ռադիոցանցերի, ռադիոուղղությունների, կապի պլանների, հայկական բանակային կորպուսների դիմաց առկա թշնամական ուժերի, այդ թվում՝ տանկերի, մարտկոցների, ուժեղացման միջոցների, դրանց ընդհանուր թվաքանակի, թշնամու առաջնահերթ խոցվող օբյեկտների, դրանց կոորդինատների, չափերի, խոցման միջոցների, հրթիռների քանակի, ինչպես նաեւ հայկական կողմի մոտ առկա Ադրբեջանի ԶՈՒ, զորամասերի, միավորումների, ստորաբաժանումների, մարտական զրահամեքենաների, այդ թվում՝ հետեւակի մարտական մեքենաների եւ զրահափոխադրիչների, հրետանու, ականանետերի, հակատանկային միջոցների, զորային հակաօդային պաշտպանության միջոցների, դրանց տեսակների, քանակի, ՀՀ զինված ուժերում ծառայող, պահեստազորում հաշվառված անձանց եւ այլնի վերաբերյալ ծառայողական եւ պետական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող փաստաթղթեր եւ տվյալներ:
Պարզվել է, որ որպես մեղադրյալ ներգրավված զինվորականը ադրբեջանական հատուկ ծառայությունների՝ ինքնությունը չպարզված աշխատակիցներին հանդիպելու եւ նրանց համապատասխան տեղեկություններ փոխանցելու նպատակով անձամբ մեկնել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանատուն, չբացահայտվելու նպատակով քողարկել իր արտաքինը, դեսպանատան շենքում հանդիպել հատուկ ծառայությունների աշխատակիցներին եւ նրանց փոխանցել իրենից պահանջված եւ իր կողմից հավաքած պետական, ծառայողական գաղտնիք կազմող, ինչպես նաեւ ծառայության բերումով կամ անձնական կապերով իրեն հայտնի դարձած տեղեկությունները: Բարձրաստիճան զինվորականը ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Պետական դավաճանություն կատարելու, կազմակերպված խմբի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերի վնասի պատճառմամբ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու եւ ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու, փոխադրելու եւ պահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ գործն ըստ էության քննության առնելու նպատակով դատարան ուղարկելու համար:
ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Քաջարան համայնքի ղեկավարի նկատմամբ հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում որոշում է կայացվել քրեական գործով նախաքննության ավարտ հայտարարել:
Նկատենք, որ Մանվել Փարամազյանը Սյունիքի միակ համայնքի ղեկավարը չէ, որի մասով կա հարուցված քրեական գործ, սակայն առայժմ միայն իր մասով են իրավապահները նախաքննության ավարտ հայտարարել: 2020թ. Քաջարանի բնակչի եւ ընկերոջ միջեւ տեղի ունեցած վեճի հանգամանքները պարզաբանելու համար, Քաջարան համայնքի ղեկավարի կանչով, 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող, չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը եւ շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ընթացքում Քաջարանի 30-ամյա բնակիչը բռունցքով պատասխան հարված է հասցրել համայնքի ղեկավարի հորը:
Հավաքված բազմության ներկայությամբ հորը հարվածելու համար 30-ամյա տղամարդուն ցուցադրաբար պատժելու եւ իր հեղինակությունը վերահաստատելու նպատակով Քաջարան համայնքի ղեկավարը, նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործներ փողոցի 18-րդ հասցեում գործող ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով՝ ոլորելով 30-ամյա տղամարդու ձեռքերը եւ բռնելով ոտքերից, նրա կամքին հակառակ մտցրել են նույն համայնքի մեկ այլ բնակչի կողմից վարած ավտոմեքենան, բացահայտ առեւանգել են նրան ու դուրս հանելով բնական միկրոսոցիալական միջավայրից՝ տեղափոխել «Աժդանակ» ՍՊ ընկերության տարածք, որտեղ համայնքի ղեկավարը հրացանով կրակել է 30-ամյա տղամարդու ոտքերին, ծեծել նրան: Այնուհետեւ «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վերջինիս տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Քաջարան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առեւանգելը) 2-րդ մասի 1-ին կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:
Հիշեցնենք, որ նշված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել եւս 5 անձի:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
Երեկ բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողացել օգտվել հանրային տրանսպորտից, քանի որ երթուղի դուրս չէին եկել թիվ 35, 20, 5, 45, 38, 33, 26, 4 եւ մի շարք այլ երթուղիներ սպասարկող ավտոբուսներ: Նշված ավտոբուսների վարորդները հրաժարվել են դուրս գալ երթուղի. վառելիք չունեն: Վարորդները վաղ առավոտից բողոքի ակցիա էին անում։ Նրանց խոսքերով՝ տեւական ժամանակ է, ինչ «Սի-Փի-Էս Օիլ» ընկերությունն իրենց վառելիք չի տրամադրում, որ դուրս գան աշխատանքի: Վարորդների բողոքի ակցիայից մի քանի ժամ հետո հայտնվեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը եւ հայտարարեց, որ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի դիզվառելիքի մատակարարման խնդիրն այս պահին լուծվում է, մատակարարումը վերսկսվել է:
Այնուամենայնիվ, ArmLur.am-ը Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Էդգար Գալստյանից հետաքրքրվեց, թե ում աշխատանքի թերացման պատճառով է, որ ավտոբուսները երթուղի դուրս չեն եկել: Ի դեպ, ArmLur.am-ի այցի ժամանակ ավտոպարկ ժամանեց «Սի-Փի-Էս»-ի՝ բենզինով լցված մեքենան: Վարորդները ծափերով դիմավորեցին:
Մինչ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն պատճառաբանում էր, որ վառելիք մատակարարող CPS-ը չի կատարում իր պարտավորությունները, այս ընթացքում «Սի-Փի-Էս»-ը շտապեց հայտարարել, որ իրենք այս հարցում մեղավոր չեն:
Պարզվում է՝ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարտք է ընկերությանը: «Երեւանի Ավտոբուս» ՓԲ ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման եւ վճարման ոչ բարեխիղճ (պարբերաբար ուշացումներով) կատարման հետեւանքով «ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ» ՍՊ ընկերության նկատմամբ «Երեւանի Ավտոբուս» ՓԲ ընկերության պարտքը երկարատեւ ժամանակ կազմել է ավելի քան 190 միլիոն ՀՀ դրամ, ինչը ֆինանսական խնդիրներ է ստեղծում մեր ընկերության համար: «Երեւանի Ավտոբուս» ՓԲ ընկերության ղեկավարությունը ընդամենը մեկ օր առաջ է կատարել ընդհանուր պարտքի միայն մի մասի վճարումը (մայիսի 12-ի դրությամբ պարտքն ավելի քան 75 մլն ՀՀ դրամ է)։
«Եթե կարճ, ապա վառելիքի մատակարարման դադարեցման պատճառը մեր գործընկերների անբարեխիղճ վարքագիծն է։ Մենք վառելիք ենք տալիս, որի դիմաց ամիսներով չենք վճարվում, եւ չեն ընդունում պարտքերը, ինչպես բոլորը կվարվեին նման դեպքում։ Երբ համբերության բաժակը լցվում է, ստիպված ես լինում հետեւել պայմանագրի տառին»:
Թե այս պատմության մեջ ով է մեղավոր, ցույց կտա ժամանակը, բայց նկատենք, որ ոչ միայն «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավարությունը, այլեւ Երեւանի քաղաքապետարանը՝ սկսած քաղաքապետ Հայկ Մարությանից, թերացել են այս հարցում: